«Բաքվեցի երազող» Մուբարիզ Ահմեդօղլուն

«Բաքվեցի երազող» Մուբարիզ Ահմեդօղլուն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն վաղուց արդեն աչքի է ընկնում իր «օրիգինալ» հայտարարություններով: Իրեն բնորոշ ոճով նա որոշեց արձագանքել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, բնականաբար ադրբեջանցիների համար շահեկան տեսակետից: Կամ այն տեսակետից, ինչպես դա երևում է Ահմեդօղլուին: «Հարկավոր է մի քանի հարցերի պատասխանը գտնել. կարո՞ղ է արդյոք ՆԱՏՕ-ն օգնել Ադրբեջանին Ղարաբաղում պատերազմի դեպքում: Երկրորդը՝ ինչպե՞ս կարձագանքի ՆԱՏՕ-ն, եթե Թուրքիան միջամտի Ղարաբաղում հնարավոր պատերազմին: Եվ երրորդը՝ կկարողանա՞ արդյոք ՆԱՏՕ-ն ստանձնել Ադրբեջանից Եվրոպա ձգվող խողովակաշարերի անվտանգությունը, եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմի շրջանակներն ընդլայնվեն»,-ասել է քաղաքագետը: Նա գտնում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ հարցերի պատասխանները դրական են կամ դրական կլինեն:

Երազել ոչ ոքի չի արգելվում, բայց Ահմեդօղլուն մոռանում է, որ ժամանակին Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամերձավոր բարեկամն էր Հարավային Կովկասում: Բայց օգոստոսյան պատերազմի ժամանակ դաշինքը նույնիսկ մատը մատը չխփեց Վրաստանին օգնելու համար: Թուրքիան Հայաստանի, այսինքն Ղարաբաղի դեմ չի կռվի և եթե Բաքվում դա դեռ չեն հասկացել, ապա կարելի է միայն ափսոսել: Խողովակաշարերի մասին էլ չենք ասում՝ միթե Ահմեդօղլուն հնարավոր պատերազմը Ղարաբաղում համաշխարհայինի տեսքով է պատկերացնում: Նույնիսկ տարածաշրջանային այն չի լինի՝ թույլ չեն տա, և ՆԱՏՕ-ն առաջինը Ալիևի ձեռքին կխփի, եթե նա պատերազմ սանձազերծի: Կամ «չի խփի», այլ ուղղակի կօգտվի սեփական պայմանները թելադրելու պատրվակից:

Դա ներածական մասն էր, հետո Ահմեդօղլուն անդրադառնում է Հայաստանին: Ոչ մի նոր կամ հետաքրքիր բան չի ասել, եթե հաշվի չառնենք հետևյալ արտահայտությունը, որ «հայկական տնտեսության նահանջը 2013 թվականին ռազմական իրավիճակ էր հիշեցնում»: Ըստ նրա, Հայաստանի տնտեսության թուլացման ընթացքի արագացման կարևոր գործոններից է նրա ռազմական տեխնիկան շարքից դուրս բերելը: «Եթե Հայաստանը ռուսական ռազմատեխնիկա գնի, պարտքերի մեջ կթաղվի: Հայկական ծանր տեխնիկան շարքից դուրս բերելը չի կարող գնահատվել որպես պատերազմ: Իսկ պատերազմը շատ իրական է, թեև սխալ կլինի այն համեմատել 1941-45 թթ. պատերազմի հետ»,-ասել է նա: Ինչ կապ ունի այստեղ Երկրորդ համաշխարհայինը, Ահմեդօղլուն այդպես էլ չբացատրեց, փոխարենը հայտարարեց, որ Մեղրիի երկաթուղին Ադրբեջանին է պատկանում և այդ մասին պետք է խոսել միջազգային մակարդակով:

Դե նաև առանց «քննադատության» չէր լինի, իհարկե վերևներից արտոնված: «Պետական նավթային կորպորցիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի կառավարությանը չվերադարձնի Բաքվում ու շրջաններում այն հողերը, որտեղ նավթ արդեն չի արդյունահանվում: Երկրում շատ են չգազաֆիկացված շենքերը: Այդ ամենը չի բխում Ադրբեջանի քաղաքացիների շահերից:

Կորպորացիան Ադրբեջանի ամենախոշոր ընկերությունն է, որն աշխատում է և երկրի ներսում, և դրսում: Ադրբեջանին դեմ ուժերի թիրախում այդ կորպորացիան է: Կորպորացիայի աշխատանքը ներքին մակարդակում անթերի պետք է լինի, իդեալական: Միջոցներ վաստակելով արտերկրում, այդ ընկերությունը պետք է ծախսի դրանք երկրի կարիքների վրա: Պետք է բնակչության անապահով մասի կարիքները բավարարելու միջոցներ գտնվեն»,-ասել է Ահմեդօղլուն: Այ սա արդեն ճիշտ է՝ գազով ու նավթով հարուստ երկրում տներում գազ չկա, բենզինը թանկ է, իսկ նավթային կորպորցիան կես տարում մոտ 50 հազար աշխատակիցների է կրճատել:

Այս ամենից հետո շատ տեղին է «երազող» բնութագրումը: Միայն թե ի տարբերություն «Կրեմլի երազողի», Ահմեդօղլուն տեղական նշանակության երազող է, «ինչ կկամենաք» շարքից: Եվ ևս մեկ նկատառում՝ կգնա՞ն նրա երեխաները կամ հարազատները կռվելու, քանի որ ինքն արդեն այդ տարիքից դուրս է եկել…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---