21  24.05.14 - ՀՀԿ 15-րդ համագումարը

ՀՀԿ համագումար. Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում

ՀՀԿ համագումար. Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ գործող նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Շուրջ 1700 պատվիրակները միաձայն քվեարկել են առաջադրված միակ թեկնածուի օգտին` Սերժ Սարգսյանին վերընտրելով ՀՀԿ նախագահի պաշտոնում:

«Ուզում եմ` բոլորդ համոզված լինեք, որ կուսակցությունը տանելու եմ դեպի նոր հաջողություններ»,- վերընտրվելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը:

Բացի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից ՀՀԿ գործադիր մարմնի ամբողջ կազմը վերընտրվել է: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա նա անցնում է դիվանագիտական աշխատանքի և երկրում չի լինելու: Այս մասին հայտարարել է նախագահը` ավելացնելով, որ Տիգրան Սարգսյանը թողնում է ՀՀԿ գործադիր մարմինը և մնում միայն խորհրդի կազմում: Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն Գործադիր մարմին ընդունվի Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ Խորհուրդն այսուհետ կունենա 206 անդամ:

Ավելի վաղ համագումարում իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել է, որ սա երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ:

Ուրախությամբ փաստելով ՀՀԿ-ի` վերջին համագումարից հետո ունեցած ձեռքբերումները, նախագահն անդրադարձել է քաղաքական դաշտի վերլուծությանն ու դրանում Հանրապետականի դերին:

«Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ: Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը»,- նշել է Սերժ Սարգսյանը` իշխող քաղաքական ուժն և ընդդիմությունը համեմատելով մարդու ձեռքերի հետ. անհրաժեշտ է և՛ աջը, և՛ ձախը. «Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ»:

Ըստ նախագահի` գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները. «Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում: Եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ ոչ էական փաստացի արդյունքներով և միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Առաջիկա տարիները լինելու են խիստ կարևոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի և կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք և դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում»:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր չկա մի ուժ, որ կարող է անել ավելին, քան հանրապետականները. «Ուրեմն, չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է՝ քիչ պայքար, շատ գործ»:

Անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրին, նախագահը նշել է, որ այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն:

«Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա միտումներն ու մեզ համար կարևոր շուկաներից եկող բացասական ազդակները՝ կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Դա ճիշտ մոտեցում է, որը նվազեցնում է իրականացվող քաղաքականության ռիսկերը: Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադարձել է նաև Մաքսային միությանը` նշելով, որ ակնկալում է լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Նա վստահություն է հայտնել, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու:

Անդրադառնալով Արցախին, Սերժ Սարգսյանը նշել , որ հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում. «Իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարևանն այսօր, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է կացնով խմբագրել պատմությունը` պատերազմ մղելով տեղեկատվական հարթությունում: Բովանդակային հարթությունում լինելով սնանկ՝ տուրք է տալիս ձևին, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսելով սպառազինության վրա»:

Ելույթ է ունեցել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ իշխող կուսակցությունն ունի հանձնառություն և քաղաքական կամք՝ անելու այն, ինչ ակնկալում է ժողովուրդը:

«Ինձ համար՝ որպես կուսակցության փոխնախագահի, սա կրկնակի պատասխանատվության ժամանակաշրջան է, քանի որ ինձ վերջերս վստահվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարումը»,- հայտարարել է վարչապետը:

Մինչև համագումարի մեկնարկը լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որևէ նախարար իրավունք չունի զբաղվել բիզնեսով, բայց եթե տվյալ մարդու բարեկամը զբաղվում է բիզնեսով, ապա դա այլ խնդիր է. «Պետք է տարանջատել: Եթե բարեկամն ունի բիզնես, դա դեռ չի նշանակում, որ պետք է օգտվել այդ փաստից և հարկային դաշտ չմտնել»: Նա նշել է, որ հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այն նախարարների ու պաշտոնյաների բարեկամներին, ովքեր բիզնես ունեն ու ճշտեն` տվյալ անձինք հարկերը վճարում են: Վարչապետը խոստացել է սկսել հենց իր եղբորից ու ստուգումների միջոցով պարզել` հարկերը վճարում է: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է` եթե վարչապետի եղբորը ստուգեն, ապա նախարարներին էլ կստուգեն, գրում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---