Յանուկովիչն ասաց «ոչ» ԵՄ հետ համաձայնագրին

Յանուկովիչն ասաց «ոչ» ԵՄ հետ համաձայնագրին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «ոչ» է ասել Եվրամիության հետ համաձայնագրին, սակայն ԵՄ-ում այդ հայտարարությունը գնահատել են միայն որպես Յուլիա Տիմոշենկոյի հարցով վեճերում ԵՄ-ից առաջ անցնելու փորձ: Այդ մասին Reuters գործակալությանն են ասել դիվանագիտական շրջանակում:

Ըստ աղբյուրի, ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Յանուկովիչը հայտարարել է. «Ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս ինձ ստորագրել համաձայնագիրը»: Սակայն, ըստ աղբյուրի, Յանուկովիչը բլեֆի է դիմում, Եվրամիության կողմից առավել շահավետ ֆինանսական զիջումների հասնելու նպատակով՝ հաջորդ շաբաթ ԵՄ հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման դիմաց: «Ես վստահ եմ, որ նա դեռ բլեֆի է գնում: Նա իրեն է թանկացնում փոխհատուցում ու ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար»,-ասել է աղբյուրը:

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում համաձայնագրի ստորագրումը կնշանավորեր նախկին խորհրդային հանրապետության շարժը Ռուսաստանից դեպի Արևմուտք: Սակայն գագաթաժողովում հաջողության հույսը ստվերեցին վեճերը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագրի շուրջ, որը Յանուկովիչի ամենակատաղի հակառակորդն էր ու որին Յանուկովիչը 2010 թ. փետրվարին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց ոչ մեծ առավելությամբ:

2011 թ. 52-ամյա Յուլիա Տիմոշենկոն կալանավորվեց 7 տարով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Արևմտյան երկրների կառավարությունները նրա դատավարությունը համարում են քաղաքականապես պատճառաբանված:

Յանուկովիչը մտավախություն ունի, որ Տիմոշենկոյի քաղաքական ռեաբիլիտացիան կնվազեցնի 2015 թ. նրա վերընտրվելու շանսերը և չի շտապում ազատ արձակել նրան: Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Յանուկովիչն իր կարծիքը հայտնել է Արևելյան Եվրոպայի ինտեգրման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ «լարված ու նյարդային հանդիպման ժամանակ»: Ուկրաինան, որը դրամական միջոցների պակաս է զգում, 2014 թվականին մեծ վճարումներ ունի կատարելու արտաքին պարտքերի և ռուսական գազի դիմաց, գրում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Ուկրաինան մտադիր էր ասոցացման մասին համաձայնագիր կնքել:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---