Նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում հայտնի էին արդեն երեկ

Նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում հայտնի էին արդեն երեկ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում այսօր ընթացողնախագահական ընտրությունների նախաշեմին՝ երեկ, սոցցանցերում քվեարկության արդյունքների մասին տեղեկություններ հայտնվեցին: Այդ մասին գրում է լրագրող Մովսուն Հաջիևը «Էխո Մոսկվի»-ի բլոգում:

Ըստ աղբյուրի, ընտրությունների արդյունքները՝ տոկոսի մեկ հարյուրերորդի ճշգրտությամբ, նշված էին IPhone-ի ու Android-ի համար նախատեսված հատուկ հավելվածներում, որոնք մշակել է «Happy Baku» ընկերությունը (ասվում է, որ մշակմանը մասնակցել է նաև Ադրբեջանի ԿԸՀ-ն):

Հոկտեմբերի 8-ին ակտիվացված հավելվածներում տեղեկություններ էին, որ գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 72,76 տոկոսը, միավորված ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին՝ 7,4 տոկոսը: Ըստ լրագրողների, տվյալների հրապարակումը տեղի է ունեցել «տեխնիկական սխալի» պատճառով:

Հավելվածի վրա ուշադրություն են դարձրել ադրբեջանական «Meydan TV» ռեսուրսի լրագրողները: Նրանք սքրինշոթեր են արել և հրապարակել Facebook-ում: Դրանից հետո, ըստ Հաջիևի, «Happy Baku» ընկերության գործադիր տնօրեն Վուսալ Իսաևը կապվել է «Meydan TV»-ի մենեջերի հետ և փորձել պայմանավորվել սքրինշոթերը հեռացնելու մասին, սակայն մերժվել է:

Քվեարկությունն Ադրբեջանում սկսվել է հոկտեմբերի 9-ին՝ տեղի ժամանակով 08:00-ին: Ըստ ԿԸՀ տվյալների, 10:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 18 տոկոս՝ քվեարկել է մոտ 930 հազար մարդ:

Միավորված ընդդիմության թեկնածու Հասանլին արդեն բողոքել է ընտրակեղծիքներից: «Մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ: Ցավոք, իշխանության ներկայացուցիչներից շատերը մասնակցում են ընտրակեղծիքներին»,- հայտարարել է նա, գրում է Lenta.ru-ն:

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջադրվել է նախագահության թեկնածու հերթական, արդեն երրորդ անգամ՝ դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Բացի նրանից ընտրություններին մասնակցում է 9 թեկնածու: Առաջին տուրում հաղթանակ տանելու համար հավակնորդը պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը:

Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: 2008 թվականին, երբ Իլհամ Ալիևը վերընտրվեց երկրորդ անգամ, նա, ըստ պաշտոնական տվյալների, հավաքեց ձայների 89 տոկոսը:

Photo: meydanTV
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---