ԵՄ-ն ստորագրել է Կիևի հետ ԱՀ քաղաքական մասը, իսկ Պուտինը՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու մասին օրենքը

ԵՄ-ն ստորագրել է Կիևի հետ ԱՀ քաղաքական մասը, իսկ Պուտինը՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու մասին օրենքը

PanARMENIAN.Net - Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան սրահում Դաշնային Խորհրդի ու Պետդումայի հրավիրված պատգամավորների ներկայությամբ:

Այսօր՝ մարտի 21-ին, Դաշնային Խորհուրդը վավերացրել է Ղրիմի ու Ռուսաստանի միջև համաձայնագիրը և Սևաստոպոլի ու Ղրիմի` ՌԴ կազմում ընդգրկվելու մասին սահմանադրական օրենքը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Ռուսաստանին, ԵՄ-ին ու ԱՄՆ-ին հանգստություն պահպանել, հարցերը լուծել խաղաղ ճանապարհով ու չմոռանալ զբաղվել այնպիսի հարցերով, ինչպիսին, օրինակ, Սիրիան ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունն(ԿԱՀ) են, ինչպես նաև` կայուն զարգացման հարցերը:

«Նախագահ Պուտինին հիշեցրել եմ, որ ինչքան շատ տևի լարվածությունն ու մենք չկարողանանք իրավիճակը վերադարձնել նորմային, այդքան վատ: Շատ կարևոր է, որ այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուշադրությունից բաց չթողնեն, չմոռանան ու շարունակեն զբաղվել այն հարցերով, որոնք իրոք հուզում են ամբողջ աշխարհին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո:

«Նրանք պետք է մեկ ճակատով հանդես գան այնպիսի հարցերի կարգավորման ժամանակ, ինչպիսիք սիրիական ողբերգության կարգավորումն է, ճգնաժամի հաղթահարումը, որ հիմա տեղի է ունենում ԿԱՀ-ում: Չի կարելի մոռանալ ամբողջ աշխարհի համար կարևոր կայուն զարգացման հարցերի մասին: Հենց սա է ինձ, որպես գլխավոր քարտուղար, անհանգստացնում»,- հայտարարել է Բան Կի Մունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 21-ին Բան Կի Մունը կայցելի Կիև ու կհանդիպի Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովինու վարչապետ Արսենի Յացենյուկին: 24tv.ua-ն հայտնում է, որ այսօր կմեկնարկի նաև 34-հոգանոց ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը Ուկրաինայի արևելյան հատվածներում: Մասնագետները կուսումնասիրեն այդ շրջաններում մարդու իրավունքի հիմնահարցերը, քանի որ Ռուսաստանը պնդում է, թե Ուկրաինայի արևելքում խախտվում են ռուսախոս ազգաբնակչության իրավունքները:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Մոսկվան դեռևս պատասխան պատժամիջոցներ ԱՄՆ-ի դեմ չի կիրառի, և Ուկրաինայի հետ էլ չի սահմանի վիզային ռեժիմ: Հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ուկրաինան շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ տարածել:

«Մասնավորապես, հայտարարություններ եղան, թե նրանք կամ դադարեցնում են, կամ էլ առկախում անդամակցումը ԱՊՀ-ին ու պատրաստվում են վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ: Եթե դա տեղի կունենա, մենք էլ մեր առաջարկները Ձեզ կներկայացնենք»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:

«Ինչ վերաբերում է և առաջին դեպքին` ամերիկյան պատժամիջոցներին, և երկրորդին` Ուկրաինայի կողմից վիզային ռեժիմի սահմանմանը, կարծում եմ` մենք պետք է դեռևս ձեռնպահ մնանք պատասխան քայլերից»,- ընդգծել է Պուտինը:

«Նախևառաջ, դա վերաբերում է Ուկրաինայի հետ վիզային ռեժիմին, քանի որ մեր կողմից դրա սահմանման հետևանքով կտուժեն բացարձակ անմեղ միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք այսպես թե այնպես հարուստ կյանք չեն վարում, Ռուսաստանում աշխատելով, չնչին գումար են աշխատում ընտանիք պահելու համար: Պետք չէ դա անել»,- նշել է նախագահը:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրամիության գագաթնաժողովում հայտարարել է, թե վաղ է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել: Նրա կարծիքով, ԵՄ-ն պետք է հստակ դիրքորոշում ունենա, բայց և պատրաստակամություն հայտնի բանակցությունների համար: Սկսված գագաթնաժողովի ընթացքում որևէ պատժամիջոցի կիրառման մասին որոշում չի ընդունվելու:

Օլանդը նշել է, որ գագաթնաժողովին կքննարկվեն անհատական պատժամիջոցների ընդլայնման հարցը, բայց ոչ տնտեսական: Օլանդի խոսքով` տնտեսական սահմանափակումներ պետք է մտցվեն միայն, եթե Ռուսաստանը ռազմական բնույթի գործողություններ սկսի:

Դրա հետ մեկտեղ Եվրամիությունը որոշել է չեղյալ համարել 2014-ի հունիսին ծրագրված Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովը: «Քաղաքական հարաբերությունները կասեցված են: ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը չի կարող այսպիսի պայմաններում ընթանալ»,- հայտնել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ անձնական պատժամիջոցներից բացի, որոնք արդեն կիրառվել են Եվրամիության կողմից ուկրաինացի ու ռուս պաշտոնյաների հանդեպ, Եվրոպան իրադրության էսկալացիայի դեպքում «պիտի պատրաստի» տնտեսական պատժամիջոցների փաթեթ։

Բացի այդ, այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Ուկրաինայում իրադրության վատթարացման դեպքում ԵՄ-ն պատրաստ է դիմել սահմանափակման 3-րդ փուլին։ Նա նաև նկատել է, որ հունիսին Սոչիում կայանալիք G8 գագաթնաժողովը չի կայանա, մինչև Ուկրաինայում իրադրությունը չփոխվի։

«Մինչև նման կարևոր միջոցառման համար համապատասպան քաղաքական իրադրություն չլինի, G8 էլ չի լինի՝ ոչ գագաթնաժողով, ոչ հենց «ութնյակը» որպես այդպիսին»,- նշել է Մերկելը, գրում է kurs.ru-ն։

Մարտի 17-ին ԵՄ խորհուրդը Ղրիմի իրադարձություններին առնճվող 21 անձնավորության հանդեպ անձնական պատժամիջոցներ էր կիրառել։ Նրանցից 10-ը ռուս խորհրդարանականներ են, 8-ը՝ Ղրիմի ղեկավարներ, ևս 3-ը՝ ռուս զինվորականներ։ Այժմ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել «սև ցուցակը»։

Այսօր նաև պարզվել է, որ ԵՄ երկրների ղեկավարներն ընդլայնել են պետպաշտոնյաների ու գործարարների հանդեպ պատժամիջոցները։ «Սև ցուցակում» ևս 12 անձ է ընդգրկվել, ուրբաթ երեկոյան հայտարարել է ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմփեյը։

Ցուցակում հայտնվածների անունները կպարզվեն ուրբաթ, երբ այն հրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում։ Վան Ռոմփեյը միայն խոստովանել է, որ «ցուցակում կան բարձր խավի ռուս ներկայացուցիչներ»։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Օլանդը նշել է, որ եվրոպական ցուցակը բավականին նման է ԱՄՆ նախագահի աշխատակազմի հրապարակածին, գրում է «Կոմերսանտ»-ը։

«Ռադիո Միր»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի՝ Ղրիմի հանդեպ իրավունքը չուզելով, բայց ընդունում են։ Այդպիսով, ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեկ Մեթլոքը հայտարարել է, որ «Ղրիմի բնակչության մեծ մասը ռուսներ են», ու նրանք «հաստատ կնախընտրեին մնալ Ռուսաստանում»։ Իսկ Չեխիայի նախագահ Միշոլ Զեմանը հիշեցրել է պատմությունը: «Ղրիմը երբեք չի եղել Ուկրաինայի մասը, մինչ Խրուշչովն այն չնվիրեց այդ երկրին»։

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Եվրամիության ու Ուկրաինայի ներկայացուցիչները ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան։

Համաձայնագրի ստորագրման արարողությանը, որին մասնակցել են ԵՄ անդամ-երկրների ու կառավարոեւթյունների ղեկավարները, պայմանագրի տակ ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմփեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ու ԵՄ 28 երկրի ղեկավարները։

Ստորագրված նախաբանում ԵՄ-ն ընդունում է Ուկրաինայի եվրոպական ձգտումներն ու ողջունում երկրի եվրաընտրությունը, առաջին հոդվածում խոսքը գնում է այսօր ստորագրված պայմանագրի մասին։

Համաձայնագրի առաջին հատվածը նվիրված է ընդհանուր սկզբունքներին, երկրորդը՝ քաղաքական երկխոսությանն ու ռեֆորմներին, քաղաքական ասոցացմանը, իսկ յոթերորդը ներառում է ինստիտուցիոնալ ու եզրափակիչ դրույթներ, գրում է nbnews.com.ua-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---