Պան Գի Մուն. Իրանը պետք է մասնակցի Սիրիայի գծով «Ժնև-2»-ի աշխատանքին

Պան Գի Մուն. Իրանը պետք է մասնակցի Սիրիայի գծով «Ժնև-2»-ի աշխատանքին

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դեռ որոշում չի կայացրել հունվարի 22-ին Սիրիայի խաղաղ կոնֆերանսի՝ «Ժնև-2»-ի մասնակիցների ցուցակի վերաբերյալ, սակայն, նախկինի պես, գտնում է, որ հրավիրվածների թվում պետք է լինի Իրանը: Այդ մասին նա հայտարարել է Լիմայում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ ղեկավարը հույս է հայտնել, որ մասնակիցների ցուցակը կհամաձայնեցվի նախնական հանդիպմանը, որը կանցնի դեկտեմբերի 20-ին Ժնևում ՄԱԿ, ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Անշուշտ, հարցն այն է, թե հարկավոր է արդյոք այդ հանդիպմանն Իրանին հրավիրել: Ես և հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին նախկինում արդեն ասել ենք, որ Իրանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը»,-ասել է Պան Գի Մունը՝ նշելով, որ Թեհրանը կարող է կարևոր դերակատարություն ունենալ սիրիական կարգավորման հարցում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում: «Սակայն, ես դեռ որոշում չեմ կայացրել: Այդ հարցը որոշվելու է շահագրգիռ կողմերի խորհրդակցություններում, ես հուսով եմ, որ կկարողանամ հրավերներ ուղարկել մինչև ամսվա վերջ»,-ասել է քլխավոր քարտուղարը:

Անցած շաբաթ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ երկիրը պատրաստ է մասնակցել «Ժնև-2»-ին առանց նախապայմանների, եթե հրավեր ստանա: Հրավերին երկար ժամանակ դեմ էր սիրիական ընդդիմությունը, որը մեղադրում է Թեհրանին ներքին հակամարտությանը միջամտելու մեջ:

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնեց, որ Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը կհրավիրվի հունվարի 22-ին: ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կոչ արեց կառավարությանն ու ընդդիմությանը որքան հնարավոր է շուտ որոշել մասնակիցների կազմը և հույս հայտնեց, որ կողմերը կդադարեցնեն կրակը, չսպասելով խորհրդաժողովի մեկնարկին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 126 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---