14 հոկտեմբերի 2013 - 17:54 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերեվարված Ինջիղուլյանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, հանդիպմանը ռազմագերուն ընտանեկան բովանդակության տեղեկատվության են փոխանցել: ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ինջիղուլյանին են փոխանցել իր ընտանիքի ուղերձն ու հարազատների մասին որոշ տեղեկություններ:

Ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխվելու մասին Զառա Ամատունին ասաց, որ նման տեղեկատվության այս պահին չի տիրապետում:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է՝ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: Ըստ Սաիլովի, դիմումը նախարարների կաբինետում էր:

Սեպտեմբերի 19-ին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպմանը փոխնախարարը նշել էր, որ եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Բայց այդ դիմումի մասին լուրերը ԿԽՄԿ գրասենյակը մինչ օրս չի հաստատել: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: