Աժ-ում կրկին փորձում էին հասկանալ ու հասկացնել՝ արդյո՞ք ՀՀ-ն պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը

Աժ-ում կրկին փորձում էին հասկանալ ու հասկացնել՝ արդյո՞ք ՀՀ-ն պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն այսօր քննարկում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

«Մենք գտնում ենք, որ և 2007 թ. էր այն պահը, որ պետք է ճանաչեինք Արցախի Հանրապետությունը, և այսօր էլ այդ պահն արդիական է, կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են մեր երկու հանրապետությունների առջև»,- կիսադատարկ դահլիճին դիմել է Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով` ներկայացված օրինագիծը պետք է ոչ միայն քննարկվի, այլև հավանության արժանանա, գրում է «Հետք»-ը: Նախագծի հեղինակի համոզմամբ, Հայաստանի կողմից Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը մյուս պետություններին այդ գործընթացը սկսելու համար ազդակ կլինի.

«Փաստարկին, թե ճանաչելով կսկսվեն պատերազմական գործողություններ, պետք է հիշեցնեմ` այսօր էլ պատերազմը, ըստ էության, գոյություն ունի և այնպես չէ, թե խաղաղության պայմաններում ենք ապրում»,- պատգամավորի խոսքերն է փոխանցում Panorama-ն:

Բացի այդ՝ Փոստանջյանի համոզմամբ, եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու հնարավորություն ունենա, ապա կսկսի այն:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք նման նախագիծ ներկայացնելուց առաջ պատգամավորը հանդիպել է ԼՂՀ կառավարության ադամներին, ԼՂՀ վետերաններին կամ ժողովրդին, և արդյոք նրանք կիսում են իր կարծիքը։

«Եվ հետո, ո՞րն է այս ամեն ինչի իմաստը»,- հարցրել է Պետրոսյանը։

Զարուհի Փոստանջյանը նշել է, թե իմաստն այն է, որ այն մարտահրավերների պարագայում, «որոնց առաջ կանգնած ենք, բոլորիս պարտքն է անել այնպիսի քայլեր, որոնք բխում է հայ ժողովրդի շահերից»։Այնուհետև ասել, որ հանդիպել է թե՛ ԼՂՀ ժողովրդի, թե՛ իշխանության ներկայացուցիչներին, և նրանց կարծիքին ծանոթ է։

«Նրանք պահանջում են բոլոր հանրապետություներից, այդ թվում՝ Հայաստանից, ճանաչել ԼՂՀ անկախությունը»,- ժառանգական պատգամավորի խոսքերն է մեջբերում Tert.-am-ը։

Այս հարցում Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը.

«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար: Խոսքը վերաբերում է դե-յուրե ճանաչմանը, որովհետև դե-ֆակտո ՀՀ-ն վաղուց ճանաչել է ԼՂՀ անկախությունը, մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ»,- ասել է փոխնախարարը՝ նշելով, որ գոյություն ունի մոտ 100 պայմանագիր, որոնք կարգավորում են տարբեր դաշտերում ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները.

Քոչարյանը հիշեցրել է, որ իշխանությունը կողմ չէ, որպեսզի Ղարաբաղը ճանաչելով «մնանք միայնակ, ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում»:

«Դա ամենևին չի նպաստի բանակցային գործընթացում այն արդյունքին, որին մենք ձգտում ենք»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

Իր հերթին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի նախագծին կողմ է քվեարկելու և բացատրել՝ ինչու։

«Կողմ եմ քվեարկելու ոչ թե որովհետև դեմ եմ սառն ու պրագամատիկ հաշվարկին, այլ որովհետև հասկանում եմ օրվա իրավիճակը սառն ու պրագմատիկ, հատկապես հիմա, երբ պետք է ուղերձ հղել միջազգային հանրությանն ու սփյուռքի հայրենակիցներին առ այն, որ Հայաստանում կան մարդիկ, ուժեր, որոնք ՀՀ-ի անկախությանը հավատում են նույնպիսի ոգևորությամբ, ինչպես հավատում էին 88-ին։ Քվեարկելու եմ հանուն Հայաստանի և ԼՂՀ անկախության ու ընդդեմ սառն և պրագմատիկ հուսահատության»,- նշել է նա։

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման, «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը ժամանակավրեպ է համարում, այդ պատճառով էլ քվեարկությանը չի մասնակցի։ Այս մասին խմբակցությունը տեղեկացրել էր իր հայտարարությունում:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, այժմ այս նախագիծն ընդունելը չի բխում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի շահերից․

«Ցավում եմ, որ ԱԺ մեծամասնությունը նման պասիվություն ցուցաբերեց ու ներկա չեղավ քննարկմանը, մինչդեռ բոլորը ներկա պետք է լինեին, որ պատգամ ուղղեինք աշխարհին, որ որեւէ մեկը կասկած չունենա, որի վաղ թե ուշ ճանաչվելու է ԼՂՀ-ն»:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն էլ մտահոգություն է հայտնել, որ այս հարցը կարող է տապալվել միջազգային հանրության աչքում, եթե հանկարծ քվորում չապահովվի և դա շահարկումների խնդիր կարող է առաջացնել, գրում է «Ա1+»-ը:

Զարուհի Փոստանջյանը իր ելույթում նաև մեղադրել է իշխանություններին հայրենիքը վաճառելու, «հողերը տալու», «Արցախին տեր չկանգնելու», ոչ հայամետ փաստաթղթեր ստորագրելու ու նման այլ բաների մեջ: «Ձախողված պրոցեսի մեջ շարունակում եք ձախողել, այո, հենց դուք՝ իշխող կոալիցիան»,- ասաց նա` չհամաձայնելով այն ելույթներին, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ առաջնահերթ ձախողվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը: Փոստանջյանը խոստացավ, որ «Ժառանգությունը» այսուհետ էլ հետամուտ է լինելու Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ավելին, իրենք հետամուտ են լինելու նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի «օկուպացիայի» հարցերին:

Նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը նշել է, թե մինչև այժմ գոյություն ունի մի փաստաթուղթ, որում ամրագրված է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, ակնարկելով Րաֆֆի Հովհաննիսյանի արտգործնախարար եղած շրջանում զարգացած որոշ մշուշոտ իրադարձություններ, գրում է «Առավոտ»-ը:

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին` ներկայացնելով հիմնավորումները, որոնցից հիմնականն այն է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն այս պահին Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման ուղիղ հնարավորություն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---