Սկսվել է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան, որտեղ նրան դիմավորում են բողոքի ակցիաներով

Սկսվել է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան, որտեղ նրան դիմավորում են բողոքի ակցիաներով

PanARMENIAN.Net - Պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի ինքնաթիռը հաշված րոպեներ առաջ վայրէջք է կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Վլադիմիր Պուտինին դիմավորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Գյումրիում և Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Երևանում նախագահի նստավայրում տեղի կունենան երկկողմանի բանակցություններ: Կողմերը կքննարկեն Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը, կարծիքներ կփոխանակվեն ընթացիկ փուլի ու Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալուն առնչվող հարցեր: Կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը:

Այցի արդյունքները կամփոփվեն Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստան ՌԴ նախագահի այցի շեմին որոշ երևանյան փողոցներում հայտնվեցին հակառուսական պաստառներ: Ըստ լուսանկարների, որ օգտատերերը զետեղել են Facebook-ում, գիշերը մայրաքաղաի վերգետնյա անցումներից շատերի վրա անհայտ մարդիկ պաստառներ են կախել հակառուսական կարգախոսներով՝ դրանով իրենց դժգոհությունը հայտնելով Պուտինի այցի և ՄՄ-ին անդամակցելու մտադրության դեմ:

Ցանցում տարածված հոլովակներից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում ակտիվիստներից մեկին և տանում են ոստիկանության մեքենայով:

Ավելի վաղ, ինչպես հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, մի շարք կուսակցություններ ու հսարակական կազմակերպություններ, որոնք դեմ են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, հայտարարել էին, որ մտադիր են դեկտեմբերի 2-ին բողոքի ակցիա կազմակերպել Երևանի կենտրոնում:

Ցուցարարները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղից երթով գնում են Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան փողոց-նախագահի նստավայր երթուղով:

Նախաձեռնող խմբում են «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Ազգային ինքնորոշում» միավորում» և «Հայազան» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ասպարեզ» լրագրողական ակումբի» ներկայացուցիչները:

Այսօր, դեկտեմբերի 2-ին վաղ առավոտյան Երևանի կենտրոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց «Միասնական խաչ» հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը, հայտնում է mir24.tv-ն:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: 4,5 մ բարձրությամբ «Միասնական խաչ» հուշարձանը սպիտակ գրանիտից է, այն պատկերում է երկու կանանց, որոնք մարմնավորում են հայ և ռուս ժողովրդներին, որոնք գլուխ են խոնարհել միասնական հավատի խաչի առաջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---