Հայաստանը մտադիր է ԵՄ հետ քաղաքական համաձայնագիր ստորագրել

Հայաստանը մտադիր է ԵՄ հետ քաղաքական համաձայնագիր ստորագրել

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Բրյուսելում Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կլոր սեղան հանդիպում էր կազմակերպել: Հանդիպմանը ներկա եվրոպացի պաշտոնյաները Սարգսյանին հիմնականում հարցեր են ուղղել Ասոցացման համաձայնագրի տապալված նախաստորագրման և Մաքսային միության կազմում Հայաստանի ապագայի հեռանկարների մասին:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանի այն փաստարկին, թե Եվրամիությունը Հայաստանին դրեց կամ-կամ ընտրության առջև, այլընտրանք չթողնելով, եվրոպացի պաշտոնյաները կրկին անգամ նշել են, որ Հայաստանի հետ բանակցությունները սկսվել են առանց Մաքսային միության մասին խոսակցությունների և հստակ է եղել, որ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերը մեկ փաթեթ են կազմում, հնարավոր չէ դրանք տարանջատել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Այս պահի դրությամբ մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի և Եվրամիության միջև, և այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Եվ չափազանց կարևոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները և այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ», -հանդիպումից հետո ասել է Տիգրան Սարգսյանը:

«Նոր համաձայնագիրը հաշվի է առնում նախորդ համաձայնագրերի իրականացման արդյունքում արդեն արձանագրված հաջողությունները և այն ծրագրերը, որտեղ մենք արդեն լրջագույն հիմքեր ենք ստեղծել և ինստիտուտներ ենք ստեղծել այդ տեխնիկական և ֆինանսական օժանդակության ներքո: Դրա հիման վրա նոր ռազմավարություն է մշակվում՝ ինչպես ընդլայնել և խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և այդտեղ մենք ունենք լիակատար փոխըմբռնում», - հավելել է վարչապետը:

Հանդիպմանը հարց է հնչել նաև Մաքսային միությանն անդամակցությունից բխող՝ բարձրացող տարիֆների մասին: Վարչապետի խոսքով` 7 տարվա ընթացքում որոշ դրույքաչափեր Հայաստանի համար կնվազեն. «Երբ Ռուսաստանն անդամակցել է Համաշխարհային առևտրի կազմակերպությանը, ստանձնել է պարտավորություններ՝ տարիների ընթացքում որոշ տուրքեր փուլ առ փուլ նվազեցնելու այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը այդ տուրքերի առումով ունի նվազեցված դրույքաչափեր: Եվ դա նշանակում է, որ տարիների ընթացքում այդ դրույքաչափերը Մաքսային միության ներքո էլ պետք է նվազեն, իսկ դա նաև նշանակում է, որ այս բանակցությունների գործընթացում կան բազմաթիվ տուրքի տեսակներ, որոնք մենք ստիպված չենք լինի բարձրացնել, հաշվի առնելով, որ այսօր նրանք Ռուսաստանում, Մաքսային միությունում բարձր են, բայց տարիների ընթացքում նվազելու են: Դրա համար անցումը լինելու է շատ ավելի սահուն և ինֆլյացիոն ճնշումները լինելու են շատ մեղմ: Բանակցությունները, որ վարվում են Մաքսային միության մեր գործընկերների հետ, ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի, Բելառուսի, հաշվի են առնում այն առանձնահատկությունները որոնք առկա են մեր դրույքաչափերում: Եվ պետք չէ մոռանալ, որ կան մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնք Հայաստանում բարձր են, Մաքսային միությունում ցածր են: Այնպես որ դա միակողմանի չէ»:

Տիգրան Սարգսյանի խոսքով` թե՛ Հայաստանը, և թե՛ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Հայաստանը ԵՄ հետ լավ հարաբերություններ ունենա:

2013 թ. վերջին եռամսյակի հաշվետվության մեջ ասվում է, որ ԵՄ խորհրդատվական խումբը խորհրդատվական ծառայություններ է տրամադրել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, միգրացիան, ժողովրդավարական կառավարումը, պայքարը թրաֆիքինգի դեմ, վկաների պաշտպանությունը, պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում, հակակոռուպցիոն միջոցառումները:

Բացի այդ խորհրդատուների մասնակցությամբ մշակվել է այցերի կազմակերպման ու ԱԺ-ում տեղեկատվական կենտրոնի ստեղծման հայեցակարգը: 2014 թվականին խումբը կաշխատի ռազմավարական ծրագրերի ու բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ Ճանապարհային քարտեզը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---