Երևանը պատասխանել է Կիևին. Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է

Երևանը պատասխանել է Կիևին. Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:

Մարտի 22-ի դրությամբ` Իվան Կուխտան Հայաստանում է և գնացել է աշխատանքի, գրում է Tert.am-ը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեյթի Լիչը, մեկնաբանելով Ղրիմի իրադարձությունները և դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը, ասել է, որ իրենք մտահոգված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտություններից:

«Չկա որևէ կետ, որ մենք Ղրիմի հանրաքվեն համարենք ազատ կամարտահայտման դրսևորում»,- նշել է նա:

Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Դանիլո Լուբկիվսկին հայտարարել է, որ Հայաստանից պահանջում են վերանայել Ղրիմի հարցով դիրքորոշումը. «Հիասթափված ենք Հայաստանի դիրքորոշմանը վերաբերող տեղեկություններից։ Այսօր, ինչպես և երեկ, հրավիրել ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանին, նրան փոխանցել մեր մտահոգությունները։ Հայաստանում մեր դեսպանատանը համապատասխան կարգադրություններ ենք տվել։ Այսօր հայկական կողմին նոտա ենք հղել, որտեղ դիմում ենք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը պարզաբանելու համար»,- նշել է նա։

Լուբկիվսկին հավելել է, որ Ուկրաինան դիմում է Հայաստանին՝ կոչ անելով մոտ ժամանակներս հայտարարել, որ երկիրը չի ընդունում Ղրիմի անեքսիան։ Ուկրաինան խորհրդատվությունների համար Կիև է կանչել ՀՀ-ում իր դեսպան Իվան Կուխտային:

Մարտի 19-ին հայկական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

Մարտի 20-ին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մամուլի ասուլիսին նշել էր, որ յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի, բայց երկրի ԱԳՆ արդեն փոխանցվել են հայկական կողմի դիրքորոշումների մասին տեղեկությունները: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշմամբ պայմանավորված հայ-ուկրաինական հարաբերությունների ապագային, ապա դեսպան Կուխտան հավաստիացրել էր, որ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներով լավ են զարգանում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ, ասել էր դիվանագետը․ «Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»:

Ղրիմում հանրաքվեի արդյունքերն արդեն ճանաչվել են մի շարք երկրների կողմից, այդ թվում՝ Սիրիայի, Ղազախստանի, Արգենտինայի ու Հայաստանի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---