7  06.11.13 - ՀՀ կառավարություն. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ

ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը

ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը: Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե պետք է հաշվի նստել Բաքվի դիրքորոշման հետ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության հարցում:

«Ղարաբաղի պատմությունը նոր չի ծագել, և չի առնչվում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Դրա համար կան այլ ձևաչափեր, կան մասնագետներ տարբեր երկրներից, որոնք զբաղվում են այդ հարցի կարգավորմամբ ու հանգուցալուծման ուղիների որոնմամբ»,- ասաց նա՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացներն այս դեպքում պետք է դիտարկել տնտեսական հարթությունում:

Վիկտոր Խրիստենկոն նշեց, որ երբեք տնտեսական զարգացումը չի վատթարացրել չկարգավորված իրավիճակներն ու հակամարտությունները, այլ, որպես կանոն, նպաստել է դրանց կարգավորմանը: «Ըստ իս, այսօրվա իրավիճակը Ղարաբաղի հարցում չի խոչընդոտում Հայաստանի մտադրություններին և չի բարդացնի, այլ, հավանաբար, կբարելավի ԼՂՀ շուրջ իրավիճակը»,- ասաց նա: Այնուամենայնիվ, Խրիստենկոն ոչ կոռեկտ համարեց մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը հարցի վերաբերյալ, քանի որ անձամբ այն չի լսել:

«Կարող եմ ասել, որ ՄՄ իրավունքի տեսակետից Միության անդամներից ու թեկնածուներից բացի այլոց կարծիքը չի պահանջվում: Անդամակցության փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրման, կստորագրեն 4 նախագահներ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի:

Խրիստենկոն նաև հայտարարեց, որ բազմաթիվ երկրներ են հետաքրքրվում ՄՄ ընդլայնման հեռանկարով, այդ թվում Հնդկաստանը, նրանց քանակը մոտենում է 36-ի՝ Վիետնամ, Նոր Զելանդիա, Շվեյցարիա և այլ երկրներ, բայց Թուրքիան այդ ցանկում չկա:

Իր հերթին Տիգրան Սարգսյանը ոչ կոռեկտ համարեց մեկնաբանել Բելառուսի և Նազարբաևի հայտարարությունները՝ ասելով, որ «դա լավ կլինի թողնել վերլուծաբաններին»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնումնոյեմբերին ՎիլնյուսումԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովումԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էին նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» է ստորագրվել: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---