Վրաստանի նախկին նախագահը հորդորում է Պորոշենկոյին շարունակել մարտական գործողությունները Դոնբասում

Վրաստանի նախկին նախագահը հորդորում է Պորոշենկոյին շարունակել մարտական գործողությունները Դոնբասում

PanARMENIAN.Net - Բոլորն են փոխվում, հատկապես անգործ մնացած քաղաքական գործիչները: Ով գեղանկարչությամբ է զբաղվում, ինչպես Ջորջ Բուշ կրտսերը, ով բնապահպանական խնդիրներով, ինչպես Բիլլ Քլինթոնը, մյուսները դասախոսություններ են կարդում՝ օրվա հացի փող վաստակելով: Բայց գրեթե ոչ ոք իր խորհուրդներով չի խցկվում մեկ այլ երկիր, ինչպես դա անում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Հասկանալի է, որ Սահակաշվիլին ջանում է հաստատել իր նշանակությունը, իսկ որտե՞ղ դա կարելի է ավելի հեշտ անել, եթե ոչ Ուկրաինայում: Ուստի Սահակաշվիլին խորհուրդներ է տալիս նորընտիր նախագահ Պորոշենկոյին՝ չդադարեցնել պատժիչ գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում և ավելին՝ խոստացել է օգնել: Օգնությունը, հավանաբար, այն կլինի, որ Սահակաշվիլին համոզի ԱՄՆ-ին մահաբեր զենք առաքել Ուկրաինա:

Ավելին՝ նախկին նախագահը Պորոշենկոյին անվանել է «պատերազմական ժամանակի նախագահ, որին աջակցություն է հարկավոր», իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Սահակաշվիլին գտնում է, որ Կիևն ուղղակի պարտավոր է «ամուր պահել իր դիրքերը»: Օրինակ, «ոչ մի քայլ հետ», ինչպես դա արեց ինքը Սահակաշվիլին, ավելի ճիշտ, ինչպես իրեն է թվում թե արեց, քանի որ բոլորի հիշողության մեջ դեռ վառ է ռուսական ինքնաթիռից մահու աստիճանի վախեցած Վրաստանի նախագահի դեմքը: Անմիջապես հիշվում է նաև ԱՄՆ 1947-1949 թթ. ՊՆ ղեկավար Ջեյմս Ֆորեստոլը, որն ուղղակի մանիա ուներ «ռուսների ներխուժման» հարցում: 1949 թվականի մարտի 28-ին հոգեկան խնդիրների պատճառով Ֆորեստոլը հեռացվեց պաշտոնից և 5 օր անց տեղափոխվեց ազգային ռազմածովային բուժկենտրոն: Պաշտոնապես հայտարարվեց, որ նախկին նախարարը «նյարդային ու հոգեբանական հյուծվածություն» ունի, սակայն նրա բժիշկը, կապիտան Ջորջ Ռայնսը նրան «դեպրեսիա» ախտորոշումը տվեց: Ըստ չհաստատված տեղեկությունների, հիվանդության ժամանակ Ֆորեստոլն անդադար կրկնում էր. «Ռուսներն են գալիս, ռուսներն են գալիս: Նրանք ամենուր են, ես տեսել եմ ռուս զինվորներին»: Մայիսի 22-ին նրա դին հայտնաբերեցին երրորդ հարկի տանիքում՝ 16-րդ հարկի խոհանոցի պատուհանների տակ, որը գտնվում էր նրա հիվանդասենյակի դիմաց:

Ճիշտ է, Սահակաշվիլին, որքան էլ ատի ռուսներին, մտադիր չէ «հետևել» Ֆորեստոլի օրինակին, սակայն հիվանդության ախտանիշերն ակնհայտ են: «Ուկրաինան ամեն գնով պետք է միանա Եվրոպային, նույնիսկ անկախ հնարավոր հետևանքներից: Գլխավորը, Ռուսաստանից հեռու լինելն է»: Ամենատխուրն այն է, որ Կիևում կարող են լուրջ ընդունել Սահակաշվիլիին և դրանով էլ ավելի խորացնել պառակտումն Ուկրաինայում, թեև կարծես խորացնելու տեղ էլ չի մնացել: Նշենք, որ Եվրոպային միանալու «հնարավոր հետևանքները» կարող են ի հայտ գալ արդեն աշնանը և հազիվ թե հուսադրող լինեն: Ուկրաինային ոչ ոք այդպես էլ փող չտվեց, թեև միլիարդներ խոստացան: Այժմ շատ ավելի քիչ են խոստանում, բայց չեն տալիս: Իսկ կտան արդյոք, մեծ հարց է: Արևմուտքն, ի վերջո, պարտավոր չէ վճարել Ռուսաստանին գազի համար կուտակված պարտքերը:

Եվ վերջին նրբությունը: Վերջերս Կիև-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ Սահակաշվիլին անսպասելի հայտարարություն արեց. «Շատ եմ կարոտում Վրաստանը, բայց մի շարք պատճառներով, չեմ կարող վերադառնալ»: Խորամանկում է նախկին նախագահը. նա, անշուշտ, կարող է վերադառնալ Վրաստան, բայց նրան անմիջապես հարցաքննության կկանչեն ու կարող են նույնիսկ բանտարկել: Իսկ դա «հանուն Ուկրաինայի ազատության ու ժողովրդավարության մարտիկը» չի ուզում: Շատ ավելի հաճելի է ապրել Կիևում կամ ԱՄՆ-ում ու ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր մասին: Հավանաբար, որ վրացիները հիշեն, թե ումից և ինչից են փրկվել։

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---