Օբաման ու հանրապետականները չեն պայմանավորվել՝ դեֆոլտն իրական է, առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ

Օբաման ու հանրապետականները չեն պայմանավորվել՝ դեֆոլտն իրական է, առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կոնգրեսական հանրապետականների հետ արդյունավետ չեղավ և չլուծեծց պետհաստատությունների և պետպարտքի վերին շեմի ֆինանսավորման խնդիրները, հայտնում է Սպիտակ տունը: «Քննարկելով հետագա քայլերը՝ կոնկրետ որոշումներ չընդունվեցին: Նախագահը հուսով էր, որ առաջընթաց կգրանցվի կողմերի դիրքորոշման մեջ: Նրա նպատակն է ապահովել, որպեսզի մենք բոլորս կատարենք մեր պարտավորությունները, վերսկսենք պետհաստատությունների աշխատանքը և վերադառնանք տնտեսության աճի մասին հարցերին, աշխատատեղերի ստեղծմանը ու միջին դասի ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է ընդունել բյուջեն առանց առողջապահության բարեփոխման մասին դրույթը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու: Այդ պատճառով հոկտեմբերի 1-ին պետհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվեց: Արդյունքում շուրջ 800 հազար դաշնային պետծառայողներ արձակուրդ գնացին, ևս մեկ միլիոն աշխատակից աշխատում է առանց աշխատավարձի: Բարաք Օբաման և նրա ժողովրդավարական կուսակցությունը հայտարարում են, որ բարեփոխումների մասին օրենքն ընդունվել է երեք տարի առաջ և նրա գործողությունը չի կարող քննարկման առարկա դառնալ: Կոնգրեսը նաև չի բարձրացրել փոխառությունների լիմիտը, որն այժմ կազմում է 16,7 տրլն դոլար: Եթե այն մինչև հոկտեմբերի 17-ը չբարձրացնեն, ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում:

Նախօրեին երեկոյան նախագահը հանդիպել է Սպիտակ տանը հանրապետականների պատվիրակության հետ, որը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Կոնգրեսականներն առաջարկել են արտոնել ֆինանսների նախարարության փոխառությունները մինչև նոյեմբերի 22-ը, իսկ այդ ընթացքում բանակցել դեֆիցիտի կրճատման և հարկերի վերանայման շուրջ:

Չնայած նախագահի մերժմանը, հանրապետականների առաջարկը զգալի առաջընթաց է, քանի որ թույլ է տալիս վերսկսել բանակցությունները ապագա լսումների մանրամասենրի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, կողմերը մտադիր չեն նահանջել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասել է.«Մեր դիրքորոշումը շատ հստակ է. առողջապահության մասին օրենքն իսկական աղետ է, որը զգալիորեն կբարձրացնի ծախսերը, կկրճատի աշխատատեղերը»:

Դրան նախագահ Բարաք Օբաման պատասխանել է. «Նրանք սպառնում են ձախողել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը, եթե մենք չեղյալ չհամարենք առողջապահության մասին օրինագիծը: Նրանք մերժում են միլիոնավոր ամերիկացիների այդ պահանջը: Դա հետաքրքիր թեմա է մտորումների համար: Մեր հիմնական օրակարգը կապված է նրա հետ, որ 20 մլն մարդ չունի բժշկական ապահովագրություն: Իսկ նրանք պատրաստ են արգելափակել կառավարության աշխատանքն ու, հնարավոր է դեֆոլտ՝ առաջինը ԱՄՆ պատմության մեջ»:

Ժողովրդավարական մեծամասնաության առաջնորդը Սենատում՝ Հարրի Ռիդն ասել է. «Հանրապետականների կողմից շաբաթների սին քաղաքական խաղերից հետո, մենք մինչ օրս տեղից չենք շարժվել: Հանրապետականները պետք է արդեն որոշեն՝ հավանություն տալ բյուջետային ծախսերի մասին բանաձևին, թե թույլ տալ նոր ֆինանսական անկում»:

Մինչդեռ ԱՄՆ Ռեզերվային դաշնային համակարգը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում են հնարավոր մասնակի դեֆոլտի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, իրազեկ աղբյուրի վրա հղումով:

ՌԴԾ և ֆինանսների նախարարության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ռեպո շուկայի՝ կարճ ժամկետով միջբանկային վարկավորման վրա, որը հաճախ տրվում է պետական արժեթղթերի գրավի դիմաց: Շուկաները դեռ չեն հավատում դեֆոլտի հնարավորությանը, սակայն տոկոսադրույքները որպես գրավ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի դիմաց աճել են, հասնելով 5-ամսյա մաքսիմումի: Եթե Ռեպո 5-տրիլիոնանոց շուկան դժվարություններ ունենա, բանկերը կարող է լիկվիդայնության հետ կապված խնդիրներ ունենան, իսկ դա, իր հերթին, բացասական հետևանքներ կունենա ողջ տնտեսության համար:

Եթե փոխառությունների լիմիտը չընդլայնվի, ԱՄՆ-ն չի խուսափի դեֆոլտից, մասնավորապես վճարումների բարդ համակարգի պատճառով: Ֆինանսների նախարարությունն ամեն ամիս 80 մլն դոլար է վճարում պարտքի դիմաց:

Թե ինչ պլաններ են պատրաստում ՌԴԾ-ն ու ֆինանսների նախարարությունը, չի ասվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ԱՄՆ պետպարտքն արդեն հասել է վերին շեմին, որը հաստատվել էր մայիսին 16,7 տրլն դոլարի չափով: Աշխարհի խոշորագույն տնտեսության անկումը կապակայունացնի ֆոնդային հարթակները Բրազիլիայից մինչև Ցյուրիխ, ինչպես նաև կսառեցնի վարկավորման ծրագիրը, որը կախված է ԱՄՆ պետական թղթերից: ԱՄՆ դեֆոլտի վերջնական արդյունքը կլինի դոլարի անկումը և, որպես հետևանք, համաշխարհային տնտեսության ռեցեսիան, իսկ հետո դեպրեսիան:

Եթե արտաքին պարտքի վերին շեմի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չբերվի, ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում արդեն հոկտեմբերի 17-ին: Միևնույն ժամանակ փորձագետների մեծ մասը դա քիչ հավանական է համարում՝ ենթադրելով, որ նախագահն ու հանրապետական մեծամասնությունը համաձայնության կգան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---