ԱԳ նախարար․ Վիեննայում բանակցային գործընթացն առաջ մղելու հույս էր առաջացել, բայց Ադրբեջանը հետքայլ արեց

ԱԳ նախարար․ Վիեննայում բանակցային գործընթացն առաջ մղելու հույս էր առաջացել, բայց Ադրբեջանը հետքայլ արեց

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, ում Ժակ Ֆորը հանդիպման սկզբում ներկայացրել է երկրի ղեկավարին։

Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համանախագահ Ժակ Ֆորի գործունեությունը և շնորհակալություն հայտնել բանակցային գործընթացում մինչ այժմ նրա իրականացրած կարևորագույն առաքելության համար:

Հանդիպմանը համանախագահները նախագահ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահներին ու Անջեյ Կասպրշիկին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարարը։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Անդրադառնալով շաբաթվա սկզբին նշված հրադադարի հաստատման 20-ամյակին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս ընթացքում Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն 1994-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի, այլև 1995-ի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունները, շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, ինչը լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Նախարարը նաև նշել է, որ նախորդ նոյեմբերին Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո որոշակի հույս էր առաջացել, որ կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը, բայց ադրբեջանական կողմը, ինչպես և հաճախ պատահել էր նախկինում, վերստին հետքայլ է կատարել, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Դա հատկապես ակնհայտ էր ՄԽ համանախագահների հետ ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը, երբ ադրբեջանական կողմը մերժել է համանախագահների առաջարկը, որն արվել էր երկու նախագահների միջև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությամբ:

Զրույցի ընթացքում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ իր ապակառուցողական քաղաքականությամբ, մերժելով եռանախագահների բազմաթիվ առաջարկությունները՝ Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացի արձանագրումը և դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար:

ԼՂՀ ԱԳՆ տեղեկացմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու երկրի ղեկավարությանը: Նախատեսվում են այցեր Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների և բնակիչների հետ:

Մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի պլանային դիտարկմանը: Այդ ընթացքում միջնորդները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ԼՂՀ կողմից անցնելու են ադրբեջանական տարածք:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկմանն ու ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանըքննարկվել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախարար Օհանյանը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանը հավելել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:

Հանդիպմանը դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---