4  20.03.14 - Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի մամուլի ասուլիսը

Ուկրաինայի դեսպանը Ղարաբաղի, վիզային ռեժիմի ու Ղրիմի հարցով Կիևի դիրքորոշման մասին

Ուկրաինայի դեսպանը Ղարաբաղի, վիզային ռեժիմի ու Ղրիմի հարցով Կիևի դիրքորոշման մասին

PanARMENIAN.Net - Ղրիմում անցկացված հանրաքվեի մասին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայկական կողմի արտահայտած դիրքորոշման մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ: Զերծ մնալով լրացուցիչ մեկնաբանություններից՝ մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան միայն նշել է, որ յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի:

Նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհրդաժողովի ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը ցավով է խոսել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։ Նա, մասնավորապես, ասել է. «Ցավալի է, որ Հայաստանը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նման հայտարարություն է արել»,- ասել է նա՝ առանց հստակեցնելու, թե «նման»` ինչպիսի, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշմամբ պայմանավորված հայ-ուկրաինական հարաբերությունների ապագային, ապա դեսպան Կուխտան հավաստիացրել է, որ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներով լավ են զարգանում։

«Կարծում եմ՝ հիմա էլ կան այդ հարաբերությունների բարելավման հեռանկարներ», - հավելել է դեսպանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է և այսօր էլ անփոփոխ է, ասել է դիվանագետը․ «Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»:

Դեսպան Կուխտայի խոսքով, «այսպես կոչված Ղրիմի հանրաքվեն» անցել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ: Անդրադառնալով Ուկրաինայի` Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) լքելու որոշմանը` դեսպանը նշել է, որ Ուկրաինան «իմաստ չի տեսնում մնալ մի կազմակերպության կազմում, որն օգուտ չի տալիս»:

«Այսքան ժամանակ ԱՊՀ պետությունների արտգործնախարարները ժամանակ չեն գտնում հանդիպելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար և այս դեպքում նման կազմակերպության մաս կազմելն անիմաստ է»,- ասել է Կուխտան` հույս հայտնելով, որ հակամարտությունը կլուծվի Ուկրաինայի օրենքներին համապատասխան:

Այդուհանդերձ, դեսպանը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում Ուկրաինայի և Հայաստանի միջև վիզային ռեժիմ չի սահմանվի:

Կուխտան նաև նշել է, որ Ղրիմը շարունակում է մնալ Ուկրաինայի կազմում։

«Քանի դեռ Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ չեն իրականացվել` Ղրիմը կշարունակի Ուկրաինայի մաս կազմել»,- ասել է նա` նշելով, որ միջազգային բոլոր կազմակերպությունները և արևմտյան գերտերությունները հայտարարել են, որ Ղրիմում գործընթացներն «իրականացվում են Ուկրաինայի Սահմանադրության խախտմամբ», գրում է «Սիվիլնեթ»-ը:

Իսկ մինչև այդ ուկրաինական «Սվոբոդա» խմբակցությունը կոչ է արել Հայաստանից և Ղազախստանից հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին, կամ էլ երկու երկրի ներկայացուցիչներին հրավիրել իրենց ԱԳՆ՝ Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տալու, գրում է «Վեստի»-ն։

«Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Մասնավորապես, տեղեկություններ կան Ղազախստանի ու Հայաստանի մասին։ Դա անթույլատրելի է։ Պահանջում ենք շտապ հետ կանչել այդ երկրներում դեսպաններին, կամ արտգործնախարարություն կանչել՝ բացատրություն տալու»,-ասել է խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը։

Ղրիմում հանրաքվեի արդյունքերն արդեն ճանաչվել են մի շարք երկրների կողմից, այդ թվում՝ Սիրիայի, Ղազախստանի, Արգենտինայի ու Հայաստանի։

Մարտի 16-ին Ղրիմում անցած հանրաքվեի հարցաթերթիկների 100% մշակումից հետո հայտնի էր դարձել, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին է քվեարկել ընտրողների 96.77%-ը: Քվորումը կազմել էր 82,71%: Ղրիմում ընտրատեղամասեր էին եկել ընտրողների 81,36%-ը, Ստավրոպոլում` 89,51%:

Մարտի 17-ին Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ընդունել էր «Ղրիմի անկախության մասին» որոշում` թերակղզին հայտարարելով անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։

Մարտի 18-ին Մոսկվայում ՌԴ կազմում Ղրիմն ու Սևաստոպոլը ներառելու մասին համաձայնագիր էր ստորագրվել։ Փաստաթուղը ստորագրել էին նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---