ՀՀ ԱԺ․ Եթե Ադրբեջանը շարունակի գործել նույն կերպ, զարգացումների պատասխանատվությունը կրելու է ինքը

ՀՀ ԱԺ․ Եթե Ադրբեջանը շարունակի գործել նույն կերպ, զարգացումների պատասխանատվությունը կրելու է ինքը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիվերսիոն հարձակումների ու լարված իրավիճակի առնչությամբ։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր և դիվերսիոն գործողություններ ձեռնարկել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից և նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք և անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:

Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր և վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գործին:

Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը և ցավակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:

Ստեղծված իրավիճակում բացառիկ կարևորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների և գործողությունների բացառման ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններին և պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջև հավասարություն դնող մոտեցումից և դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքերին:

Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել և ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 4-ին Ազգային ժողովում հանդիպել էր խորհրդարանական խմակցությունների ղեկավարներին, ում ներկայացրել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը։ Հանդիպումն անցել էր դռնփակ։ Դրանից հետո նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ եկել էր օրենսդիրներին առաջին դեմքից տեղեկացնելու՝ ինչ է տեղի ունենում։

Նա նշել էր, որ չնայած իրավիճակն առաջնագծում լարված է, ու ադրբեջանցիները ցանկացած պահի կարող են սադրանքներ կազմակերպել, որոնք կվերաճեն պատերազմի, վերջին օրերի միջադեպերի վերլուծությունները ցույց են տալիս՝ լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա։

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր: Օգոստոսի 4-ին հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---