«Զերկալո». Ադրբեջանական տնտեսությունը կախված է «նավթային ասեղից»

«Զերկալո». Ադրբեջանական տնտեսությունը կախված է «նավթային ասեղից»

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական տնտեսությունը կախված է «նավթային ասեղից», մենք կարող ենք ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվել, եթե «սև ոսկու» գները կտրուկ անկում ապրեն: Ընդ որում, կտրուկ գնանկումն, օրինակ, կարող է Իրանը հրահրել»,-գրում է թերթը: Ըստ թերթի, Ադրբեջանը նույնիսկ պատրաստ չէ նրան, ինչ վերջերս տեղի ունեցավ ԱՄՆ-ում, երբ բյուջետային անհամաձայնությունների պատճառով տասնյակ հազարավոր պետծառայողներ դուրս չէին գալիս աշխատանքի: Պատճառն այն է, որ զարգացած երկրներից շատերում բիզնեսի հիմքը կազմում է մասնավոր հատվածը, և զբաղված բնակչության հիմնական մասը հենց այդ ոլորտում է գործում: Սակայն, Ադրբեջանում, ըստ Պետվիճակագրական կոմիտեի, նոյեմբերի 1-ին էկոնոմիկայում զբաղված էր 1505,6 հազար մարդ, որից 901,8 հազարը՝ պետական հատվածում: Պետական հատվածում աշխատատեղերի քանակն աճում է առաջանցիկ տեմպերով:

Հեղինակը նշում է, որ վերջերս ադրբեջանցի պաշտոնյաները շատ են խոսում հաջողությունների մասին էկոնոմիկայի նավթային ոլորտում, սակայն Ադրբեջանը լիակատար կախվածության մեջ է նավթագազային հատվածից և առաջին հերթին համաշխարհային շուկայում ադրբեջանական նավթի իրացումից:

Ըստ Ադրբեջանի ԿԲ, վճարային բալանսի ընթացիկ գործողությունների հաշիվների պրոֆիցիտը կրճատվել է 2013 թ. հունվար-սեպտեմբերին 19,4 տոկոսով՝ կազմելով 9,2 մլրդ դոլար:

Իսկ պրոֆիցիտը նավթագազային հատվածում հաշվետու շրջանում կազմել է 16,6 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նավթային հատվածում պակասուրդը կազմում է 7,4 մլրդ դոլար: Ուղղակի օտարերկրյա ներդրումները 2013 թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 4,6 մլրդ դոլար: Ըստ վճարային բալանսի, օտարերկրյա ուղիղ ներդրումների 83,1 տոկոսը հաշվետու շրջանում արվել է նավթագազային ոլորտում: «Բավականին հետաքրքիր վիճակագրություն է, որը մատնանշում է, որ օտարերկրյա ընկերությունները հերթական անգամ գերադասում են ներդրումներ կատարել նավթային հատվածում: Ընդ որում, նավթային հատվածը մնում է օտարերկրացիների հույսին, ինչը շատ տագնապալի ազդանշան է»,-ասում է թերթը:

Նավթարդյունաբերության ծավալներն Ադրբեջանում կրճատվում են արդեն երրորդ տարին: 2011-ին նավթարդյունահանման ծավալները կրճատվել են 10,8 տոկոսով՝ մինչև 45,5 մլն տոննա, իսկ գազի արդյունահանումը՝ 2 տոկոսով: 2012-ին նավթարդյունահանման ծավալները կրճատվել են արդեն 5,3 տոկոսով՝ մինչև 43 մլն տոննա:

Նավթարդյունաբերության ծավալների կրճատման ֆոնին աճում է կախվածությունը նավթային հատվածից: Ընդհանուր առմամբ 2013-ին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները նավթային հատվածից կկազմեն արդեն ընդհանուր եկամուտների 79 տոկոսը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---