Քեսաբ․ Նալբանդյանի նամակը ՄԱԿ-ին, ԱԺ նախագահի նվիրատվությունն ու երիտասարդների բարեգործությունը

Քեսաբ․ Նալբանդյանի նամակը ՄԱԿ-ին, ԱԺ նախագահի նվիրատվությունն ու երիտասարդների բարեգործությունը

PanARMENIAN.Net - Մարտի 28¬-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին, որտեղ նշում է, թե Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղում իրավիճակի սրման կապակցությամբ:

«Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, Ալ-Քայիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից միաձայն ընդունված 2139 և 2118 բանաձևերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար»,- ասված է նամակում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ մեր երկիրը բազմիցս բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում և դարձել առաջնային թիրախ:

«Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարևոր է թուրքական իշխանություններից անհապաղ պահանջել հրատապ քայլեր ձեռնարկել՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար:

Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»,- ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակը եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

Մարտի 24-ին Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի համար հայտարարություն էր արել։ Նախագահն իր մտահոգությունն էր հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ` հիշelwv Քեսաբի պատմությունը, «որը վերջին հարյուրամյակի ընթացքում հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին։

Իր հերթին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ իմ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում քեսաբահայերին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին:

«Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին իրենց հնարավորությունների սահմաններում նույնպես աջակցել քեսաբահայ մեր հայրենակիցներին»,- նշել է ԱԺ նախագահը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսաբահայերին օգնելու համար օրերս բանկային հաշիվ էր բացել: Ըստ Հիմնադրամի հայտարարության ակնհայտ է, որ Քեսաբում վերջին դեպքերից հետո գործ ունեն հումանիտար աղետի հետ, այդ պատճառով էլ կոչ են անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և նյութական աջակցությամբ սատարել ծանր կացության մեջ գտնվող քեսաբահայությանը: Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով:

Քեսաբահայերին օգնելու նպատակով ՀՀԿ երիտկազմակերպության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 2-ին, բարեգործական համերգ է կայացել, որի ընթացքում հանգանակված գումարը կփոխանցվեն Քեսաբի հայերի օգնության համար բացված հատուկ հաշվեհամարին։

Բարեգործական համերգին ելույթ են ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու երիտասարդ կատարողներ՝ ներկայացնելով Կոմիտասի, Գեղունի Չթչյանի, Ավետ Տերտերյանի, Մենդելսոնի, Բախի ստեղծագործությունները, տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունից:

ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ այս օրերին բազմաթիվ երիտկազմակերպություններ, երիտասարդ անհատներ դիմում էին՝ տեղեկանալու, թե ինչպես կարող են իրենց օգնությունը հասցնել Քեսաբ։ Առաջին հարցադրումը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարի կողմից եղել է Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարարին, ով ներկայացրել է օգնության այն ձևաչափը, որ նախատեսվում է իրականացնել։

Մարտի 26-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադառնալով ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի բարձրացրած հարցին, թե ինչպես երիտկազմակերպությունները, որոնք ուզում են նյութական օգնություն ցուցաբերել սիրիահայերին, կարող են այն տեղ հասցնել, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ եթե կա նման հրահավորություն, ապա կարելի է դա կազմակերպել սփյուռքի նախարարության միջնորդությամբ, ինչպես դա արվում էր Դամասկոսի դեպքում։

«Երիտասարդական մոտ 20 կազմակերպություն (ուսանողական կառույցներ, ՀԿ-ներ, ՀՀԿ երիտասարդական տարածքային կազմակերպություններ) այս պահի դրությամբ արդեն 6 միլիոն դրամ են հավաքել։ Այս նախաձեռնությունը բացառիկ է այն առումով, որ մեծ թվով երիտասարդներ համախմբվել են ազգային խնդրի շուրջ և ցանկանում են օգնության ձեռք մեկնել իրենց եղբայրներին»։

Իսկ մինչ այդ Մոսկվայի հայկական երիտասարդական ասոցիացիան տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 17:00-ին մոսկովյան Գորկու այգում ռուս հասարակությունը համերաշխության ակցիա կանցկացնի, որի նպատակն է քեսաբա- ու սիրիահայերին աջակցություն հայտնել։

Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որը, ըստ Դամասկոսի, կատարվել է հրետանի աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա: Այժմ այնտեղ ապաստան է գտել մոտ 1800 հայ: Հայկական եկեղեցու խաչի փոխարեն կանգնեցվել է իսլամիստների սև դրոշը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---