ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը երևանյան բանակցություններից հետո «լավ նորություն» է հայտնել Twitter-ում

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը երևանյան բանակցություններից հետո «լավ նորություն» է հայտնել Twitter-ում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter-ի իր էջում: «Լավ նորություն: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնվել են Սոչիի Օլիմպիական խաղերի օրերին հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության հետ»,-գրել է ամերիկացի դիվանագետը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն Սոչիում մեկնարկող Օլիմպիադայի կապակցությամբ կոչ էր արել հրադադար սահմանել մոլորակի բոլոր հակամարտություններում: Առաջին հերթին ուղերձը վերբերում է Սիրիային: «Ռուսաստանը որպես Ձմեռային օլիմպիադայի կազմակերպիչ կոչ է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին «օլիմպիական հրադադար» հայտարարել անկախ երկրներից ու մայրցամաքներից»,-հայտնում է նախարարության կայքը, որը հղում է անում ՄԱԿ Կանոնակարգին: Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: Մինչ այդ Ջեյմս Ուորլիքն իր Twitter-ում գոհունակություն էր հայտնել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցությունների վերաբերյալ: «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն ՀՀ նախագահը պատրաստակամություն հայտնեց շարունակելու երկխոսությունը: Բանակցություններն Երևանում շատ հաջող էին»,-գրել է նա:

Հունվարի 5-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանեցին Երևան: Նրանք հանդիպել են ՀՀ նախագահին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Երևանում համանախագահներին ու Կասպրշիկին բողոքի ակցիայով դիմավորեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտթևի անդամները: Նրանք վանկարկում էին «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը», երբ համանախագահները ժամանեցին, ներս մտան՝ հրաժարվելով պատասխանել ինչ-որ հարցերի: «Այստեղ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնենք իրենց առաքելության մասին»,- լրագրողներին ասել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտմիության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով, թե առաքելությունը նրանում է, որ նպաստեն խաղաղության պահպանմանը, բայց իրենց գործողություններով նրանք ուղղակիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը: Վարդանյանը նաև նշել է, որ հավասարություն դնել հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների միջև նշանակում է նպաստել, խրախուսել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական, ագրեսիվ քաղաքականությանը և նրան թույլ տալ շարունակել այն: «Համանախագահներից պահանջում ենք համապատասխան վերաբերմունք և կեցվածք դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով»,- նշել է երիտասարդը: Արդեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը համանախագահները ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքը, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: ունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994-ի մայիսին հաստատված զինադադարի և 1995-ի փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնել է Panorama.am-ը, այս անգամ համանախագահները Ստեփանակերտ չեն մեկնի, պատճառը վերջիններիս տարածաշրջանային այցի օրակարգն է, ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ համանախագահների օրակարգում` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպումների կազմակերպումն է:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները և նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

ՀՀ նախագահն ու համանախագահներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---