Ընտրությունները Հարավային Օսեթիայում ապօրինի՞ են, ինչպես ԼՂՀ-ում, Աբխազիայում, Ղրիմում

Ընտրությունները Հարավային Օսեթիայում ապօրինի՞ են, ինչպես ԼՂՀ-ում, Աբխազիայում, Ղրիմում

PanARMENIAN.Net - Ընտրությունները բոլոր ինքնահռչակ, իսկ իրականում հետխորհրդային փաստացի անկախ հանրապետություններում «ընդունված է» ապօրինի համարել և միջազգային իրավունքի նորմերին անհամապատասխան: Հենց դա են հայտարարում Վրաստանի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և մյուս միջազգային ինստիտուտները, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները, մասնավորապես, ազատ կամարտահայտության իրավունքը:

Նախօրեին տեղի ունեցած Հարավային Օսեթիայի խորհրդարանական ընտրությունները ևս նման գնահատականի արժանացան: Այդ երկրի ԿԸՀ ղեկավարը հայտնել է, որ խորհրդարան է անցել չորս կուսակցություն. «Միասնական Օսեթիան» ստացել է 34 տեղից 20-ը (43,1 տոկոսից քիչ), «Ժողովրդի միասնությունը»՝ 6 տեղ (13,24 տոկոս), Ժողովրդական կուսակցությունն ու «Նիխասը»՝ 4-ական տեղ (9,09 տոկոս և 7,4 տոկոս համապատասխանաբար»): Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլիովը հայտարարել է, որ ընտրություններն անցել են օրենքին համաձայն:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում անցկացված բոլոր ընտրություններն ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական, վերոնշյալ կազմակերպությունները չեն ճանաչվում: Հետաքրքիր է նաև ձևակերպումը, թե ինչու են բոլոր այդ ընտրությունները, լինի դա ԼՂՀ-ում, Աբխազիայում, թե Մերձդնեստրում, համարվում ապօրինի. «նրանք խանգարում են հակամարտության կարգավորմանը»: Բավականին տարօրինակ ձևակերպում, եթե ոչ ավելին: Եվ սա այն դեպքում, երբ չճանաչված հանրապետություններում ընտրությունները շատ ավելի ազնիվ ու կազմակերպված են անցնում, քան նույն Վրաստանում, Ադրբեջանում ու Մոլդովայում:

Մարտից «ապօրինիների» ցուցակը համալրվեց Ղրիմով: Եթե հաշվի առնենք, որ ինչ-որ տեղ Արևելյան Թիմորում կամ Էրիթրեայում, որոնք ժամանակին անկախություն են հռչակել, որը համաշխարհային հանրությունը չէր ճանաչում, ընտրությունները նման գնահատականի չէին արժանանում, ապա կարելի է ասել, թե ԵՄ, ՆԱՏՕ-ի ու ԵԽ շահերը կապված են հենց հետխորհրդային տարածքի հետ, իսկ եթե ավելի հստակ՝ Ռուսաստանի: Անդրօվկիանոսյան տարածքները, որտեղ կլանների միջև պատերազմ է գնում, ՆԱՏՕ-ին դեռ մի տեսակ չեն հետաքրքրում: Եվ հազիվ թե հետաքրքրեն մոտ ապագայում՝ հեռու է ու ձանձրալի:

Բայց գլխավորը, այնուամենայնիվ, այն է, որ ինքնահռչակ հանրապետությունների բնակչությունն այնքան էլ ուշադրություն չի դարձնում «աշխարհի ուժեղների» վճիռներին: Եվ ուժեղ էլ նրանց անվանել մի տեսակ չի ստացվում՝ Բաքվում, Քիշնևում կամ Թբիլիսիում սեփական միջոցառումներում անվտանգությունն ապահովելու նույն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անկարողությունը տեսնելով: Ինչ-որ անհասկանալի բան է ստացվում՝ մի կողմից ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կարծես Վրաստանին ու Ուկրաինային իրենց շարքերն են կանչում, մյուս՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով ասում, որ այդ երկու երկրները Եվրամիությունում տեղ չունեն:

Շարունակելով ՆԱՏՕ-ի թեման՝ նշենք, որ ապրիլի սկզբին Der Spiegel-ը հրապարակեց ՆԱՏՕ-ի գաղտնի պլանը Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ «հարաբերությունները զարգացնելու գործնական միջոցների մասին»: Վրաստանն այդ ծրագրում չգիտես ինչու չկա. հավանաբար, համարվում է, որ նա արդեն հուսալի գործընկեր է ու կանի այն ամենը, ինչ կասեն Բրյուսելում: Nato Restricted գրանշումով 7-էջանոց փաստաթղթում, որն ընդունել է ՆԱՏՕ-ի գործընկերության կոմիտեն, յոթ երկրից յուրաքանչյուրի համար նախատեսված են առանձին միջոցառումներ: Մոլդովայում նախատեսվում է հզորացնել դաշինքի ներկայությունը՝ մասնավորապես, հեղինակները առաջարկում են քննարկել այդ երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համալրմանը, իսկ հանրապետության մայրաքաղաք գործուղել ՆԱՏՕ-ի կապի ու փոխգործակցության սպայի: Ադրբեջանի հետ առաջարկվում է, առաջին հերթին, առավել ակտիվ գործակցություն ծավալել էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտում, Հայաստանի համար առաջին պլան է մղվում բանակի պատրաստությունը:

Ըստ փաստաթղթի հեղինակների, հարկավոր է ավելացնել ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ համատեղ գործողությունների համակարգումը, ինչի համար անհրաժեշտ է համատեղ զորավարժություններ անցկացնել: Նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի մասնակցությունը Smart Defence ծրագրի նախագծերին, ինչը ենթադրում է ռազմական հանդերձանքի առաքում ու զիններուժի համակցում մասնագիտացումների բաժանմանը զուգահեռ: Հասկանալի է, որ մետրոպոլիաներից անջատված հանրապետություններում ինչ-որ ընտրություններըմիայն կխանգարեն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---