Հաշվիչ հանձնաժողովն անվավեր ճանաչեց «գազային համաձայնագրերի» վերաբերյալ քվեարկությունը

Հաշվիչ հանձնաժողովն անվավեր ճանաչեց «գազային համաձայնագրերի» վերաբերյալ քվեարկությունը

PanARMENIAN.Net - ԱԺ Հաշվիչ հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ միաձայն ընդունեց դեկտեմբերի 23-ի նիստում ոչ էլեկտրոնային համակարգով կայացած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականությունն անվավեր ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Արտահերթին ներկայացել էին հանձնաժողովի 7 անդամից 4-ը՝ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: ԱԺ Կանոնակարգ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հանձնաժողովի արտահերթը գումարվում է նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Ներկայացնելով դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթում ոչ էլեկտրոնային համակարգով կայացած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը, Արծվիկ Մինասյանը նշեց, որ, չունենալով նման լիազորություն, հանձնաժողովի անունից հանդես է եկել նախագահ Սուքիաս Ավետիսյանը, այն դեպքում, երբ ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 7 ամդամից 4-ի կողմ լինելու դեպքում:

«ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին որևէ որոշում չի կայացրել ու քվեարկության արդյունքները չի արձանագրվել, քանի որ անդամներից 4-ը՝ Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արծվիկ Մինասյանն ու Թևան Պողոսյանը չեն մասնակցել քվեարկությանը»,- նշեց Մինասյանը՝ նշելով, որ ձայների հաշվարկն օրինական չի համարվում, հետևաբար՝ վավերական էլ չէ:

Ըստ այդմ, հաշվիչ հանձնաժողովն որոշեց, որ բաց քվեարկությանն ԱԺ Կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 4 մասով ձայների հաշվարկ տեղի չի ունեցել, Սուքիաս Ավետիսյանի կողմից ներկայացված ու վավերացված թվերն էլ օրինական չեն, տեղեկացրեց ԱԺ պատգամավորը:

Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին նշեց, որ ոչ օրինական քվեարկությունից ելնելով, Սահմանդրական դատարանում կվիճարկեն համաձայնագրերը կրկին ԱԺ հետ բերելու հարցը:

«Բոլոր հիմքերը կան, որպեսզի վիճարկվի ընդունված օրենքների օրինականությունը, քանի որ քվեարկությունն իրականում տեղի չի ունեցել, իսկ օրենքի խախտումով որևէ քվեարկություն չի կարող օրինական լինել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, թե փորձելու են հասնել, որ համաձայնագրերը կրկին հետ բերվեն խորհրդարան ու դրվեն քննարկման:

Լյուդմիլա Սարգսյանը նաև առաջարկեց դադարեցնել հանձնաժողովի գործող նախագահ Սուքիաս Ավետիսյանի լիազորություններն ու նոր նախագահ նշանակել Թևան Պողոսյանին, «մինչև հաջորդ նստաշրջանին այս հարցին կրկին անդրադառնալը»: Պողոսյանն իր հերթին ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, թե ամենահարմար թեկնածուն հենց ինքը՝ Լյուդմիլա Սարգսյանն է: Թևան Պողոսյանի առաջարկն ընդունվեց միաձայն: Հանձնաժողովի նոր քարտուղար ընտրվեց Իշխան Խաչատրյանը, ով բացակայում էր:

Դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթում գազային պայմանագրերի վերաբերյալ քվեարկություններն էին: Քանի որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ընդմիջումին «գողացել էր» արաշ հանրապետականների քվեարկության քարտերը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այն կանցկացնեն առանց էլեկտրոնային համակարգի, իսկ արդյունքները կհաշվի ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը:

Քվեարկության մեկնարկին ոչ իշխանական խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը, այդ թվում նաև հանձնաժողովի 7 անդամներից 4-ը՝ Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Թևան Պողոսյանն ու Արծվիկ Մինասյանը: Ձայների հաշվարկի արդյուքներն ԱԺ նախագահին ներկայացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ըստ որոնց համաձայնագրերի վավերացմանը կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ 0: Մի քանի ժամանոց ընդմիջումից հետո, երբ համաձայնագրերը ներկայացվեցին երկրորդ ընթերցմանը, Սուքիաս Ավետիսյանը գրություն էր ուղարկել Հովիկ Աբրահամյանին, ըստ որի առաջին քվեարկությանը սխալմունք է եղել. գրանցվել էր 77 կողմ ձայն, մինչդեռ փաստացի կողմ է քվեարկել 72 պատգամավոր:

Այնուամենայնիվ, դա չխանգարեց ԱԺ-ին վավերացնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոսի բաժնեմասի ռուսական «Գազպրոմին» վաճառելու վերաբերյալ համաձայնագիրը:

Ավելի ուշ նիստը բոյկոտած ոչ իշխանական խմբակցությունները հայտարարություն տարածեցին, համաձայն որի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված 7 անդամից 4-ը քվեարկությանը ներկա չեն եղել:

«Այսպիսով, 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության ու ՌԴ կառավարությանբ միջև «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի ու հետագա գործունեության պայմնանների մասին համաձայնագրի վավերացման որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ»,- նշված էր հայտարարությունում:

Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովի՝ դեկտեմբերի 26-ի արտահերթին չի մասնակցի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---