HSBC. 2014-ին համաշխարհային տնտեսական աճն ավելի կլինի, քան 2013-ին էր

HSBC. 2014-ին համաշխարհային տնտեսական աճն ավելի կլինի, քան 2013-ին էր

PanARMENIAN.Net - Այս տարի համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2,6 տոկոս՝ փոքր-ինչ ավելի, քան 2013-ին արձանագրված 2 տոկոսն է` կանխատեսում է Էյչ-Էս-Բի-Սի-ն հունվարի 9-ին հրապարակված հետազոտությամբ: Ըստ բանկի` զարգացած երկրներում աճը կարող է կազմել 1,8 տոկոս, զարգացող երկրներում՝ 4,9 տոկոս:

Էյչ-Էս-Բի-Սի-ի վերլուծաբանները 6 տոկոսանոց աճ են կանխատեսում նաև կապիտալի գործիքներում, որոնցից սպասվող եկամտաբերությունը, ներառյալ շահաբաժինները, կունենա բարձր միանիշ ցուցանիշ: Մինչդեռ, որոշ պարտատոմսերի դեպքում, նրանք սպասում են եկամտաբերության նվազում:

«Կարծում ենք, որ գնաճի շարունակական ցածր մակարդակի, պետությունների պարտքերով գերծանրաբեռնվածության և ԱՄՆ-ի բարելավվող ֆինանսական դիրքի պայմաններում տասը տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կնվազի մինչև 2,1 տոկոս»,- եզրակացնում են բանկի վերլուծաբանները` 2014-ին իրենց հիմնական գործողությունները պայմանավորելով հենց այս նախադրյալներով:

Գնաճի դեմ պայքարին ուղղված միջոցառումները որոշ զարգացած երկրներում դեֆլյացիայի նախապայմաններ են ստեղծել, ինչն, ըստ HSBC-ի վերլուծաբանների, ընտրության առաջ է կանգեցրել կենտրոնական բանկերի մասնագետներին: Նրանք կամ պետք է խստացնեն դրամավարկային քաղաքականությունը` հաշվի առնելով տնտեսության դրական ցուցանիշների միտումները, կամ մեղմացնեն այն գնանկումը կանխելու համար:

«Մեր ներդրումային ակտիվությունը Եվրոպայում կգերակայի, ԱՄՆ-ում և Ճապոնիայում` ոչ, իսկ զարգացող երկրներում կլինի տարբերակված մոտեցում»,- նշում է բանկը:

Արտարժույթի շուկայում դոլարի մրցավազքը կշարունակվի և կընդլանվի, կարծում են HSBC-ի վերլուծաբանները, քանի որ Դաշնային Պահուստային համակարգը շարունակում է իրականացնել իր ելքի ռազմավարությունը, իսկ Եվրագոտու և Միացյալ Թագավորության խոցելի տնտեսությունները նպաստում են եվրոյի և ֆունտի թուլացմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---