Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է

Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Բնական գազի առաքումը Հայաստան վերսկսվել է, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը:

Մայիսի 17-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որ ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հայտնել էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ հավելելով, որ սպառողների գազամատակարարումը կիրականացվի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

«Հյուսիս-Հարավ» գազամուղի վթարը տեղի էր ունեցել սողանքի պատճառով Վրաստանի Դարյալի կիրճում, հայտնել է Վրաստանի կառավարությունը:

Դարյալի կիրճը գտնվում է Թերեկ գետի հովտում, այդ վայրով է անցնում Ռուսաստանն ու Անդրկովկասի երկրները կապող մայրուղին:

«Տեղում աշխատել են արտակարգ իրավիճակների ծառայության բրիգադները, պարեկային ոստիկանությունը, բուժօգնության բրիգադներ: Փրկարարներ են ժամանել Թբիլիսիից»,-ասվում էր Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:

Սողանքի հետևանքով փակվել էր Թերեկ գետի հունը: Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը հեղեղման վտանգի պատճառով խորհուրդ տվեց Էզմի, Չմի և Ներքին Լարս ավանների բնակիչներին հեռանալ տներից: Մայիսի 18-ին բնակիչներին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սողանքի հետևանքով երեք բանվոր է զոհվել: Անհայտ կորածների մասին տվյալները տարաբնույթ են: Ըստ Հյուսիսային Օսեթիայի ԱԽ ղեկավար Վիտալի Զանգիոնովի, անհայտ կորածների թվում վեց ռուսաստանցիներ կան, այդ թվում Ստավրոպոլի երկրամասի 5 բնակիչ և Հյուսիսային Օսեթիայի մեկ բնակիչ: Ըստ նրա, Ռուսաստանը Անդրկովկասի երկրների հետ կապող ավտոմայրուղին փակ կլինի 1-1,5 ամսվա ընթացքում: Նա նշել է, որ ժամանակ է հարկավոր փլուզումից ճանապարհը մաքրելու համար:

Այդ տեղեկությունը հաստատել են նաև Վերին Լարս անցակետում: «Այժմ Դարյալի կիրճում սողանքի հետևանքով փլուզման մաքրման աշխատանքներ են տարվում»,-ասել է նա, հայտնում է «Կովկասյան հանգույցը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---