«Վզգլյադ» օրաթերթ. ԱրմենՏելի հիմնական գնորդները կլինեն ՄՀՑ-ն, «Վիմպելկոմը» եւ «Ռոստելեկոմը»

PanARMENIAN.Net - «Հունական OTE հեռահաղորդակցային խումբը Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո, վաճառքի է հանել «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը: Գործարքի խորհրդատուն է HSBC բանկը: Վերլուծաբաններն ակտիվը գնահատում են 100 մլն դոլար: ԱրմենՏելի հիմնական գնորդները կլինեն ՄՀՑ-ն, «Վիմպելկոմը» եւ «Ռոստելեկոմը»,-գրում է ռուսական «Վզգլյադ» թերթը: «ԱրմենՏելը» հազիվ թե հետաքրքրի համաշխարհային խոշորագույն օպերատորներին, գտնում է «Սովլինկ» ներդրումային ընկերության վերլուծական բաժնի պետ Արիֆ Զեյնալովը: «Հայաստանի շուկան բավականին փոքր է եւ դժվար թե կարողանա մեծ եկամուտներ ապահովել, այդ պատճառով գնորդները կլինեն Հայաստանի հարեւան երկրների օպերատորները, առաջին հերթին ռուսական ընկերությունները»,-համոզված է Զեյնալովը:

ՄՀՑ եւ «Վիմպելկոմ» ընկերությունները հաստատեցին հետաքրքրությունը «ԱրմենՏելի» հանդեպ: Ընդ որում բջջային օպերատորների ներկայացուցիչները հրաժարվեցին գնահատել ակտիվի հնարավոր արժեքը:



Ըստ Ա.Զեյնալովի, «ԱրմենՏելի» գինը մեծ չի լինի մասշտաբների տեսակետից: OTE-ն ձեռք է բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը 1997 թվականին, այդպիսով ստանալով 15 տարվա մենաշնորհի իրավունք: Այդպիսով, եթե համաձայնագիրն ուժի մեջ մնա նաեւ նոր սեփականատիրոջ հետ, ապա նա իրավունք կստանա մենաշնորհը պահպանել եւս 6 տարի: Ելնելով այս հանգամանքից, կարելի է գնահատել ընկերության արժեքը, պարզաբանել է «ԶեբրաՏելեկոմ» ընիկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կուդրինը: «Հարկ է նշել, որ վերջերս վաճառքի էր հանվել «Վրաստանի էլեկտրակապը», եւ պաշտոնյաները գնահատեցին այն 50 մլն դոլար, ենթադրելով, որ սակարկությունների արդյունքում այն կհասնի 100 մլն դոլարի: Վրաստանում եւ Հայաստանում բաժանորդների քանակը մոտավորապես նույնն է: Համապատասխանաբար եւ ակտիվենրի արժեքը մոտավորապես նույնը կլինի»,-նշել է փորձագետը:



Բացի այդ, «ԱրմենՏելը» ռուսաստանցի օպերատորներին հետաքրքրում է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ակտիվ թրաֆիկի առկայության պատճառով: Ս.Կուդրինը ենթադրել է, որ հետաքրքրվող ընկերությունների թվում կարող է լինել նաեւ «Ռոստելեկոմը»: «Սակայն վերջին պահին խաղի մեջ կարող եմ մտնել տեղի խաղացողները: Այդպես եղավ, օրինակ, Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի մուտքի ժամանակ: Օպերատոր դարձավ «ՂարաբաղՏելեկոմը», եւ նրա ետեւում կանգնած մարդիկ շարունակում են էական կշիռ ունենալ Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում»,-ընդգծել է վերլուծաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---