Ուկրաինա. 1129 զոհ, 110 հազար փախստական և ԱՄՆ-ՌԴ շարունակվող դիմակայություն

Ուկրաինա. 1129 զոհ, 110 հազար փախստական և ԱՄՆ-ՌԴ շարունակվող դիմակայություն

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արևելքում ուկրաինական բանակի կողմից ուժային գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 1129 մարդ, վիրավորվել՝ մոտ 3,5 հազարը: Այս թվերը հրապարակել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը, ներկայացնելով Ուկրաինայում դիտորդական առաքելության զեկույցը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ գերագույն հանձնակատարի թվով արդեն 4-րդ զեկույցը ներառում է 2014 թ. հունիսի 8-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածը: Եթե դիտարկենք վիճակագրությունն ապրիլի կեսից, երբ Ուկրաինայի արևելքում սկսվեցին աշխարհազորայինների բախումները բանակային ստորաբաժանումների հետ, մինիչև հուլիսի 15-ը, ապա զոհերի թիվը մոտ 1000 է: Նրանց կեսից ավելին՝ 522-ը, խաղաղ բնակիչներ են:

Ինչպես ասվում է փաստաթղթում, վերջին զեկույցի հրապարակումից անցած մեկ ամսում «մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ուկրաինայի արևելքում վատթարացել է, մարտական գործողությունները թեժացել են, աճում է այս ամենի բացասական ազդեցությունը երկրի մյուս մասերի վրա»:

Զեկույցում ասվում է, որ մարդկանց մահվան դեպքերի մեծ մասի պատճառը վերջին շրջանում բնակավայրերի հրետակոծությունն է:

«Զոհերի աճող քանակն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված լուրջ վնասը հանգամանքներից կախված կարող է գնահատվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում»,-ասել է Փիլեյը՝ հավելելով, որ «մարտերը պետք է կասեցնել»: «Կողմերը պետք է խուսափեն նոր զոհերից ու վիրավորներից խաղաղ բնակիչների շրջանում»,-գտնում է ՄԱԿ գլխավոր իրավապաշտպանը:

Հուլիսի 23-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն խոստովանել է, որ իրադարձություններն Ուկրաինայի արևելքում ներքին զինված հակամարտության բնույթ են ստացել: Հակամարտության այս որակումը թույլ կտա կիրառել միջազգային հումանիտար իրավունքի նորմեր և լուրջ խախտումների դեպքում որակել դրանք որպես ռազմական հանցագործություններ, իսկ կասկածյալներին հնարավոր կլինի հանձնել Միջազգային քրեական դատարանին: Գերագույն հանձնակատարը հայտնել է նաև, որ կառավարական ուժերի ռազմական գործողությունն աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող շրջանների դեմ սաստկացել է՝ «ծանր մարտեր են գնում բնակավայրերում և դրանց շուրջ, մարդկային զոհեր են լինում, ոչնչացվում է գույքն ու ենթակառուցվածքները, հազարավոր մարդիկ փախստական են դառնում»:

Ըստ ՌԴ ԱԻՆ հաղորդագրության, ուկրաինացի փախստականների թիվը ժամանակավոր տեղակայման կետերում հուլիսի 28-ի տվյալներով մոտենում է 33 հազարի: Փախստականների մեծ մասը նախկինի պես գտնվում է Ղրիմում և Ռոստովի մարզում, ամեն օր հարյուրավոր մարդիկ ԱԻՆ ավիացիայով և ավտոշարասյուներով տեղափոխվում են ՌԴ այլ շրջաններ»՝ առավելապես Կենտրոնական, Հյուսիս-Կովկասյան, Հարավային, Մերձվոլժյան դաշնային շրաջններ: Ըստ ՄԱԿ տվյալների, ուկրաինացի փախստականների թիվը Ռուսաստանի տարածքում հասնում է 110 հազարի:

Զեկույցում քննադատություն կա նաև աշխարհազորայինների հասցեին: Ըստ Փիլեյի, ռազմական օբյեկտների տեղակայումը բնակչության մեծ խտությամբ շրջաններում ու դրանց մոտակայքում և հարձակումներն այդ շրջաններից կարող է գնահատվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում:

Զեկույցում ասվում է, որ Արևելյան Ուկրաինայի շրջաններում, որոնք վերահսկվում են աշխարհազորայինների կողմից, «ամբողջովին հրաժարվել են իրավունքի գերակայությունից»: «Ոստիկանությունը փաստացի զինյալ խմբավորումների հսկողության տակ է: Ոստիկանական հետաքննություններ զինյալներին վերագրվող հանցագործությունների դեպքում չեն իրականացվում»,-ասվում է փաստաթղթում:

Զեկույցում ասվում է նաև, որ բազմաթիվ տեղեկություններ կան աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում մարդու իրավունքների խախտումների մասին:

Ուկրաինայի իշխանությունների տվյալների վրա հղումով ասվում է, որ ապրիլի կեսից «721 մարդ է առևանգվել զինյալ խմբավորումների կողմից», ընդ որում «375 մարդու ճակատագիր անհայտ է մնում»: ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Փիլեյը, ներկայացնելով զեկույցը, հայտնել է ավելի մեծ թվի մասին՝ 812 մարդ: «Զինյալների կողմից ձերբակալվածներից ոմանք տեղի քաղաքական գործիչներ են, պետծառայողներ, տեղական ածխային արդյունաբերության աշխատակիցներ, հիմնականում, սովորական մարդիկ, այդ թվում ուսուցիչներ, լրագրողներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսանողներ»,-ասվում է փաստաթղթում: Մարդկանց առևանգման հիմնական պատճառը համարվում է այդ մարդկանց փոխանակումը կառավարական ուժերի կողմից ձերբակալված անձանց հետ, նրանց համար գլխագին պահանջելը, նրանց օգտագործումը պարտադրական աշխատանքներում, այդ թվում խրամատների ու խրամուղիների փորելու ու մարտական գործողությունների համար:

Զեկույցում ասվում է, որ վերջերս նկատվում է զինյալ խմբերի «մասնագիտացում, ինչը խոստովանվում է ու ակնհայտ է»: «Նրանց առաջնորդները, որոնցից շատերը ՌԴ քաղաքացիություն ունեն, փորձ են կուտակել ու կոփվել Չեչնիայում ու Մերձդնեստրում»,-պնդում է փաստաթղթի հեղինակը: Հենց այդ մարդիկ են, ասվում է զեկույցում, իրականացնում աշխարհազորայինների «կենտրոնական հրամանատարությունը», որոնք նախկինում անջատ էին գործում: «Ծանր սպառազինություն, ներառյալ նռնականետներ ու զենիթային սարքեր, տանկեր ու զրահամեքենաներ, հակահետևակային ականներ են օգտագործվում»,-ասվում է փաստաթղթում:

Մինչդեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հուլիսի 28-ին արբանյակային լուսանկարներ էր տարածել, որոնք վկայում են, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ՌԴ տարածքից ուկրաինական զորքերի գնդակոծության փաստի մասին: Լուսանկարներն արվել են հուլիսի 21-26-ը և տրամադրվել են ազգային հետախուզության տնօրենի կողմից, որը համակարգում է ԱՄՆ բոլոր հետախուզական կառույցները:

Ինչպես հայտարարել են Պետդեպարտամենտում, լուսանկարներում տեսանելի են համազարկային կրակի հրթիռային համակարգեր և ինքնագնաց հրետանային սարքեր սահմանի ռուսական կողմում և ականների ու արկերի պայթյուններից առաջացած փոսերն ուկրաինական կողմից:

ԱՄՆ-ն առաջին անգամ մեղադրեց Ռուսաստանին ուկրաինական զորքերը գնդակոծելու մեջ: Այն ժամանակ Պետդեպարտամենտը հղում էր անում հետախուզական տվյալներին և զգուշացնում էր, որ շուտով ծանր հրետանին կարող է հատել սահմանն ու հայտնվել Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ կազմավորումների ձեռքում: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Պետդումայի պաշտպանության գծով կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարեց, որ ԱՄՆ-ն «ստում է ակնհայտ բաներում»: Նա նշեց, որ նման պնդումների համար այլ «համակարգերի տվյալներ են հարկավոր», իսկ հակառակ դեպքում «ամերիկացիների պնդումներն ապացույցներ չունեն»:

Հակամարտությունն Ուկրաինայում քննարկվել է հուլիսի 27-ին կայացած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ:

Ըստ ՌԴ ԱԳՆ կոմյունիկեի, «ԱԳ գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին, որ մոտեցումների բոլոր տարբերություններով հանդերձ հարկավոր է անհապաղ հրադադար ապահովել և բանակցություններ սկսել հակամարտող ուժերի միջև»:

Պետդեպարտամենտի շարադրմամբ, սակայն, շեշտը դրվում է մի կետի վրա, որը ՌԴ ԱԳՆ-ն ընդհանրապես չի հիշատակում՝ Քերին պահանջել է Լավրովից դադարեցնել ծանր զենքի մատակարարումը Դոնբասում ռուսաստանցի ու ռուսամետ զինյալներին և սահմանի այն կողմից Ուկրաինայի տարածքի գնդակոծությունները:

Քերին «չի ընդունել Լավրովի պնդումը, որը ժխտում էր, որ ծանր սպառազինությունը Ռուսաստանից նպաստում է հակամարտության շարունակությանը», հայտնել են Պետդեպարտամենտում, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---