Ալեքսանդրիայում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին

Ալեքսանդրիայում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ալեքսանդրիայում ցուցարարներին ցրելու համար: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Եգիպտոսի քաղաքացիները փողոց են դուս գալիս, բողոքելով հանրահավաքների մասին օրենքի դեմ, որը նախորդ կիրակի օրը ստորագրել է երկրի ժամանակավոր նախագահը, որով արգելվում են չարտոնված հանրահավաքներն ու ցույցերը:

Այժմ քաղաքական և հասարակական միավորումները պարտավոր են ՆԳՆ նախնական թույլտվությունը ստանալ երեք աշխատանքային օր առաջ: Չարտոնված են համարվոըւմ «քաղաքական դրդապատճառներ ունեցող հավաքներն ու երթերը կրոնական վայրերում»: Ապօրինի են համարվում միջոցառումները, որոնք խախտում են «հասարակական անվտանգությունն ու կարգը, խանգարում են տրանսպորտի երթևեկությանն ու կոմունալ ծառայությունների աշխատանքին, որոնք ռիսկի են ենթարկում քաղաքացիներին և սպառնում են պետական ու մասնավոր սեփականությանը»: Ցանկացած ակցիաների մասնակիցներին արգելվում է զենք ու զինամթերք կրել, պայթուցիկ նյութեր ունենալ: Իրավախախտներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում ու մեծ տուգանքներ:

Մի շարք քաղաքական գործիչներ դեմ են դրան, համարելով, որ եգիպտացիները պետք է խաղաղ երթերի իրավունք ունենան, իսկ օրենքը «վերադարձնում է Հոսնի Մուբարաքի ժամանակները»:

Դիտորդները նոր օրենքը կապում են նաև նոր Սահմանադրության նախագծի հետ, որի մշակումը նախօրեին ավարտել է Եգիպտոսի հատուկ հանձնաժողովը: Ըստ նախագծի, ամրապնդվում է բանակի դերը երկրի կառավարման գործում, մինչև ժողովրդավարությանն անցնելը, գրում է euronews-ը: Նոր սահմանադրության նախագիծը Եգիպտոսին կզրկի Խորհրդատվական խորհրդից, ինչպես նաև կարգելի կրոնական հողի վրա քաղաքական կուսակցությունների ստեղծումը:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

30 տարի Եգիպտոսը կառավարած Հոսնի Մուբարաքը պաշտոնանկ արվեց 2011 թ. փետրվարի 11-ին 18 օր տևած ժողովրդական ցասման ալիքից և անկարգություններից հետո, երբ 800 մարդ զոհվեց և մի քանի հազար վիրավորվեց: Մեկ տարվա ազատազրկումից հետո, նա ազատ արձակվեց բանտից և տնային կալանքի տակ էր: Դատարանն ապացույցներն անբավարար համարեց: Մուբարաքի հետ միասին ազատ արձակվեցին նրա որդիներ Գամալն ու Ալաան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---