Ահաբեկչական գործողություններով Բաքուն փորձում է խանգարել բանակցային գործընթացին

Ահաբեկչական գործողություններով Բաքուն փորձում է խանգարել բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած հիմնարար սկզբունքները մնում են բանակցությունների սեղանին, հունվարի 22-ին՝ մամուլի ասուլիսում ամփոփելով 2013-ը, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով հարցը, թե կարելի է արդյոք համարել, որ Մադրիդյան սկզբունքները մնացին պատմությունում այն բանից հետո, երբ Կազանում Ադրբեջանը մերժեց ներկայացված փաստաթուղթը:

Նրա խոսքով, համանախագահները կողմերին բազմիցս կոչ են արել պահպանել ուժի ու սպառնալիքի չկիրառման սկզբունքները: Նա հիշեցրել է, որ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունում, որն արվել էր «մեծ ությակի» շրջանակում, կողմերին կոչ է արվում հաստատել դրանց իրենց հավատարմությունը: Նալբանդյանը նաև նշել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն իր հավատարմությունը հաստատել է միանգամից:

Նախարարի խոսքով, միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի կողմից որդեգրած դիրքորոշմանն առ այն, որ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը չունի այլընտրանք և կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը, գրում է Panorama.am-ը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն արհամարում է այդ սկզբունքներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը՝ ձևացնելով, թե վերջիններս այլ կարծիք ունեն, ու որ նրանց հայտարարություններն իրեն չեն վերաբերվում: Նախարարը նաև համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ հասկանում է, բայց փորձում է իր ժողովրդի համար պատրանքնենր ստեղծել:

Չնայած, Նալբանդյանը նշել է, որ հարցով բանակցությունները շարունակվում են: Վաղը՝ հունվարի 23-ին, նա կմեկնի Փարիզ, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, իսկ արդեն հաջորդ օրը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարին, գրում է Armenia Today-ը:

«Նովոստի-Արմենիայի» փոխանցմամբ, ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև վերջին օրերին շփման գծում ադրբեջանցիների սադրանքներին, որոնք, նրա խոսքով, միտված են բանակցային գործընթացում հավելյալ խոչընդոտների ստեղծմանը: Այդ հարցը քննարկվել է նաև Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ.

«Բանակցությունները պետք է շարունակել՝ այլ տարբերակ չկա», - հավաստիացրել է ԱԳ նախարարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Մինչև այդ Ստեփանակերտում անցնող կրտսեր սերժանտի հիշատակի կապակցությամբ հոգեհանգստին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ցավակցել է Հովհաննիսյանների ընտանիքին` երիտասարդ զինվորի անդառնալի կորստի կապակցությամբ: Երկրի ղեկավարի խոսքով` Արմեն Հովհաննիսյանն և նրա մարտական ընկերները ցույց տվեցին հայրենիքին անմնացորդ նվիրվածության և ռազմարվեստին գերազանց տիրապետելու փայլուն օրինակ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի զինված ուժերն ի վիճակի են կասեցնել թշնամու կողմից ագրեսիայի ցանկացած դրսևորում:

Նախագահ Սահակյանն Ադրբեջանի պահվածքը համարել է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական և ընդգծել, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Բացի այդ, Էդվարդ Նալբանդյանն ասուլիսին անդրադարձել է նաև 2013-ի ԱԳՆ աշխատանքներին՝ նշելով, որ տարին նշանավորվել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական ու ռազմական շահերից:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ ՀՀ նախագահի հանձնարարականների կատարմանը, ապա, ըստ նախարարի, ԱԳՆ-ն ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները սփյուռքի կառույցների հետ համատեղ հետևողական աշխատանքներն են տանում Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած ոճրի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ:

Ամփոփելով խոսքը, նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է մնալ վստահելի գործընկեր, որի մասին վկայում են նաև Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ դրական հրապարակումները հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում:

«Մեր նպատակն է ընդլայնել Հայաստանի գործընկերների, բարեկամների թիվը»,- նշել է նախարարը:

5  22.01.14 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---