Ոչ մի օր առանց ձերբակալության. Ադրբեջանում 1937-ի բարքերն են տիրում

Ոչ մի օր առանց ձերբակալության. Ադրբեջանում 1937-ի բարքերն են տիրում

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակով: Նրա հայտարարությունը հրապարակվել է ԵԽ կայքում: «Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և խորը մտահոգություն հայտնել վերջին օրերին հայտնի իրավապաշտպանների ձերբակալության վերաբերյալ: Մենք պայմանավորվել ենք վերսկսել աշխատանքային խմբի գործունեությունը, որը բաղկացած է նախագահի աշխատակազմի ու քաղաքացիական հանրության ներկայացուցիչներից: Այն հիմնվել էր 2003-ին և գործել է մինչև 2008 թվականը: Աշխատանքային խմբի գործունեությունը կվերսկսվի ԵԽ ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել է Յագլանդը:

Նախօրեին տեղեկություններ են հայտնվել, որ ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, իմանալով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը խուզարկություն է սկսել Ազատության ու թղթակիցների անվտանգության ինստիտուտի կենտրոնակայանում, գնացել է ԱՄՆ դեսպանատուն և մինչ օրս այդ դիվանագիտական առաքելության տարածքում է գտնվում: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը՝ ադրբեջանական դիվանագիտական աղբյուրին հղումով: Ըստ կայքի, Հուսեյնովին մեղադրում են հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Մինչդեռ, Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ: «Վերջին շաբաթներին օր անգամ չի անցել առանց կեղծ մեղադրանքներով հայտնի հասարակական ու քաղաքական գործիչների ձերբակալությունների: Ռեժիմը գործի է դրել 1937-ի կանոնները, ահաբեկումը, Լեյլա Յունուսից ու նրա ամուսնուց հետո ձերբակալելով նաև Մարդու իրավունքների ակումբի ղեկավար Ռասուլ Ջաֆարովին, իսկ հետո նաև փաստաբան Ինթիգամ Ալիևին, ինչպես նաև Էմին Հուսեյնովին, իսկ նրա ՈԿԿ-ն ուղղակի փակեցին»,- հայտնում է Contact.az-ը:

Ըստ պորտալի, Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լսումներ են կազմակերպել «Դասական» Ժողովրդական ճակատի կենտրոնակայանում ակտիվիստների վերջին կալանավորումների կապակցությամբ: Հանդիպման մասնակիցները սատարել են քաղբանտարկյալներին, որոնք ցուցակը կազմել են Լեյլա Յունուսն ու Ռասուլ Ջաֆարովը: Ասվում էր, որ իշխանություններն համատարած հարձակում են սկսել քաղաքացիական հասարակության դեմ՝ նպատակ ունենալով լռեցնել տարբեր միջազգային ամբիոններից հնչող քննադատական ձայները: Ելույթներում ասվեց իշխանությունների հետապնդումներին զանգվածային դիմադրության կազմակերպման անհրաժեշտության մասին:

Ստրասբուրգում ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Ռասուլ Ջաֆարովն ու մի շարք իրավապաշտպաններ զեկուցել են Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին: Իսկ ԵԱՀԿ ԽՎ նիստում, որն անցավ Բաքվում մեկ ամիս առաջ, Ջաֆարովն ու մյուս ակտիվիստները հասարակական լսումներ էին կազմակերպել քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Այդ երկու միջոցառումները Բաքվում բացասական արձագանք ունեցան: Իշխանություններն ուղղակի «կատաղած են» Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցող նշանակելու ԵԽԽՎ որոշմամբ:

Ավելի վաղ ձերբակալվել էր Լեյլա Յունուսը: Նրան մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում նաև պետական դավաճանության մեջ: Ըստ Ադրբեջանի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի, 2014 թ. մայիսի 21-ի դրությամբ Ադրբեջանում քաղաքական հետապնդումների 130 զոհ կար՝ 41-ը խղճի և 89 քաղաքական բանտարկյալներ: Մինչդեռ Open Democracy կայքում հոդված հրապարակվեց այն մասին, որ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանները հետապնդումների են ենթարկվում, սակայն «խավիարային քաղաքականության» շնորհիվ, դա ներվում է իշխանություններին: Հոդվածի հեղինակներն են իրավապաշտպաններ Դոմինիկա Բիչավսկա-Սինյարսկան և Ադամ Բոդնարը:

Ըստ հոդվածագիրների, ձերբակալելով հայտնի իրավապաշտպանների, բռնակալ Իլհամ Ալիևը արմատախիլ է անում քաղաքացիական հասարակությունն իր երկրում:

Հրապարակման մեջ ասվում է, որ վերջերս Ադրբեջանում ձերբակալվեցին իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները, Հասան Հուսեյնլին, Ռասուլ Ջաֆարովը, Ինթիգամ Ալիևը: «Ակնհայտ է, որ մեղադրանքներն այդ մարդկանց դեմ կեղծ են»,-նշում են հեղինակները:

Բացի այդ, իրավապաշտպանները հայտնում են, որ Ադրբեջանում հետաքննություն է սկսվել 21 հասարակական կազմակերպությունների վերաբերյալ: Նրանց մեղադրում են հարկերից խուսափելու և այլ տնտեսական հանցագործությունների մեջ:

Ադրբեջանի աշխարհաքաղաքական վիճակն ու էներգառեսուրսները ստիպում են Արևելքին աչք փակել այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակին,-նշում են հեղինակները: «Եվրոպական երկրներից շատերը գիտեն Ադրբեջանում իրավիճակի մասին, սակայն, գերադասում են լռել, նույնիսկ այն դեպքերում, երբ Իլհամ Ալիևն ավելի է խստացնում հետապնդումները: Քաղաքական գործիչները գերադասում են սպասել միջազգային կազմակերպությունների գործողություններին, գիտենալով, որ դա արդյունավետ չէ»,- ասվում է հոդվածում:

Ըստ հեղինակների, քանի որ Ադրբեջանը հարուստ է նավթով ու գազով, որոշ եվրոպական երկրների համար այն այլընտրանք է ռուսական առաքումներին: Ադրբեջանը նաև դիմում է «խավիարային դիվանագիտությանն», օգտագործելով բոլոր միջոցներն արևմտյան գործընկերներին հաճոյանալու համար ու միջազգային իմիջի բարելավման նպատակով ներդրումներ անելով:

Ըստ հրապարակման, Իլհամ Ալիևի խոսքը ԵԽԽՎ-ում 2014-ի հունիսին բավականին ծիծաղաշարժ էր, հատկապես, երբ նա փորձում էր համոզել խորհրդարանականներին, որ Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Ալիևն օգտվում է այն հանգամանքից, որ աշխարհի ուշադրությունը գամված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ու արաբա-իսրայելյան հակամարտությանը: «Ձերբակալելով ակտիվիստներին ու արգելելով նրանց հեռանալ երկրից, նա ջանում է կասեցնել եվրոպական հանրության իրազեկումը քաղբանտարկյալների խնդրին, մարդու իրավունքների խախտումներին ու կոռուպցիային»,-ասվում է հոդվածում:

Իրավապաշտպանները նշում են, որ իրենք կոչ չեն անում ԵՄ-ին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Սակայն, ըստ նրանց, Եվրոպայի պարտքն է պաշտպանել երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստներին, որոնք տոգորված են ազատության, հանդուրժողականության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների գաղափարներով: «Լռությունը դավաճանություն է մեր ժողովրդավարական արժեքներին»,-ասում են հոդվածի հեղինակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---