Կխուսափի արդյո՞ք Ուկրաինան մասնատումից Արևմուտքի և Արևելքի

Կխուսափի արդյո՞ք Ուկրաինան մասնատումից Արևմուտքի և Արևելքի

PanARMENIAN.Net - Իրադարձություններն Ուկրաինայում գնալով ավելի ու ավելի են հիշեցնում ընդվզման մասին՝ «անիմաստ ու դաժան» հայտնի խոսքերը: Թվում էր, թե նարնջագույն հեղափոխությունը պետք է ինչ-որ բան սովորեցներ ուկրաինացիներին, որ Մայդանում հանրահավաքներն աղքատությունից ու գործազրկությունից ազատվելու միջոց չեն: Եվ անշուշտ, դա այն ճանապարհը չէ, որ Եվրոպա է տանում: Իսկ հիմա ամեն ինչ գնում է դեպի արտակարգ դրության սահմանում, «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտից առաջ երկրի ունեցած կարգավիճակը, այսինքն երկիրը կարող է բաժանվել Արևմտյան և Արևելյան մասերի: Կշահեն դրանից, գուցե, շատերը, բայց ոչ ուկրաինացիները, որոնք նորից տեղի տվեցին այս անգամ «նոր հեղափոխականներին»: Բայց դե Կլիչկոն Յուշչենկոն չէ, Յանուկովիչն էլ Կուչմայից ավելի կոշտ է գործում:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կիևում տուժած ցուցարարների թիվը հասնում է 165-ի, նրանցից 109-ը տեղափոխվել է հիվանդանոց և սա դեռ սկիզբն է: Մինչև այդ հայտարարվել էր 112 տուժածի ու 42 հոսպիտալացվածի մասին: Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ակցիաները սկսվեցին նոյեմբերի 21-ին, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ հետ ասոցացման համաձայնության ստորագրման նախապատրաստման կասեցման մասին: Շաբաթ օրը հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի անդամները ցրեցին Կիևի կենտրոնի «եվրամայդանը»: Կիրակի ցուցարարները կրկին հավաքվեցին հրապարակում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին:

Ուկրաինայի ոստիկանությունը 12 քրեական գործ հարուցեց: Կիևի դատարանն արգելեց դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 7-ը զանգվածային ցույցերը քաղաքի կենտրոնում: Հասկանալի է, որ ոչ ոք այդ որոշումը չի կատարելու: Դեկտեմբերի 1-ին Կիևի միլիցիայի պետ Վալերի Կորյակը, որը նախօրեին հայտարարել է, որ անձամբ է որոշում կայացրել հատուկ ջոկատ «եվրամայդան» ուղարկելու մասին, հրաժարական է տվել: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն ներողություն է խնդրել «եվրամայդանը» ցրելու ժամանակ ավելորդ ուժի կիրառման համար և հայտարարել, որ կտրականապես դեմ էր ուժի կիրառմանն ու այդ դիրքորոշումը հասցրել է իր ենթականերին: Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լյովոչկինը: Ըստ ԶԼՄ-ների, պաշտոնանկության մասին որոշման պատճառ դարձավ Կիևի կենտրոնում ակցիան ցրելու հետ նրա անհամաձայնությունը:

Բոլոր այս պաշտոնանկություններն ու ներողությունները մեծ հաշվով ոչ ոքի հարկավոր չեն և հազիվ թե կարող են հաշտեցնել հանրահավաքի մասնակիցներին: Եվ ինչն է հետաքրքիր՝ դեռ ոչ մի երկիր հանրահավաքներով Եվրոպա չի հավակնել մտել, ուկրաինացիներն առաջինն են և հուսանք, որ վերջինը կլինեն: Եվրոպան պետք է մտածի՝ արդյոք նրան պետք է աղքատ ու չափից դուրս հավակնոտ երկիրը, նույնիսկ եթե կարելի է դրանով վատություն անել Ռուսաստանին: Եվրոպան ինքը լավագույն վիճակում չէ:

Եվ բոլորովին անհեթեթ է Սպիտակ տան կայքում հայտնված խնդրագիրը, որտեղ «Ուկրաինան ռազմական աջակցություն է խնդրում բռնապետության դեմ»: Այս նյութի հրապարակման պահին խնդրագրի օգտին քվեարկել էր 9 հազար մարդ: Եթե այն 100 հազար ձայն հավաքի, Սպիտակ տունը պարտավոր կլինի այն պաշտոնապես քննարկել: Հավանաբար, Ուկրաինան ուզում է ԵՄ մտնել, կամ, հակառակ դեպքում, Յանուկովիչից ազատվել ԱՄՆ հատուկջոկատայինների օգնությամբ… Մեկնաբանություններն ավելորդ են: Եվ վերջինը. սոցցանցերով տարածվել է մարդկանց հսկայական քանակով Մայդանի լուսանկարը: Մակագրությունում ասվում է, որ այդտեղ մոտ մեկ միլիոն մարդ է հավաքվել:

Մինչդեռ, ինչպես պարզել է Vetsi.ua-ն, լուսանկարն արվել է Կիևում Queen–ի համերգին: «Սա մեր հանրահավաքը չէ: Սա լուսանկար է Queen համերգից»,- ասել է Կիևռադայի պատգամավոր Ալեքսեյ Դավիդովը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---