Բաքվում Ժողճակատի շտաբում պայթյուն էր, կուսակցությունը մեղադրում է իշխանություններին

Բաքվում Ժողճակատի շտաբում պայթյուն էր, կուսակցությունը մեղադրում է իշխանություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի կենտրոնակայանում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը: Այն կուսակցության նկուղային հարկում էր, որտեղ վարսավիրանոց է գործում: Պայթյունը գրանցվել է առավոտյան ժամը 4:35-ին տեղական ժամանակով՝ վնաս հասցնելով կենտրոնակայանին․ տուժածներ չկան:

Ավելի ուշ «Ազգային ճակատի» փոխնախագահ Հասան Քերիմովը հայտնել է, որ պատահարը կուսակցության դեմ ուղղված սադրանք է դիտարկում: Նա ասել է, որ այդ շենքի սեփականատիրոջը զգուշացրել են, թե կուսակցության շտաբը հանվի այդտեղից, հակառակ դեպքում շենքը կամ կայրվի, կամ կպայթեցվի. «Ունենք բոլոր տեսա- և ձայնագրությունները: Եթե պահանջվի, դրանք կներկայացնենք Եվրոպական դատարան»:

Վարսավիրանոցի սեփականատեր Սամիր Մուրադովը նշել է, որ երբեք չի օգտվել գազի բալոնից: Եվ տարօրինակ է, որ այն այրված է հայտնաբերվել օբյեկտում: Նրա խոսքերը հաստատել են ԱԻՆ, դատախազության ու ոստիկանության ներկայացուցիչները: Զննության արդյունքում պարզվել է, որ այնտեղ գազի բալոն չի եղել և դրա տեղադրումն արգելված էր: Տարածքում չեն հայտնաբերվել նաև այլ պայթուցիկ միջոցներ:

«Ազգային ճակատի» փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին հայտնել է, որ շտաբին հասցված վնասն աննշան էր: Նա նշել է, որ պայթյունի ժամանակ կենտրոնակայանում երկու մարդ է եղել, սակայն, «բարեբախտաբար, նրանք չեն տուժել»:

Ըստ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի, իշխանություններն ընդդիմության հետ արդեն ահաբեկչության լեզվով են խոսում: «Շենքի սեփականատերերը խոստովանել են, որ նրանց վաղուց են սպառնում»,- գրել է Ալի Քերիմլին Facebook-ի էջում: Ըստ նրա, իշխանությունների ներկայացուցիչները պահանջել են խզել վարձակալության պայմանագիրը «Ժողովրդական ճակատի» հետ:

«Այս ամենը վկայում է, որ պայթյունը պատահական չէր, այն նպատակ ուներ վախեցնելու և կուսակցությանն առանց շտաբի թողնելու: Հորդորում եմ Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումները»,- ասել է Քերիմլին, հայտնում է Haqqin.az-ը:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցութունը վերածվել է քաղաքական կուսակցության 1995 թ. համանուն հասարակական կազմակերպությունից: Այն միավորում է չափավոր ադրբեջանցի ազգայնականների: Մինչ մահը՝ 2000 թ., կուսակցությունը գլխավորել է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: 2000-ին կուսակցությունը պառակտվեց երկու մոտավորապես հավասար թևի՝ դասական, որը գլխավորում է Միրալիօղլին, և «յուրդիստական», որը գլխավորեց Ալի Քերիմլին:

Իշխանությունները թուլացված համարելով «Ժողովրդական ճակատը», թույլ տվեցին, որ նրա 6 անդամ անցնեն խորհրդարան: «Դասական թևի» առաջնորդ Միրալի օղլին համերաշխություն հայտնելով իշխանությունների կեղծիքների դեմ բողոքող մյուս ընդդիմադիր կուսակցություններին, հրաժարվել էր պատգամավորի մանդատից: Խախտելով իշխանությունների ծրագրերը, որոնք մտադիր էին կուսակցությունից «կառուցողական» ընդդիմություն ստեղծել, Քերիմլին խստորեն քննադատել էր իշխող ռեժիմն ու ձգտում է ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել իր կուսակցության դիրքերն ազգային ժողովրդավարական ուժերի ճակատում: Նա Ընդդիմության համակարգող կենտրոնի ստեղծման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից մեկն է: Կուսակցությունը լավ զարգացած միջազգային կապեր ունի:

Photo: Haqqin.az
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---