ՌԴ-ն ճանաչել է Ղրիմի անկախությունը. ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Կանադան պատժամիջոցներ են կիրառում

ՌԴ-ն ճանաչել է Ղրիմի անկախությունը. ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Կանադան պատժամիջոցներ են կիրառում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ղրիմի Հանրապետությունը ճանաչելու մասին» հրամանագիրը, որի համաձայն այն ճանաչվել է անկախ պետություն:

«Հաշվի առնելով Ղրիմի ազգերի ինքնաարտահայտման արդյունքները համաղրիմյան հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014-ի մարտի 16-ին, ճանաչել Ղրիմի հանրապետությունը որպես անկախ, ինքնիշխան պետություն: Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից»,- ասվում է հրամանի տեքստում:

Ղրիմն ու Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու առթիվ երեքշաբթի` ժամը 15:00-ին, Պուտինը Կրեմլում ելույթ կունենա Պետդումայի պատգամավորների, Դաշնային խորհրդի անդամների, ՌԴ շրջանների ղեկավարների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջև:

Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը պատմել էր, թե ինչպես է ՌԴ-ն գործելու Ղրիմի հանրաքվեի դրական արդյունքների դեպքում: Նրա խոսքով, պետությունը նրա կազմի մեջ ներառվելու ու համապատասխան միջազգային համաձայնագրի ստորագրման խնդրանքով դիմում է ՌԴ-ին : ՌԴ նախագահն այդ մասին տեղեկացնում է ռուսական խորհրդարանի երկու պալատներին ու ՌԴ կառավարությանը, և անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնում: Ապա ՌԴ ղեկավարը դիմում է Սահմանադրական դատարան` խնդրելով գնահատել համաձայնագրի համապատասխանությունը երկրի սահմանադրությանն ու եթե դատարանը դրական գնահատական է տալիս, միջազգային համաձայնագիրը դաշնային օրենքի նախագծի հետ (այստեղ որոշվում է սուբյեկտի անունը, կարգավիճակն ու սահմանները) միասին վավերացման համար անցնում է Պետդումա: Եթե այս երկու փաստաթղթերը հաստատվում են պալատների կողմից, փոփոխություն է մտցվում ՌԴ Սահմանադրության մեջ, որում ավելացվում են մեկ կամ մի քանի նոր սուբյեկտների անունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միևնույն ժամանակ, «Վեդոմոստին» հայտնում է, որ չճանաչված Մերձդբնեստրի հանրապետության նախագահ Միխաիլ Բուռլան Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ուղղված դիմում է ներկայցրել` խնդրելով ռուսական օրենսդրությունում դիտարկել Մերձդնեստրի հնարավոր ընդգրկումը Ռուսաստանի կազմում: Դիմումը ստացվել է Ռուսաստանին նոր տարածքներ միավորելու պարզեցված ձևի մասին նոր օրինագծի առաջադրման հետևանքով: Այն թույլ է տալիս անցկացված հանրաքվեների արդյունքներով Ռուսաստանի կազմում ընդգրկել այլ պետությունների տարածքների որոշ հատվածներ` առանց այդ պետությունների համաձայնության, եթե այնտեղ «բացակայում է օրինական իշխանությունը»:

Այս օրինագիծը հնարավոր է դարձնում Ղրիմի միացումը, բայց ոչ Մերձդնեստրի, քանի որ Մոլդովայի իշխանություններին չի կարելի միանշանակ անարդյունավետ անվանել:

Սակայն օրինագիծը հետ է կանչվել, որ չխանգարի Ղրիմի միավորմանը: Այն կանցկացվի միանգամայն այլ սխեմայով: Ղրիմի խորհրդարանն իր հերթին իր տարածքում գտնվող «Չերնոմորնեֆտգազ» և «Ուկրտրանսգազ» ուկրաինական պետական ընկերությունները հայտարարել է նորաստեղծ հանրապետության սեփականություն: Ղրիմի իշխանությունները նաև հստակեցրել են, որ նավթա և գազաարդյունաբերության բոլոր հարցերը լուծելու է Ռուսաստանը:

Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսնակ Ջեյ Քերիի խոսքով` ամերիկյան կողմը հնարավոր է համարում պատժամիջոցների կիրառումը ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձի հանդեպ: Ամերիկյան կառավարությունը չի բացառում, որ պատժամիջոցները կարող են տարածվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն անօրինական էին անվանել, և հայտարարել դրան առընչվող անձանց հանդեպ պատժամիջոցների կիրառման մասին: ԱՄՆ պատժամիջոցները կիրառվել են մասնավորապես Վիկտոր Յանուկովիչի, Վիկտոր Մեդվեդչուկի, Սերգեյ Ակսյոնովի ու Վլադիմիր Կոնստանտինովի վրա: Նրանց ամբողջ գույքն ու ունեցվածքն ԱՄՆ-ում կսառեցվի:

Եվրապաշտոնյաները դիտարկել են պետպաշտոնյաների ու մեծ ընկերությունների ղեկավարների 130 անունից բաղկացած ցուցակը, որոնց կարող են ոչ միայն արգելել մուտք գործել ԵՄ, այլև սառեցնել օտարերկրյա հաշիվները: Ավելի ուշ հրապարակվել է 21 ազգանունով ցուցակ, հայտնում է obozrevatel.com-ը:

ԱՄՆ-ից ու ԵՄ-ից հետո Կանադայի իշխանությունները ևս ընդունել են տնտեսական ու վիզային պատժամիջոցներ Ղրիմի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ: Ավելի վաղ Կանադայի իշխանություններն արդեն հայտարարել էին ՌԴ հետ ռազմական գործակցության և միջկառավարական տնտեսական կոմիտեում մասնակցության դադարեցման մասին, հայտնում է dp.ru-ն:

Ինչպես խաղորդում է «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանը, մինչ Ղրիմի անկախոթւյունն ընդունած միակ կողմ Ռուսաստանը դիտարկում է թերակղզու միացման տարբերակները, Ընդլայնման հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն առաջարկել է Ուկրաինան ընդգրկել ԵՄ կազմում: «Եթե մենք ուզում ենք լրջորեն փոխել Արևելյան Եվրոպայի այն հատվածը, որին առընչվել են վերջին իրադարձությունները, պետք է օգտագործենք ԵՄ-ի քաղաքական ամենահզոր գործիքը` ընդլայնումը»,- գերմանական Die Welt-ին ասել է ԵՄ կոմիսարը: Եվրամիությանը միանալու համար Ուկրաինան պետք է ստանա անդամ 28 երկրների համաձայնությունը, սակայն վերջին հարցումների համաձայն, Գերմանիայի ու Ֆրանսիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ են արտահայտվում նման որոշման:

Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ ՆԱՏՕ-ն վերագնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և որոշել դադարեցնել դրանք, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ամերիկյան CNN ալիքին տված հարցազրույցի ընթացքում, գրում է ИТАР-ТАСС-ը։

«Մենք վերանայում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդեն որոշել ենք դադարեցնել պրակտիկ գործակցությունը։ Իսկ երբ ալյանսի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեն ապրիլի 1-ին և 2-ին, նրանք կվերանայեն Ռուսաստանի հետ մեր բոլոր կապերը »,- նշել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրենք նախատեսում էին Ռուսաստանի հետ համատեղ գործողություններ իրականացնել ամերիկյան նավի վրա՝ սիրական քիմիական զենքը ոչնչացնելու ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Մենք կպահպանենք այն, սակայն Ռուսաստանը գործողություններին չի մասնակցի։ Դա համագործակցությունը դադարեցնելու օրինակներից մեկն է»,- նշել է Ռասմուսենը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---