Թուրքիայի վարչապետը պատրաստ է հեռանալ քաղաքականությունից

Թուրքիայի վարչապետը պատրաստ է հեռանալ քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի, սակայն միանգամայն տրամաբանական հայտարարություն է արել՝ ասելով, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե իշխող կուսակցությունը չհաղթի տեղական ինքնակառավարման ընտրություններում: «Հայտարարում եմ պարզ ու բացահայտ՝ եթե Ազատության ու զարգացման կուսակցությունն առաջինը չլինի առաջիկա ընտրություններում, ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից»,-ասել է Էրդողանը:

Էրդողանի հայտարարությունը կարելի է գնահատել որպես պարտության խոստովանություն Ֆեթուլլահ Գյուլենի հետ դիմակայության մեջ, սակայն դա պատճառներից միայն մեկն է: Անկախ տնտեսական աճի, արտաքին քաղաքականության հաջողությունների մասին հավաստիացումներից, Թուրքիան ձախողումների շղթայում է հայտնվել, և այդ ձախողումների շարանի պատճառներից մեկը Սիրիան է: Երկրորդը, ավելի լուրջը, Օբամայի վարչակազմի վերաբերմունքի փոփոխությունն է Թուրքիայի ու անձամբ Էրդողնաի հանդեպ: Եթե հավելենք նաև զանգվածային արտահոսքը ԱԶԿ շարքերից, ապա թուրք վարչապետի ապագան խնդրահարույց է թվում: Ճիշտ է, չի բացառվում, որ Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն արդեն ոչ թե իր կուսակցության կողմից, այլ որպես անկախ թեկնածու: Նույն Էրդողանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները ԱԶԿ օրակարգում չեն և պետության նախագահ Աբդուլլահ Գյուլը դեռ կարող է շարունակել կատարել իր պարտականությունները:

Ինչպես գրում է Milliyet-ը, Էրդողանը, պատասխանելով այն հարցին, թե նախաձեռնելու է արդյոք փոփոխություններ ԱԶԿ կանոնադրության մեջ, վերընտրվելու համար խորհրդարանում չորրորդ անգամ, նշել է, որ ԱԶԿ-ն, հավանաբար, կգնա այդ քայլին, սակայն ինքը երեք ժամկետներից հետո գերադասում է հանգստի անցնել, իսկ հետո նորից աշխատել: Փաստորեն, Էրդողանն ապահովագրում է «թիկունքը» քաղաքականությունից վերջնականապես հեռանալու համար, ինչը միանգամայն հավանական է:

Նշենք, որ ընտրություններում հիմնական պայքարը կընթանա ԱԶԿ ու ԺՀԿ միջև: Կուսակցության առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն մշտապես քննադատում է իշխող կուսակցությանը, իսկ «Մեծ կաշառքի» հետ կապված սկանդալից հետո ճնշումն էլ ավելի է ուժեղացել, առավել ևս, որ ԱԶԿ շարքերը լքած անդամների մեծ մասը անդամակցել է Ժողովրդական հանրապետական կուսակցությանը:

Ինչով էլ ավարտվեն տեղական ինքնակառավարման ընտրությունները Թուրքիայում, որոնք կայանալու են մարտի 30-ին, կարելի է խոսել Էրդողանի դարաշրջանի մայրամուտի մասին: Կշահի՞ արդյոք դրանից թուրքական պետությունը: Հավանաբար, այո:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---