Նախագահ Սարգսյանը՝ Երևանը ոչնչացնելու սպառնալիքների և «թաքցված» զինվորների կորուստների մասին

Նախագահ Սարգսյանը՝ Երևանը ոչնչացնելու սպառնալիքների և «թաքցված» զինվորների կորուստների մասին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին շրջանում հակառակորդի հիստերիային, մասնավորապես՝ մեկ ժամվա ընթացքում Twitter-ում Իլհամ Ալիևի արած մոտ 60 գրառմանը, ինչը Twitter-յան պատերազմ էր Հայաստանին, ինչպես նաև խոսել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին: Վերջինս, մասնավորապես, նշել էր, թե ադրբեջանական զինուժը պատրաստ է երկրի երեսից ջնջել Երևանը:

Նախագահը նշել է, որ ամեն ինչին արձագանքելը մեր գործելաոճը չէ:

«Խորապես համոզված եմ, որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը և որոշ այլ գործիչներ հուզական ելույթների իրավունք չունեն: Հուզական ելույթներն էլ են անհրաժեշտ, բայց այլ դեպքերում: Ամեն անգամ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ինչի՞ է հասնելու: Լեզվակռիվն ո՞ւմ է պետք: Կամ՝ ամեն անգամ ես պատասխանեմ Ադրբեջանի նախագահի անձնական վիրավորանքին: Եթե իմ չպատասխանելը դիտվեր այլ տեսանկյունից, կամ նրա ասածը դիտվեր իբրև ճշմարտություն, իհարկե, պարտավոր էի արձագանքել: Բայց ես ի՞նչ արձագանքեմ Ադրբեջանի նախագահի ասածներին, թե, իբր, Հայաստանի իշխանությունը կոռումպացված է, կրիմինալ է, չգիտեմ, ռազմական խունտա է և այլն: Ամբողջ աշխարհը մեղադրում է Ալիևին կոռուպցիայի մեջ, իսկ ինքը̀ մեզ: Ես ի՞նչ պետք է պատասխանեմ: Կարծում եմ՝ ոչ մեր հասարակության համար, ոչ միջազգային հանրության համար այստեղ որևէ խնդիր գոյություն չունի: Բայց, անշուշտ, կան դեպքեր, երբ պետք է պատասխանել, և անհրաժեշտության դեպքում պատասխանում ենք»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Օգոստոսի 7-ին Twitter-ի իր միկրոբլոգում Ադրբեջանի նախագահը գրել էր, թե «Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է դրա առաջին փուլը: Երկրորդ փուլը կարող է վերսկսվել»: Նույն օրը նա նաև այցելել է Աղդամի ու Բարդայի շրջաններ, որտեղ իր ելույթում նշել է, թե «իրենց դիրքերն ամուր են ու ադրբեջանական բանակն էլ շփման գծում առավելություն ունի»:

Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, թե շարունակելու են լրացնել սպառազինությունը: Նա նշել է, թե այսօր «կարող են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում գտնվող ցանկացած օբյեկտ», ասել նաև, որ հայ ժողովուրդը «պետք է ազատվի ֆաշիստական իշխանությունից, այլապես հայկական պետության գոյությունը կասկածի տակ կդրվի»: Եզրափակելով, Ալիևը հայտարարել է, թե «հայերին հաղթել են տնտեսական ու քաղաքական դաշտում, կկարողանան հաղթել նաև մարտի դաշտում»։

Անդրադառնալով պաշտպանության ադրբեջանցի նախարարի հոխորտանքին, նախագահը նշել է, որ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան է ասել, որը դրա հետ չէր կապված: «Նա ասաց̀ կողմերը քաջատեղյակ են միմյանց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, և դա առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»,- նշել է ՀՀ ղեկավարը:

Ադրբեջանի պաշպանության նախարարարությունն օգոստոսի 8-ին պաշտոնական հայտարարություն էր տարածել` Հայաստանի նկատմամբ սպառնալիքների հերթական չափաբաժնով:

«Մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երևանը», - ասված էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:

Սպառնալիքները հնչել են` իբրև թե ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` Մինգեչաուրի ՀԷԿ-ի վերաբերյալ արած հայտարարությանն ի պատասխան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, իբր Օհանյանը հայտարարել է Մինգեչաուրի ՀԷԿ-ի վրա հնարավոր հարձակման մասին, և սպառնում, թե հայկական կողմի գործողություններին իրենք ավելի կոշտ կպատասխանեն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մինգեչաուրի ջրամբարին օգոստոսի 7-ին հպանցիկ անդրադարձ է եղել ՀՀ կառավարության նիստին: Երբ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն առաջարկել է քաղպաշտպանության ծառայության չորս հազար հոգանոց խմբով աջակցել սահմանների պաշտպանությանը՝ հիմնավորելով, որ նույն կերպ վարվում է Ադրբեջանը, պաշտպանության նախարարն արձագանքել է` բացատրելով, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության զորքերը վերջին շրջանում հիմնականում պաշտպանում են Մինգեչաուրի ջրամբարը՝ մտավախություն ունենալով, որ հայկական կողմը կարող է այդտեղ գործողություններ իրականացնել։

Սերժ Սարգսյանը շարունակել է. «Ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին̀ աշխատանքից հետո, համակարգչային խաղերով կռիվ-կռիվ են խաղում: Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը̀ մեկ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվեր դնել և հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, և եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում»:

Անդրադառնալով վերջին օրերին, նախագահը նշել է, թե ադրբեջանցիներն ասում են, իբր գործողությունների արդյունքում հայկական զինված ուժերն ավելի շատ կորուստներ են ունեցել, որոնք թաքցնում ենք: Սերժ Սարգսյանը չի կարծում, թե հայ հասարակության մեջ կա գոնե մեկ մարդ, որը այդպես կարծի, քանի որ անհնար է թաքցնել զինվորի կորուստը.

«Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Մյուս կողմից ̀ իրենք փորձում են թաքցնել իրենց կորուստներն իրենց իսկ հասարակությունից, և ինչ-որ ժամանակ դա իրենց հաջողվում է: Նրանք այդ կորուստները ձգում են ժամանակի մեջ, և եթե այսօր նրանք ունեցել են, ենթադրենք, տասը զոհ, ապա այդ տասը զոհի մասին նրանք չեն հայտարարում: Տասը զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում: Եվ որպեսզի այստեղ ավելորդ խոսակցություններ չլինեն, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի հատուկ զբաղվեն և հրապարակեն մեր մամուլում՝ ինչպես մեր զոհերի անուն-ազգանունները̀ զինծառայողների նկատի ունեմ, այնպես էլ ադրբեջանական մահացած զինծառայողների անուն-ազգանունները, որպեսզի մարդիկ առարկայորեն տեսնեն̀ ով է ավելի շատ կորցրել և քանի անգամ:

Դրա նպատակն այն չի, որ մենք ուրախանում ենք: Անձամբ ես մեծ ուրախություն չեմ ապրում ադրբեջանցիների շատ կորուստներով: Հպարտության մեծ զգացումներ եմ ունենում մեր տղաների գործողությունների համար: Ինձ համար ամենակարևորն այն է, որ կորուստ չունենանք, կամ քիչ ունենանք: Իսկ թե նրանք ինչքան կորուստ կունենան, ինձ ամենաշատ հետաքրքրող հարցը չէ: Բայց իրենց հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է հասցնում այդ ոչ լուրջ վերաբերմունքը պատերազմի կամ միջադեպերի նկատմամբ: Պատերազմը վատ բան է: Միջադեպերն էլ լավ բան չեն, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք և, անշուշտ, մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր քաջ տղաների բարեկամներին, հարազատներին, երեխաներին, ծնողներին, ովքեր իրենց կյանքի գնով կարողացել են անել այնպես և նախկինում, և հիմա, որ մեր զինված ուժերի նկատմամբ մեր ժողովուրդն իր հավատը պահպանի»:

Նախագահն առաջարկել է ուշադիր ընթերցել վերջին տասն օրվա ընթացքում թե Ալիևի, թե իրենց պաշտպանության նախարարի ելույթները, բայց ոչ միայն դրանք, այլև նրանց հանդիպումների ժամանակ հնչած ելույթները:

«Դրանով պարզ կդառնա, որ, օրինակ, Աղդամի հանդիպման ժամանակ սկզբից բոլորն ասում էին, որ իրենք շատ քիչ կորուստներ են ունեցել, բայց այնտեղ ելույթ ունեցողներից մեկն ասաց՝ այն օրը մենք ունեցանք 12 զոհ: Ինչ ուզում ես արա, մեկ է՝ մի տեղից դուրս է գալիս: Երկար ժամանակ չես կարող այդ ստով կերակրել բոլորին»,- եզրափակել է երկրի ղեկավարը:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---