Ինտերնետ առևտրի տեսակետից ամենախոստումնալից երկրների ցանկը կրկին գլխավորում է Չինաստանը

Ինտերնետ առևտրի տեսակետից ամենախոստումնալից երկրների ցանկը կրկին գլխավորում է Չինաստանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից է էլեկտրոնային առևտուրը: Ինչպես վկայում են միջազային խորհրդատվական A.T.Kearney ընկերության տվյալները, վերջին 5 տարում այդ ոլորտի շահույթն աճել է միջինը 17 տոկոսով, հայտնում է « Deutsche Welle»-ն:

Առավել բարձր տեմպեր են արձանագրվել Լատինական Ամերիկայում՝ 27 տոկոս և Հարավ-Արևելյան Ասիայում՝ 25 տոկոս: A.T.Kearney ընկերությունն, ուսումնասիրելով էլեկտրոնային առևտրի ոլորտը 186 պետություններում, երկրորդ տարին է կազմում է գլոբալ վարկանիշ՝ Global Retail E-Commerce Index: Հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են շուկայի չափերը, սպառողների վարքագիծը, ենթակառուցվածքներն ու աճի ներուժը:

Այս տարի ինտերնետ առևտրի տեսակետից ամենախոստումնալից երկրների ցանկը կրկին գլխավորում է Չինաստանը, որին հաջորդում են Ճապոնիան ու ԱՄՆ-ն:

Չինաստանը, որը հեղինակները համարում են «ընդլայնվող առցանց կայսրություն», արդեն այժմ մանրածախ էլեկտրոնային առևտրի ամենամեծ շուկան ունի ԱՄՆ-ից հետո: Այստեղ է բնակվում աշխարհի ինտերնետի օգտատերերի մեծ մասը՝ 517 մլն և ամենից շատ առցանց գնորդները՝ 220 մլն: Բնակչության աճող բարգավաճման և իշխանությունների նպատակային գործողությունների պայմաններում չինական շուկայի ծավալն առաջիկա տարիներին 64 մլրդ դոլարից կհասնի 271 մլրդ դոլարի: Աշխարհի ամենահեռանկարային շուկաների տասնյակում են նաև երեք արևմտաեվրոպական շուկաներ՝ Մեծ Բրիտանիայինը (4-րդ տեղ), Գերմանիայինը (6-րդ տեղ) և Ֆրանսիայինը (7-րդ տեղ): Ընդ որում այդ տարածաշրջանում ամենամեծ աճը գրանցվել է Գերմանիայում, որտեղ շրջանառությունը տարեկան կաճի 12 տոկոսով:

A.T.Kearney վարկանիշում Ռուսաստանը 13-րդ տեղում է՝, Սինգապուրից ու Արգենտինայից հետո և Հոնկոնգից ու Իտալիայից առաջ: Ռուսական շուկայի ծավալը հասնում է 10 մլրդ դոլարի, մինչև 2018 թ. ակնկալվող տարեկան աճի տեմպերը գնահատվում են 18 տոկոս: Արդեն այժմ 33 մլն ռուսաստանցիներ գնումներ են կատարում ինտերնետում:

Փորձագետները 30 երկրների վարկանիշը բաժանել են երեք խմբի: Ռուսաստանը Չինաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Իտալիայի, Սլովակիայի, Չիլիի, Թուրքիայի, Վենեսուելայի, Էմիրությունների, Իռլանդիայի ու Մալայզիայի հետ դասվել է ինտերնետ շուկայի «նոր սերնդին»: Այդ երկրները մեծ ներուժ ունեն, բայց և մեծ խնդիրներ մի քանի առանցքային ոլորտներում՝ համացանցի մատչելիություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ, ֆինանսական համակարգեր:

ԱՄՆ-ն, Գերմանիան ու Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներն ու Սկանդինավիայի երկրները դասվել են «ձևավորվող ու աճող շուկաների» շարքին: Նրանց բնորոշ են ինտերնետի մատչելիությունը և օգտատերերի բարձր ակտիվությունը, ինչը մեծ հնարավորություններ է բացում առցանց վաճառքների աճի համար նոր շուկայական ռազմավարության որդեգրման դեպքում: Առանձին խումբ են կազմում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների պետությունները զարգացած էլեկտրոնային ենթակառուցվածքներով՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Հոնկոնգն ու Նոր Զելանդիան: Այդ երկրների բնակչությունն ակտիվ օգտվում է նոր տեխնոլոգիաներից ու նորարարական մոդելներից: Շուկաներն արդեն հարաբերականորեն հագեցած են, ուստի աճի տեմպերն արդեն այդքան բարձր չեն, փոխարենը սպառողները հիանալի հմտություններ են ձեռք բերել առցանց առևտրի ոլորտում:

A.T.Kearney ընկերությունը գործում է 1926 թվականից, գրասենյակներ ունի 39 երկրներում, հայտնում է finmarket.ru-ն: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը չկա այս վարկանիշային ցուցակում, ըստ տեղի մասնագետների, մեր երկիրը բավականին մեծ ներուժ ունի էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտում: Վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց համացանցից օգտվողների թվի աճին: 2013 թվականից սկսած էապես ավելացել է ինտերնետ-խանութների քանակը, ինչպես նաև գրանցվել է այս ոլորտում դրամական միջոցների շրջանառության կտրուկ աճ:

Ըստ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանի, 2012թ. սեպտեմբերից սկսած մինչև 2013թ. ապրիլի վերջի դրությամբ ընդհանուր դրամական շրջանառությունը կազմել է 63 000 000 ՀՀ դրամ: Ընդ որում` 01.09.2012թ-ից 31.12.2012թ. ընկած ժամանակահատվածում այն կազմում էր ընդամենը 13 000 000 ՀՀ դրամ` 2013թ. 4 ամիսների ընթացքում հասնելով մոտ 50 000 000 ՀՀ դրամի: Վերոնշյալ ծառայությանը միջինը ամսական միանում են երկու առևտրային կետ: Էլեկտրոնային առևտրի ոլորտում կան նաև որոշակի խնդիրներ, մասնավորապես, կապված օրենսդրական դաշտի, հարկային, մաքսային ու վճարահաշվարկային խնդիրների հետ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել, թե ինչ է էլեկտրոնային առևտուրը, զարգացնել այդ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, ինչպես նաև ուսումնասիրել էլեկտրոնային առևտրի վերաբերյալ միջազգային փաստաթղթերը:

Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրենի, Հայաստանն էլեկտրոնային առևտրի իրականացման երեք ուղղության կարիք ունի: Առաջինը՝ Հայաստանի ներսում առևտուրը, որը կարող է փոխել շրջանների հետ կապը՝ էականորեն մեծացնելով ներքին առևտրի ծավալները: Երկրորդ՝ մտավոր ռեսուրսի արտահանումն է երկրից, այսինքն՝ էլեկտրոնային առևտրի գործիքների ներդրումը թույլ կտա մեր մասնագետներին իրենց ստեղծած պրոդուկտները վաճառել էլեկտրոնային առևտրի ձևով: Երրորդ ուղղությունը ապրանքի ներմուծումն է Հայաստան, որի միջոցով մոնոպոլ շուկաններն արդեն չեն կարող այդ մոնոպոլ վիճակը երկար պահպանեն և գների բալանսավորում տեղի կունենա, հայտնում է panorama.am-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---