Հայաստանի և Իրաքի տնտեսական գործակցությունը կարող է շարունակվել ՄՄ հարթակում

Հայաստանի և Իրաքի տնտեսական գործակցությունը կարող է շարունակվել ՄՄ հարթակում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-7-ին Երևանում իրաքյան ապրանքների ցուցահանդես է, այսօր՝ նոյեմբերի 7-ին, մեկնարկել է հայ-իրաքյան գործարար համաժողովը: Մեկօրյա համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է Իրաքի պատվիրակությունը` փոխվարչապետ, հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված է մոտ 50 պաշտոնատար անձ և իրաքյան բիզնես ոլորտի մոտ 70 ներկայացուցիչ։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև շինարարության ոլորտում գործակցության մասին պայմանագրի ստորագրում։

«Երևան» էքսպոկենտրոնում կայացած ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության համատեղ ջանքերով՝ հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

2013թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 50 մլն դոլար, հայ–իրաքյան բիզնես համաժողովի բացմանն իր ելույթում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը զարգացնելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել տրանսպորտային հաղորդակցության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, Հայաստանի և Իրաքի միջև օդային հաղորդակցությունը: Հարկավոր է նաև պարզեցնել վիզային ռեժիմը։

ՀՀ կառավարությունը խթանում է արդյունաբերական արտադրանքի արտահանումը` ընդգծելով, որ ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, բիոտեխնոլոգիայի և ոսկերչական գործի ոլորտներում առավելագույն ներուժ կա։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Իրաք արտահանված հայկական ապրանքների ծավալն 2012թ.–ին կազմել է 15,7 մլն դոլար, իսկ 2013թ.–ի ինն ամիսներին Իրաք արտահանված հայկական ապրանքների ծավալը, ըստ փոխվարչապետ, հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի, մոտ 30 մլն դոլար։ Իրաքի փոխվարչապետը հավելեց, որ Իրաքից Հայաստան հիմնականոււմ նավթամթերք է արտահանվում:

Իրաքի փոխվարչապետ, հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոշ Նուրի Շաուեյսը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը շնորհավորեց վերջինիս ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման առնչությամբ՝ նշելով, որ դա կնպաստի տնտեսական կապերի զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը: Իր հերթին Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանը կարող է Իրաքի և Մաքսային միության անդամների միջև կամուրջ հանդիսանալ:

Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» է ստորագրվել: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էին նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում նոյեմբերին ՎիլնյուսումԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---