Վրաստանը կատարել է մեսխեթցի թուրքերի հայրենադարձման վերաբերյալ պարտավորությունները

Վրաստանը կատարել է մեսխեթցի թուրքերի հայրենադարձման վերաբերյալ պարտավորությունները

PanARMENIAN.Net - Վրաստանը կատարել է 1999 թ. Եվրոպայի խորհրդին անդամակցելիս մեսխեթցի թուրքերի հայրենադարձության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Մեսխեթցի թուրքերը մահմեդականներ են, և բռնագաղթվել էին խորհրդային իշխանությունների կողմից: Այդ մասին ասվում է Օկուպացված տարածքներից ստիպողաբար տեղահանվածների, բնակեցման ու փախստականների նախարարության հայտարարության մեջ:

2007 թվականին Վրաստանի խորհրդարանն օրենք ընդունեց «XX դարի 40-ականներին Վրացական ԽՍՀ-ից ստիպողաբար վերաբնակեցված անձանց հայրենադարձության մասին», իսկ 2010 թվականի մարտի 30-ին Վրաստանի կառավարությունը որոշում ընդունեց «Պարզեցված կարգով հայրենադարձի կարգավիճակ ունեցող բոլոր անձանց Վրաստանի քաղաքացիություն շնորհելու մասին»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ըստ օրենքի, հայրենադարձի կարգավիճակ ստանալու խնդրանքով Վրաստանի իշխանություններին է դիմել 5 841 մարդ, որից 1 174 անձանց տրվել է հայրենադարձի կարգավիճակ, իսկ 7 մարդ ստացել է Վրաստանի քաղաքացիություն: Գործընթացը շարունակվում է մինչ օրս: Հետևաբար, կարելի է ասել, որ Վրաստանը կատարել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունը:

Թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի Մեսխեթի շրջանում,որտեղից էլ եկել է նրանց անվանումը։ Ըստ դավանանքի նրանք սունիներ են: 1944թ. մի շարք ժողովրդների, այդ թվում` մեսխեթցի թուրքերի բռնագաղթի արդյունքում 115,5 հազար մեսխեթցիներ տեղափոխվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան: 17 հազարը մահացան ճանապարհին:

1956թ., երբ թուրք մեսխեթցիներից հանվեցին հատուկ վերաբնակության սահմանափակումները, նրանց մի մասը սկսեց վերադառնալ Կովկասի տարբեր շրջաններ։ 1950-ական թթ. մեսխեթցի թուրքերի շրջանում զարգանում էր մի շարժում, որը կոչ էր անում վերադառնալ Վրաստան։

1989թ. Ֆերգանայում մեսխեթցի թուրքերի ջարդերից հետո ավելի քան 16 հազար մեսխեթցի տարհանվեց Ռուսաստանի միջին գոտի։ Մեկուկես տարվա ընթացքում ավելի քան 90 հազար հոգի տեղափոխվեց Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Ղազախստան, Ուկրաինա։

Համաձայն պարտավորությունների, որ իր վրա վերցրեց Վրաստանը` 1999թ. դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, մեսխեթցի թուրքերը պետք է հայրենադարձվեն մինչև 2016թ.:

Թուրքիայում գործում է հատուկ օրենք, որը հեշտացնում էր մեսխեթցիների ներգաղթը երկիր։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատում Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում, Էրզրումում, Իգդիրում, Արդահանում։

Թուրք մեսխեթցիներն ունեն մի շարք կազմակերպություններ, որոնք կոչված են պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը, սակայն ակնհայտորեն ֆինանսավորվում են առանձին պետությունների կողմից, որոնք և ուղղորդում են դրանք` համապատասխան իրենց շահերի։

Զգալի թվով մեսխեթցի թուրքեր հաստատվել էին նաև ՌԴ Կրասնոդարի մարզում: Սակայն, նրանց հանդեպ առաջացած անհանդուրժողության պատճառով ու տեղաբնակների բացասական վերաբերմունքի, նրանք, դիմելով գրանցման համար, հիմնականում մերժում էին ստանում և չկարողացան ռուսական անձնագրեր ստանալ:

2004 թվականի փետրվարից, ՌԴ և ԱՄՆ կառավարությունների գործակցության շնորհիվ, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը սկսեց մեսխեթցի թուրքերի ԱՄՆ վերաբնակեցման ծրագիրը: 2005 թ. սեպտեմբերի տվյալներով, ծրագրին մասնակցել էր 21 հազար մարդ և ԱՄՆ էր տեղափոխվել շուրջ 5000: Այնուհետև ծրագրի գործողությունը դադարեցվեց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---