The Financial Times. Shutdown-ը պատիժ է ԱՄՆ քաղաքական գործիչների անհոգության ու անպատժելիության համար

The Financial Times. Shutdown-ը պատիժ է ԱՄՆ քաղաքական գործիչների անհոգության ու անպատժելիության համար

PanARMENIAN.Net - Հանրապետականներն ու ժողովրդավարներն այժմ նման են «Մեծն Գեթսբիի» Թոմին ու Դեյզիին, պնդում է The Financial Times-ի մեկնաբան Գիդեոն Ռահմանը՝ մեկնաբանելով բյուջետային ճգնաժամն ԱՄՆ-ում: «Նրանք նման են ամուսինների, որոնք վիճում են, սակայն նրանց վիճաբանությունից ավելի շուտ տուժում են պատահական անմեղ մարդիկ, քան իրենք: Կարծես, ԱՄՆ քաղաքական գործիչները վստահ են, որ նրանց տերության հարստությունն ու հզորությունը թույլ է տալիս իրենց անպատիժ անհոգություն դրսևորել, որը շատ շուտ կպատժվեր մի թույլ ու փոքր երկրում»,- ասվում է հոդվածում: Եվ իրոք, նախորդ «շաթդաունները» Վաշինգտոնի համար ոչ մի հետևանք չունեցան:

Արտերկրում ԱՄՆ ընթացիկ բյուջետային ճգնաժամը տարբեր է ընկալվում: Շատերը գիտակցում են, որ աշխարհը կարող է շատ տուժել Վաշինգտոնի այդ քմահաճույքից: Նրանք, ում նյարդայնացնում է ԱՄՆ առաջատարի դիրքը, չարախնդում են: Չինաստանը հիացած է՝ ԱԽՏՀ գագաթնաժողովում ԱՄՆ-ն չկարողացավ հաստատել առաջատարի իր դիրքը Ասիայում, քանի որ Օբաման չմասնակցեց գագաթնաժողովին: Իսկ Պուտինը «որոշակի հաճույք կստանա, երբ բոլոր շուկաները տեղեկացնեն ամերիկացիներին նրանց ոչ բավարար բացառիկության մասին», կարծում է Ռահմանը:

ԱՄՆ-ն գլոբալ տնտեսության համար այնքան կարևոր է, որ մնացած աշխարհին ձեռնտու է անտեսել Վաշինգտոնի ցնորքները, գրում է The Financial Times-ի մեկնաբանը

Սակայն հեղինակը զգուշացնում է. «Խելամիտ չէ կրկին ու կրկին «ռուսական ռուլետկա» խաղալ: Միանգամայն հնարավոր է, որ այս անգամ Կոնգրեսն, այնուամենայնիվ, այնտեղ փամփուշտ կհայտնաբերի», հայտնում է Inopressa.ru-ն:

Վերջին 17 տարում առաջին անգամ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը նոր ֆինանսական տարում բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև բյուջեի մասին վեճերը փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերն և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ հոկտեմբերի 17-ին գերատեսչության հաշվիների վրա կմնա 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ամենօրյա ծախսերը կազմում են 60 մլրդ դոլար: Մինչ այդ ժամկետը օրենսդիրները պետք է պայմանավորվեն պետպարտքի շեմի բարձրացման մասին:

Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքի մարումները հետաձգվեցին մինչև 1801 թվական:

«Մեծն Գեթսբին» հանրահայտ ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հայտնի վեպն է, որը լույս է տեսել 1925 թվականի ապրիլի 10-ին և ամերիկյան գրականությունում համարվում է «ջազի ժամանակաշրջանի»-ն հատուկ ստեղծագործություն: Ի տարբերություն սկզբնական շրջանի ստեղծագործությունների` հեղինակը զգուշորեն և մանրակրկիտ խմբագրում էր «Մեծն Գեթսբին», քանի որ հավատում էր՝ վեպը կարող է իրեն ճանաչում բերել: Ջեյ Գեթսբիի օրինակով հեղինակին հաջողվեց յուրահատուկ ներդաշնակությամբ պատկերել երազանքի ձգտումն և դրա անխուսափելի անկումը: Գրքում չկան ամբողջությամբ լավ կամ վատ հերոսներ, չկա սպիտակ և սև, ինչպես դա չկա կյանքում: 1998թ. «Մոդեռն Լայբրըրի» (“Modern Library”) հրատարակչությունը նրան շնորհում է 2-րդ տեղ 20-րդ դարի լավագույն 100 վեպերի ցուցակում:

Գրքի հիման վրա նկարահանվել է 5 ֆիլմ, վերջինը` 2012թ.:

Photo: policymic.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---