10  12.05.14 - Մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողով

ԵՄ հետ ասոցացման հատուկ մոդել Հայաստանի համար. Օլանդը` ՀՀ, ՄՄ և ԵՄ մասին

ԵՄ հետ ասոցացման հատուկ մոդել Հայաստանի համար. Օլանդը` ՀՀ, ՄՄ և ԵՄ մասին

PanARMENIAN.Net - «Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- մայիսի 12-ի երեկոյան հայտարարել է պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նույն օրը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացված հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին Օլանդը նշել է, թե պետք է գտնեն Հայաստանի՝ Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուն:

Պատասխանելով հարցին, թե ինչ մոդելի մասին է խոսքը, Օլանդն ասել է. «Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»:

Նա ընդգծել է, որ հնարավոր է գործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից. «Մենք պետք է աշխատենք դրա շուրջ»:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում անցնող Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում Հայաստանը պետք է նախաստորագրեր ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր արժանացել եվրոպական կառույցների կողմից, որոնք հայտարարեցին, թե մեր երկիրը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Օլանդը նշել է, թե նախ Ադրբեջան, ապա Հայաստան է եկել հենց այս խնդրին լուծում տալու համար:

«Այսօր հրադադարի տարելիցն է, և մենք պետք է աշխատենք՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նախագահն եմ, և պիտի աշխատենք լուծում գտնել, գլոբալ լուծում խնդրի կարգավորման համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով․ - «Հակամարտության 20 տարին չափազանց երկար ժամանակ է, պետք է աշխատենք, և դա է պատճառը, որ երեկ Ադրբեջանում էի, իսկ այսօր Հայաստանում եմ: Հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել, որքան հնարավոր է շուտ, և իրական քննարկում ծավալել վստահության ձևավորման շուրջ»:

Պատասխանելով հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի մասնակիցների հարցերին` նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ Մաքսային միությունը ներդրողների համար Հայաստանն ավելի գրավիչ կդարձի:

«Մաքսային միությանն հնարավոր անդամակցությունը, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունը և Հայաստանը որպես ներդրումային միջավայր ավելի գրավիչ է դարձնում: Փաստորեն, դուք արդեն նշեցիք 200 միլիոնանոց շուկայի մասին, ես ուզում նաև նշել, որ այսօր Հայաստանը օգտվում է [Եվրամիության հետ առևտրի] արտոնությունների ընդհանուր համակարգից, և ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանը օգտվելու 700 միլիոնանոց շուկայից: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել, ու նաև մի տեսակ՝ մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ: Մաքսային միության անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում»

Բացի այդ, ըստ Սերժ Սարգսյանի, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա էներգակիրներ ներմուծել մրցունակ գներով՝ 30 տոկոս զեղչով, ինչը ևս մեծ խթան է տնտեսությունը զարգացնելու համար: Նախագահը հերքել է լուրերը, թե Մաքսային միությանն անդամակցությունը կարող է խոչընդոտել ներդրումներին, որոշ ապրանքատեսակների թանկացման պատճառով․ «Հիմնական հումքերի և ապրանքատեսակների մասով մենք արդեն բանակցային պրոցեսում ունենք պայմանավորվածություններ՝ սա մեկ, և երկրորդ՝ Հայաստանի կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ ժամանակի ընթացքում լինեն, կապված հումքի ներմուծման հետ: Ուզում եմ ասել, որ այստեղ էլ շատ հանգիստ կարելի է լինել»:

Այցի շրջանակում նախագահ Օլանդը մասնակցել է Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացմանը, այնուհետև երկու երկրների նախագահներն ուղևորվել են Ծիծեռնակաբեր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:Հաջորդիվ նախագահները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել են երկու երկրների ղեկավարների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին:

12  12.05.14 - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Ծիծեռնակաբերդ
19  12.05.14 - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժամանումը Երևան
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---