Նախագահ. Ալիևի ռազմատենչ հայտարարություններին ՀԱՊԿ-ը համապատասխան չի արձագանքում

Նախագահ. Ալիևի ռազմատենչ հայտարարություններին ՀԱՊԿ-ը համապատասխան չի արձագանքում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է աշխատանքային այցով ՀՀ ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանրապետության նախագահը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որը կրում է նպատակային բնույթ և կապված է վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ: Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ամեն կերպ սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ձևավորված անվտանգության փխրուն համակարգը: Մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը՝ Ադրբեջանը վնասում է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որոնք դրսևորվում են տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին: Իլհամ Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները:

Նախագահի խոսքով, որպես արդյունք, Ադրբեջանը շարունակում է հրահրել իրավիճակի լարումը և ձեռնարկում է սադրիչ գործողություններ` կոպտորեն խախտելով հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունը և միջազգային հումանիտար իրավունքի կանոնները: Դրա վառ վկայությունն ադրբեջանական կողմին գերի ընկած Կարեն Պետրոսյանի սպանությունն էր:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստման շրջանակներում ինքն այսօր զբաղվում է անվտանգության տեսանկյունից ՀԱՊԿ անդամ պետությունների առջև ծառացած առավել սուր խնդիրների ուսումնասիրմամբ, որոնք, նրա խոսքով, մի քանիսն են, այդ թվում՝ ամռանը հիշյալ լարվածության շիկացման հետ կապված իրավիճակը: Հիշատակելով այդ իրադարձությունների հետ կապված ՀԱՊԿ խորհրդի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի անցկացրած հանդիպումները, Նիկոլայ Բորդյուժան կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում անհրաժեշտ է զեկուցել և քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են լրջորեն ազդել Կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա:

Նիկոլայ Բորդյուժային ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը՝ որպես իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, և այսուհետ ևս կշարունակի հետևողական ջանքերի գործադրումը՝ կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի 2013-ի սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով գործակցության մեխանիզմների ամրապնդումը: Հանդիպմանը անդրադարձել են նաև առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---