Ուկրաինայի ԱԳՆ-ն ու ՄԱԿ-ը հակասում են միմյանց

Ուկրաինայի ԱԳՆ-ն ու ՄԱԿ-ը հակասում են միմյանց

PanARMENIAN.Net - Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել անհայտ անձանց կողմից Սիմֆերոպոլում Ուկրաինայում ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերիի «առևանգման» մասին: Այն բավականին տարօրինակ էր՝ այնպես էր ստացվում, որ Կիևի նոր իշխանությունները գրեթե չեն վերահսկում երկրում իրավիճակը, եթե նման բան իրոք եղել է:

Հասկանալի է, որ այժմ Կիևն ամեն կերպ ցանկանում է չափազանց վտանգավոր ներկայացնել իրավիճակը Ղրիմում և ամբողջ մեղքը բարդում ոմն «անհայտ զինյալների» վրա, որոք կրկին, ըստ նոր իշխանությունների տրամաբանության, ղեկավարվում են Մոսկվայի հրահանգներով: Սակայն, ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնի, Ղրիմում ոչ ոք չի առևանգվել:

«Տհաճ միջադեպ եղավ: Սերիի ավտոմեքենան կանգնեցրին անհայտ մարդիկ, որոնք հրամայեցին նրան հեռանալ Ղրիմից և մեկնել օդանավակայան: Սերին դուրս է եկել մեքենայից ու զանգահարել ինձ մոտակա սրճարանից: Որքան գիտեմ, դրանից հետո նա ոտքով հասել է իր հյուրանոց»,- ասել է Էլիասոնը՝ հավելելով, որ խումբը կազմված է եղել 10-15 հոգուց, նա չգիտի, թե ինչ լեզվով են նրանք խոսել:

Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովն իր հերթին հայտարարել է, որ տեղեկատվություն չունի ՄԱԿ հատուկ ներկայացուցչի մասին: «Ոչ ես, ոչ իմ ծառայությունները տեղեկություններ չունեինք Սերիի ժամանման ժամի և չվերթի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ ՄԱԿ ներկայացուցիչները, որոնք գտնվում են Ղրիմի տարածքում, ժամանել են առանց հրավերի ու չեն զգուշացրել ինքնավարության իշխանություններին իրենց այցի մասին:

ՄԱԿ ներկայացուցիչն եղել է ՈւկրաինայումՆիդերլանդների դեսպանը և բավականին լավ գիտի երկիրը: Այժմ նա Կիևում է ու հետևելու է իրադարձությունների զարգացմանն այնտեղից: Մինչդեռ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ Մոսկվան դեմ է պարտադրված միջնորդությանը Ղրիմում իրավիճակի շուրջ: Նախօրեին այդ տարածաշրջան ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել:

Սակայն գնալով իրավիճակն երկրում ավելի է խճճվում, քաոսային դառնում, ինչը հարկավոր չէ ոչ Ռուսաստանին, ոչ էլ Արևմուտքին, թեև վերջինս իրավիճակի ապակայունացման գործում իր մեղքի բաժինն ունի: 2004-ին «նարնջագույն հեղափոխության» ժամանակ Մայդանն, այնուամենայնիվ, կառավարելի էր, և ամեն ինչ վերջացավ երկու ամսում: Ու այն ժամանակ, և այժմ, դժգոհության գլխավոր մեղավորը Վիկտոր Յանուկովիչն էր, որն այդպես էլ չկարողացավ դուրս բերել երկիրը տնտեսական ճգնաժամից:

Իսկ Եվրոպայում գնալով հաճախակի են լսվում Ուկրաինայի ապակենտրոնացման մասին ձայները: Իշխանության եկած «նոր հին ընդդիմադիրները» հազիվ թե կարողանան հետ պահել երկիրը փլուզումից և հույսները դրել են ԱՄՆ ու Եվրոպայի վրա, որոնք, նրանց կարծիքով, պետք է փրկեն Ուկրաինան: Թե որքանով են իրական այդ հույսերը, ցույց կտա ապագան, բայց այն, որ երկրում գլուխ են բարձրացնում աջ ուժերը Օլեգ Տյագնիբոկի ու Դմիտրի Յարոշի գլխավորությամբ, միանշանակ է: Իսկ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը կորցնում է ազդեցությունն ու իրավիճակը վերահսկելու կարողությունը:

Մինչդեռ 21 երկրից ԵԱՀԿ-ն 40 չզինված զինծառայող է գործուղել Ուկրաինա: Այցն անցնում է մարտի 5-12-ը, մեկնարկել է Օդեսայում: Այն կանցնի ըստ 2011-ի Վիեննայի փաստաթղթի վստահության ու անվտանգության միջոցների ամրապնդման մասին 3-րդ գլխի, որը թույլ է տալիս պետություններին «կամավոր կերպով այցեր կատարել անսովոր ռազմական գործունեության բացահայտման համար»: Այսինքն, ռուս զինվորականների առկայության մասին Ղրիմում ու Ուկրաինայի արևելքում: Ղրիմ ԵԱՀԿ խմբին թույլ չեն տվել մուտք գործել…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---