Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան 90 մլն եվրո հատուցում չի վճարի Կիպրոսին

Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան 90 մլն եվրո հատուցում չի վճարի Կիպրոսին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Թուրքիան պետք է 90 մլն եվրո վճարի Կիպրոսին որպես հատուցում 1974 թվականի ռազմական ներխուժման համար: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, այդ գումարից 30 մլն եվրոն կբաշխվի անհետ կորած կիպրոսցի հույների հարազատներին, իսկ 60 մլն եվրոն որպես հատուցում կվճարվի Կարպաս թերակղզում ապրող կիպրահույներին: Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Թուրքիային հատուցումը վճարել 18 ամսվա ընթացքում:

Դեռ 2009 թվականին դատարանը որոշում էր կայացրել, որ Թուրքիան պետք է 13 մլն եվրո վճարի Անկարայի կողմից կիպրոսցի հույների սեփականության իրավունքը խախտելու համար: 2001 թվականին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց 1974 թ. թուրքական ներխուժման դեմ Կիպրոս, սակայն հատուցման չափն այն ժամանակ չնշվեց:

Եվ, անշուշտ, Թուրքիան մտադիր չէ կիպրոսցի հույներից հատուցում վճարել 1974 թվականին կղզում իրագործած գործողության համար: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, ՄԻԵԴ որոշումը «սխալ է ու անհետևողական», զուրկ է իրավական հիմքից ու չի կարող կիրառվել գործնականում: Նա նաև նշել է, որ դատարանի վճիռը չի ստիպի Թուրքիային հրաժարվել Կիպրոսի հարցի արդար ու վերջնական հանգուցալուծման հարցում իբր անփոփոխ դիրքորոշումից:

«Արդար ու վերջնական լուծման» մասին մենք լսում ենք ոչ միայն Դավութօղլուից, այլ նաև Իլհամ Ալիևից: Հիշեցնենք, որ խնդրի նրանց տեսլականն այսպիսին է՝ Կիպրոսը պետք է վերջնականապես կիսվի, միջազգային հանրությունը ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, իսկ Արցախի Հանրապետությունը պետք է հանձնվի Ադրբեջանին: Եվ այն ժամանակ աշխարհում կտիրի խաղաղություն, իսկ ավելի շուտ, առաջին քայլը կարվի դեպի Օսմանյան կայսրության վերակենդանացումը, թեև գաղափարն ինքնին արդեն արդիական չէ: Նոր օսմանականության գաղափարի հեղինակ Դավութօղլուն ինքը շարունակում է խոսել ինչ-ինչ նոր գաղափարների մասին, սակայն, մեկ բան պարզ է՝ Էրդողանի նախկին խորհրդականին ԱԳ նախարարի պաշտոն վստահել չէր կարելի: Իսկ գուցե այլ կերպ մտածել թուրք քաղաքական գործիչներն ունակ էլ չեն:

Օրինակների համար հեռու գնալ պետք չէ: Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան ցանկացած պահի պետք է պատրաստ լինի պատերազմի: «Մենք ստիպված են ցույց տալ, որ պատրաստ ենք պատերազմի խաղաղությունը վերականգնելու համար: Թուրքիան պատերազմ չի ուզում և Անկարան ջանում է պահպանել կայունությունը տարածաշրջանում, սակայն, չնայած դրան, երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի»,-ասել է նախագահը: Ում հետ է մտադիր պատերազմել Թուրքիան առաջիկայում դեռ պարզ չէ, սակայն, գուցե նա այնուամենայնիվ կցանկանա ևս մեկ անգամ միջամտել սիրիական գործերին կամ, ինչն ավելի վտանգավոր է, ղարաբաղյան կարգավորմանը կամ, ասենք, «նշել» իր ներկայությունը Բալկաններում: Կայսերական մտածողությունն այդքան հեշտ չի անցնում, երբեմն մնում է գենետիկ մակարդակում, ու ոչ մի ժողովրդավարություն դա փոխել չի կարող: Առավել ևս «ժողովրդավարությունը թուրքական ձևով»:

Տնտեսության ներկա մակարդակի պարագայում 90 մլն եվրոն բավականին զգալի գումար է Թուրքիայի համար: Իսկ եթե այսօր կամ վաղը նույն ՄԻԵԴ-ը որոշի, որ Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է հատուցում վճարի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, ինչ կկատարվի թուրքական էկոնոմիկայի ու ընդհանրապես երկրի հետ: Այդ դեպքում խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին կլինի…: «Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ:

Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Կիպրոսի Հանրապետությունը պահպանում է կղզու ամբողջ տարածքի ինքնիշխանությունը, 2004 թվականից անդամակցում է Եվրամիությանը: ԵՄ-ն համարում է, որ կղզու հյուսիսային մասը ժամանակավորապես չի վերահսկվում օրինական կառավարության կողմից:

Կղզու միավորման մասին բանակցություններն ընթանում են թուրքական զորքերի ներխուժումից ի վեր, սակայն ապարադյուն: 2013-ի դեկտեմբերի վերջում Հունաստանի ԱԳՆ-ն, որին 2014-ի հունվարի 1-ին անցավ ԵՄ-ումնախագահությունը, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանավեճ սկսելու իմաստ չի տեսնում, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---