ԱՄՆ-ն պնդում է, որ Իրաքում ազգային միասնության կառավարություն ձևավորվի

ԱՄՆ-ն պնդում է, որ Իրաքում ազգային միասնության կառավարություն ձևավորվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է աջակցել Իրաքի անվտանգության ուժերին՝ նշելով, սակայն, որ առաջին հերթին տեղացի առաջնորդները պետք է հաղթահարեն տարաձայնությունները երկրի ներսում հանուն պետության միասնության ու ամբողջականության: Քերին Բաղդադ է բերել Վաշինգտոնի ուղերձը. ԱՄՆ-ն պնդում է, որ ազգային միասնության կառավարություն ձևավորվի, որը կներկայացնի երկրի բոլոր համայնքների շահերը:

«Իրաքի ապագան առաջին հերթին կախված է Իրաքի առաջնորդների միավորվելու ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը հակահարված հասցնելու կարողությունից»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: ԱՄՆ-ն կարողացել է համոզել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիին նոր կառավարություն կազմավորել: Նրա կազմը պետք է հրապարակվի մինչև հուլիսի 1-ը: Պետքարտուղար Քերին հասկացրել է Բաղդադի իշխանություններին, որ ռազմական աջակցություն կցուցաբերվի միայն այն դեպքում, եթե սունի մահմեդականներին ևս թույլատրվի մասնակցել երկրի կառավարմանը: Քերին նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը պատասխանատու է Մերձավոր Արևելքի իրադարձությունների համար:

«Մեր աջակցությունը լուրջ ու տևական կլինի և, եթե Իրաքի առաջնորդները անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն երկրի միավորման համար, դա կտա անհրաժեշտ արդյունքը: Իրաքի անվտանգության ուժերը կկարողանան դիմակայել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը, կստիպեն հարգել Իրաքի ինքնիշխանությունը, հարգել Ամերիկան ու տարածաշրջանի կենսական շահերը»,-ասել է Քերին:

Մինչդեռ իրավիճակը հյուսիսային Իրաքում գնալով դուրս է գալիս վերահսկողությունից: Մասնավորապես, երկուշաբթի օրը սունի ծայրահեղականները գրավեցին նավթի վերամշակման երկրի խոշորագույն գործարանը Բայջիում: Գրոհայինների հետ բանակցություններից հետո բանակային հրամանատարությունը որոշեց հանձնել օբյեկտն առանց մարտի: Ինչպես հայտնում են տարածաշրջանային ԶԼՄ-ները, բուն քաղաքում ժողովրդական տոնախմբություն է բնակավայրի «ազատագրման» կապակցությամբ:

Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ կես տարի առաջ զգուշացրել է Բաղդադին ու ԱՄՆ-ին սունի խմբավորումների ներխուժման վտանգի մասին: NBC News-ին տված հարցազրույցում Բարզանին հայտարարել է, որ Քրդստանում լավ են իրազեկված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման վտանգի մասին: Ըստ վարչապետի, քրդերը փորձում էին ստիպել Իրաքի վարչապետ Նուլի ալ Մալիքիին գործողություններ ձեռնարկել խմբավորման դեմ, մասնավորապես, հյուսիսային Մոսուլ քաղաքում, երբ սունի գրոհայինները հավաքեցին ուժերն Իրաքում, պայքարելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ:

«Մենք առաջարկեցինք նրան համատեղ գործողություն անցկացնել դեռ վեց ամիս առաջ: Նա ուղղակի հրաժարվեց: Ըստ նրա, ամեն ինչ կարգին էր, խնդիր չկար»,-ասել է Բարզանին՝ հավելելով, որ ԱՄՆ-ին դիմելն արդյունք չտվեց: «Նրանք մեզ ասացին, որ ճնշում կգործադրեն Իրաքի հանդեպ և կզգուշացնեն Բաղդադին, բայց էլի ոչինչ տեղի չունեցավ»,-ասել է նա, հայտնում է Kurdistan.Ru-ն:

Քրդերը վերահսկում են հյուսիսային Իրաքի տարածքներն ըստ Իրաքի սահմանադրության: Վերջին շաբաթներին սունի գրոհայինները գրավել են հյուսիսային Իրաքի մեծ տարածքներ, մոտենալով քրդական տարածքներին: Նրանք հսկողության տակ են առել Մոսուլը և մյուս քաղաքները Բաղդադից դեպի հյուսիս: Շաբաթ օրը ԶԼՄ-ները հայտնեցին, որ գրոհայինները գրավել են Սիրիայի հետ սահմանային անցակետը:

NBC News-ին տված հարցազրույցում Բարզանին նաև հայտարարել է, որ Ալ Մալիքին պետք է հրաժարական տա: Քանի դեռ Մալիքին վարչապետ է, բարդ կլինի ելք գտնել Իրաքի ճգնաժամից:

Նա նաև մեկ անգամ ևս նշեց, որ պետական կառուցվածքի դաշնային ձևը սունիների, շիաների և քրդերի մասնակցությամբ, որոնք վերահսկում են սեփական տարածքները, հավանաբար, լավագույն տարբերակը կլինի որպես միասնական երկիր Իրաքը պահպանելու համար:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---