Յունուսը ժամանակին Թետչերի անձնական թարգմանիչն էր. Հարազատները ՄԲ կառավարությանը խնդրում են միջամտել

Յունուսը ժամանակին Թետչերի անձնական թարգմանիչն էր. Հարազատները ՄԲ կառավարությանը խնդրում են միջամտել

PanARMENIAN.Net - Բանտում գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ընտանիքը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ նրա ազատ արձակմանը նպաստելու խնդրանքով:The Telegraph-ը գրում է, որ ազդեցիկ իրավապաշտպան լինելուց բացի, Յունուսը մեկ անգամ եղել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի անձնական թարգմանիչը:

Պարբերականը նշում է, որ Յունուսի ամուսնու եղբայրը՝ Ռամիս Յունուսը, դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու British Petroleum ընկերությանը՝ կոչ անելով միջամտել և ապահովել նրա և նրա եղբոր ազատ արձակումը:

«Կոչ եմ անում BP-ին և բրիտանական կառավարությանը խոսել և հարկ եղած դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով ազատել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Լեյլային և եղբորս»,- նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ Մարգարետ Թետչերը կդատապարտեր Լեյլա և Արիֆ Յունուսների ձերբակալությունը.

«Թետչերը նրան անձամբ գիտեր, և հիմա հաստատ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու քաղաքական և տնտեսական միջոցներ էր գտել»:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

58-ամյա Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---