Foreign Policy-ն համեմատել է Իլհամ Ալիևի կլանը Կոռլեոնե ընտանիքի հետ

Foreign Policy-ն համեմատել է Իլհամ Ալիևի կլանը Կոռլեոնե ընտանիքի հետ

PanARMENIAN.Net - Վերջին 10 տարում Ադրբեջանը՝ չափերով Իռլանդիայի պես մի երկիր, որի նավթի պաշարները գրեթե երկու անգամ գերազանցում են Տեխասինը, կարողացել է բարեկամներ գտնել ու ազդեցություն ստանալ ԱՄՆ Կոնգրեսում, բրիտանական խորհրդարանում ու ԵԽԽՎ-ում, գրում է Interpreter ռեսուրսի խմբագիր Մայքլ Վայսը Foreign Policy-ում: Այնտեղ, որտեղ չէին գործում վճարված ուղևորությունները Բաքու, իշխանությունները միլիոնավոր դոլարներ էին տալիս առաջատար լոբբիստներին, խորհրդատվական ու PR-ընկերություններին իրենց երկրի իմիջն արտերկրում լավագույնս ներկայացնելու համար:

Ալիևի ռեժիմն առանց ավելրոդ աղմուկի ճանապարհ է հարթել անդրատլանտյան կազմակերպություններ երեք համոզիչ փաստարկների օգնությամբ:

Առաջինն այն է, որ Ադրբեջանը աշխարհի միակ պետությունն է մահմեդական բնակչությամբ, որն ուրախ է գործակցել ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև լինել Իսրայելի առևտրային ու դիվանագիտական դաշնակիցը:

Երկրորդը, ադրբեջանական նավթային բումը, որի շնորհիվ երկրի ՀՆԱ-ն 2001 թվականից մինչև 2011 թ. աճեց 10 անգամ, կարևոր հակակշիռ է Ռուսաստանի մենաշնորհային ու ագրեսիվ էներգետիկ քաղաքականությանը: Վերջապես, գտնվելով Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկում, Ադրբեջանն Արևմուտքի ռազմավարական գործընկերն է Իրանի միջուկային սպառնալիքի դեմ և Պուտինի տարածաշրջանը «վերախորհրդայնացնելու» փորձերի դեմ, գրում է Վայսը: Իսկ եթե Արևմուտքը երբևէ դադարի դա գնահատել կամ տեսնել, Ալիևի ռեժիմը միշտ կարող է շրջվել դեպի Մոսկվան կամ Թեհրանը՝ նրանք անհամբեր թակում են նրա դուռը, ասվում է հրապարակման մեջ:

«Ալիևի լոբբիի իսկական նպատակն էր ազդանշան ուղարկել տուն այն մասին, որ ոչինչ չի կարելի անել այդ ընտանիքին իշխանությունից հեռացնելու համար,-գտնում է «Ամերիկաբնակ ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» (AZAD) կազմակերպության նախագահ Էլամր Շախտախտինսկին:-Երբ ԱՄՆ Կոնգրեսի անդամը կամ նախկին կոնգրեսականը շնորհավորում են Ալիևին հաղթանակի առթիվ, դա չի նշանակում, թե ռեժիմի դիրքերն Արևմուտքում ամրապնդվում են, սակայն հզոր ազդակ է ուղարկում բնակչությանն այն մասին, որ դրա ետևում Արևմուտքն է կանգնած ու աշխարհն Ադրբեջանից այն կողմ այդքան էլ չի տարբերվում»:

Ըստ իրավապաշտպան Ռեբեկկա Վինսենտի, որը ԱՄՆ դիվանագիտական կորպուսի նախկն աշխատակցուհի է, Ալիևն Ադրբեջանում «վախի մթնոլորտ» է ստեղծել. 2013 թ. հունվարից քաղբանտարկյալների քանակը 65-ից աճել է, հասնելով 100-ի:

Իլհամ Ալիևը իշխանության եկավ 2003 թվականին, նախագահի պաշտոնում փոխարինելով հորը՝ Հեյդարին, որը կառավարում էր երկիրը 1969 թվականից, հիշեցնում է հեղինակը. «Այժմ նրա որդին է ղեկավարում աշխարհում ամենահին բռնտաիրական տոհմը և գլխավորում կլանը, որը WikiLeaks-ի հրապարակած դիվանագիտական հեռագրերում հաճախ համեմատում են միջնադարյա ֆեոդալական իշխանության կամ Սոննի Կոռլեոնեի կլանի հետ «Կնքահայրից»:

Ըստ մի շարք զեկույցների, նրա ռեժիմն անհուսալիորեն կոռումպացված է. «Չնայած, որ նախագահի պաշտոնական աշխատավարձը տարեկան 228 հազար դոլար է, նրա երեխաները միլիոնավոր դոլարների սեփականություն ունեն»: Ինչպես 2010թ. գրել էր The Washington Post-ը, երբ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, ընդամենը 11 տարեկան էր, նրա անունով առանձնատներ գնվեցին Դուբայի Պալմ Ջուբեյրա արհեստական կղզու վրա 44 մլն դոլար արժողությամբ: Բացի այդ, ինչպես վերջերս պարզեց Վայսը, պատանի Հեյդար Ալիևը տեխնիկապես տիրում է ռուսական «Վնեշտորգբանկի» ադրբեջանական բաժանմունքի բաժնեմասի 48, 99 տոկոսին:

Հասարակական կյանքը երկրի ներսում վերահսկվում է ահաբեկման, գրաքննության ու դատավարությունների միջոցով: Ավելի բարդ է երկրի կերպարի բարելավումն արտերկրում: «Եվ, ինչպես ցանկացած երկրում, որը հիշեցնում է «Կնքահոր» մասին, դա ընտանեկան գործ է»,-ասվում է հոդվածում:

Լոբբիստական ջանքերն արտերկրում երեք ընտանիք է վերահսկում՝ Ալիևների (նրանց են հարում նաև Փաշաևները՝ առաջին տիկնոջ ընտանիքը), Մամեդովների ընտանիքը, որը գլխավորում է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, որի որդին՝ Անարը, ղեկավարում է լոբբիստական գործողություններն ԱՄՆ-ում, և Հեյդարովների ընտանիքը արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի գլխավորությամբ (նրա որդին պատասխանատու է լոբբինգի համար Եվրոպայում):

«Օտարերկրացի գործակալների գրանցման մասին» (FARA) 1938 թ. ակտը պարտավորեցնում է բոլոր ամերիկյան ընկերություններին զեկուցել արտերկրի կառավարություններից ստացած միջոցների մասին: Ուշադիր ուսումնասիրելով ԱՄՆ արդարադատության նախարարության համապատասխան փաստաթղթերը, պարզվում է, որ մի շարք իրավաբանական, խորհրդատվական ու լոբբիստական ֆիրմաներ վարձատրվում են Ալիևի կողմից:

Բաքվի շահերը Վաշինգտոնում ակտիվորեն առաջ մղող կազմակերպություններից մեկը «Ամերիկայի ադրբեջանական միությունն» է (ААА): Ըստ արդարադատության նախարարության տվյալների, կազմակերպությունը 2,4 մլն դոլար է վճարել Fabiani & Company հեղինակավոր ընկերությանը «ադրբեջանական ժողովրդի, երկրի, մշակույթի ու միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ու առաջ մղման ռազմավարություն մշակելու համար»: Ասվում է նաև, որ կազմակերպության աշխատակիցները հանդիպել են Ներկայացուցիչների պալատի 85 անդամների, 21 սենատորներրի, Heritage Foundation, Jamestown Foundation և Atlantic Council կազմակերպությունների անդամների հետ: Բացի այդ, AAA-ն համոզել է յոթ նահանգների օրենսդիր ժողովներին բանաձևեր ընդունել ու Ադրբեջանի հետ բարեկամության մասին հռչակագրեր, հաճախ օգտագործելով ձևակերպումներ, որոնք զարմացնում են իրավապաշտպան կազմակերպությունների ու ընդդիմության ներկայացուցիչներին:

Եվրոպայում Ադրբեջանի շահերն առաջ է տանում Տալե Հեյդարովը: «Տալեն կրթված ու դաստիարակված մարդ է, շփվում է արքայազն Հարրիի հետ և շատ միջոցներ է ծախսում Ադրբեջանի իմիջի բարելավման համար: Նա ուզում է, որ երկիրը ներկայանա որպես հուսալի էներգետիկ գործընկեր, որի հետ կարելի է գործ բռնել»,-ասում է բրիտանացի լրագրող ու գրող Օլիվեր Բուլլոուն: Նրա գլխավոր գործիքն այդ գործում «Եվրոպայի ադրբեջանական ընկերակցությունն» է (TEAS):

Արևմտյան Եվրոպայի հետ կապերի հաստատումը TEAS-ի համար ճոխ ուղևորությունների կազմակերպումն է Ադրբեջանում խորհրդարանի անդամների համար: Ըստ The Guardian-ի, կազմակերպությունն առնվազ 71740 ֆունտ է ծախսել Պահպանողական կուսակցությունից պատգամավորների ուղևորությունների վրա և առնվազն 9700 ֆունտ՝ ազատականների ուղևորությունների համար: Բացի այդ, TEAS-ը տարեկան 6 հազար ֆունտ է վճարել Մար Ֆիլդին՝ Համայնքների պալատի հետախուզության կոմիտեի անդամին:

Ավելի հեշտ էր իր կողմը քաշել ԵԽԽՎ-ին: «Ադրբեջանին պետք էր միայն ապահովել իրեն համակրող պատգամավորների ու մյուս մասնակից երկրների պատգամավորների ներկայությունն իրենց երկրում քվեարկության օրը»,-հայտնում է լրագրողը:

Հեռվից Ադրբեջանը կարևոր, ուշադրության արժանի պետության տպավորություն չի թողնում: «Սակայն անվտանգ ու կայուն մահմեդական երկրի կերպարը, որը սատարում է Արևմուտքին, ինչն Ադրբեջանը շահագործում է վերջին մեկ ու կես տասնամյակում, շատ գրավիչ է իշխող շրջանակների ներկայացուցիչների համար»,-ասվում է հոդվածում: «5 տարուց Կոռլեոնեի ընտանեկան գործը միանգամայն օրինական կդառնա»,-խոստանում է Մայքլ Կոռլեոնեն Քեյ Ադամսին «Կնքահայրը» ֆիլմում: «Մեծ ծախսերի գնով ու հմուտ քարոզչության միջոցով կասպիական Կոռելոնեների կլանը համոզել է Արևմուտքին, որ իրեն հաջողվել է դա անել, և ավելի շուտ: Ողբերգությունն այն է, որ բոլորը, կարծես, թքած ունեն դրա վրա»,-գրում է Վայսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---