Սահակաշվիլիին նոր մեղադրանք է ներկայացվել

Սահակաշվիլիին նոր մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Վրաստանի գլխավոր դատախազությունն օգոստոսի 5-ին հայտարարել է նոր քրեական գործով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին պատասխանատվության կանչելու մասին:

«Միխայիլ Սահակաշվիլին և Վանո Մերաբիշվիլին պատասխանատվության են ենթարկվել 333 հոդվածի 3 մասով (ծառայողական լիազորությունների գերազանցում)»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ: Խոսքը գնում է 2005 թվականին այն ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու կազմակերպման մասին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Հուլիսի 28-ին Սահակաշվիլիի դեմ արդեն իսկ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:

Նախկին նախագահի հետ գործով անցնում է մի քանի պաշտոնյա, որոնք աշխատել են նրա նախագահության օրոք՝ ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին, նախկին դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Կեզերաշվիլին, ինչպես նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Ըստ դատախազության, մեղադրյալները գերազանցել են լիազորությունները 2007 թ. նոյեմբերի 7-ին Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում ընդդիմության հանրահավաքը ցրելու ժամանակ: Նրանց կասկածում են նաև «Իմեդի» հեռուստաընկերության շենք ապօրինի ներխուժելու և «հանցավոր ճանապարհով գույքը յուրացնելու» մեջ, որը պատկանում էր հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլիին: Դատախազությունում նշում են, որ նշված հանցագործությունների համար մեղադրյալներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Մասնավորապես, դատախազությունում հայտարարում են, որ նախկին իշխանությունների ապօրինի գործողությունների արդյունքում խախտվել է Պատարկացիշվիլի ընտանիքի սեփականության իրավունքը, այն է՝ իշխանությունների կողմից յուրացվել է Թբիլիսիի Մթածմինդա զբոսայգին, որը պատկանում էր գործարարի ընտանիքին, և Ռուսթավիի մետաղագործական գործարանը: Ավելին, ըստ մեղադրականի, Սահակաշվիլիի ղեկավարությամբ 2007 թ. նոյեմբերին մշակվեց ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների վրա հոգեբանական և ֆիզիկական ճնշում գործադրելու ծրագիրը, իսկ հետագայում հանրահավաքն ուժով ցրելու ու մասնակիցներին ձերբակալելու ծրագիրը, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ծանր մարմնական վնասվածքներ ստացան: Ասվում է նաև, որ Սահակաշվիլիի իշխանության օրոք միջամտություն է եղել անկախ ԶԼՄ-ների աշխատանքին:

Դատախազությունը հայտնել է նաև, որ մի շարք գործեր, որոնց առնչությամբ Սահակաշվիլին ավելի վաղ կանչվել է հարցաքննության որպես վկա, ավարտական փուլում են և առաջիկայում արդյունքների մասին հայտնի կդառնա հանրությանը:

Հուլիսի 28-ին Վրաստանի նախկին նախագահին կանչեցին հարցաքննության գլխավոր դատախազություն, սակայն նա չներկայացավ: Գերատեսչությունում հայտարարեցին, որ չներկայանալու դեպքում Սահակաշվիլիի դեմ «կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ»:

Մի քանի ամիս առաջ Սահակաշվիլիին կրկին կանչել էին հարցաքննության որպես վկա 10 հարուցված գործերով, սակայն նա կրկին հրաժարվել էր ներկայանալ՝ հայտարարելով, որ չի վստահում Վրաստանի գործող իշխանություններին: 2013 թ. Սահակաշվիլին ժամանակավորապես բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ դասավանդում է: 2014-ի փետրվարին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվեց Սահակաշվիլիի կողմնակից, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին: Նրան մեղադրում են նաև ընտրողներին կաշառելու և բյուջետային միջոցների աննպատակային ծախսերի մեջ:

Նախկին վարչապետը պնդում է, որ գործը քաղաքական աստառ ունի, իսկ ինքը նոր իշխանությունների հետապնդման զոհ է: Նա չի ճանաչել մեղքը մեղադրանքի ոչ մի կետով:

Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով դատավճիռը իր նախորդին, հայտարարել է, որ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված բոլոր գործերը հասցվելու են ավարտին: Նա հերքել է Մերաբիշվիլիի հայտարարությունը քաղաքական հետապնդման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---