Օլիմպիական զինադադարը Բաքվի համար չէ. Հայկական դիրքերը կրկին գնդակոծվում են

Օլիմպիական զինադադարը Բաքվի համար չէ. Հայկական դիրքերը կրկին գնդակոծվում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը, շաբաթ, կիրակի օրերին, հատկապես գիշերային ժամերին, առաջնագծում բավականին ակտիվ է եղել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի կողմից արձակված կրակահերթերն անկանոն բնույթի էին, իսկ հայկական կողմը որպես կանոն նման կրակահերթերին չի պատասխանում, գրում է Panorama.am-ը: Հովհաննիսյանը հուսով է, որ Ադրբեջանը զերծ կմնա հետագա զարգացումներից` պահպանելով «օլիմպիական հրադադարը»:

Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության, նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում լարվածության որոշակի թուլացում է նկատվել, որը հիմնականում պայմանավորված էր հայկական կողմի զգոնության և առաջնագծում պարտադրող լինելու հանգամանքով:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 500 կրակոց:

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը, ադրբեջանական կողմը, սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` ինտենսիվ կրակահերթերի տակ պահելով հայկական մարտական հենակետերն ու բնակավայրերը, գրում է Aysor.am-ը:

Հնուց եկած ավանդույթի համաձայն Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները:

Փետրվարի 2-6 Երևան ու Բաքու այցելած ԵԱՀԿ համանախագահներին կողմերը հավաստիացրեցին, որ բոլոր ջանքերը կգործադրեն հրադադարի ռեժիմի պահպանման համար, նպատակ ունենալով կանխել իրավիճակի սրացումը, հատկապես փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:«Նախևառաջ, մեր կոչն ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին. նրանց գործողություններն ապակայունացնող ազդեցություն են թողնում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշված էր ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Վերջերս թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---