Պենտագոնը կհամոզի՞ Թուրքիային Ինջիրլիկ ռազմակայանն օգտագործել իսլամիստների դեմ

Պենտագոնը կհամոզի՞ Թուրքիային Ինջիրլիկ ռազմակայանն օգտագործել  իսլամիստների դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից ԱՄՆ զինված ուժերին ամենագործուն աջակցությունը կլիներ ՌՕՈւ Ինջիրլիկ ռազմակայանի տրամադրումը «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ գործողությունների համար, ինչպես նաև աջակցությունը այսպես կոչված «չափավոր սիրիական ուժերին» պատրաստության ու զինման գործում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Կոլումբիա այցի ժամանակ:

Ըստ ՊՆ ղեկավարի, ԱՄՆ ներկայացուցիչներն այդ հարցը կարծարծեն թուրքական կողմի հետ կայանալիք բանակցություններում: «Անկարան ունի ռազմական պոտենցիալ, որն օգտակար կլինի ԻՊ գրոհայինների դեմ պայքարում»,-հայտնել է Հեյգելը:

Նա նշեց, որ չնայած Թուրքիայի համառ պահանջներին թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի հաստատելու մասին, Վաշինգտոնը այժմ «ակտիվորեն չի քննարկում այդ հարցը»: Սակայն, նշել է Պենտագոնի ղեկավարը, ամերիկյան կողմը պատրաստ է նման միջոցների քննարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմին ու ԻՊ կազմակերպությանը: Ըստ նրա, Սիրիայի բոլոր խնդիրների հիմնական պատճառը երկրի կառավարությունն է:

Նա նաև հերքել է ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Ղըլիչդարօղլուի խոսքերն այն մասին, որ կառավարությունը սատարում է ԻՊ գրոհայիններին:

Ըստ վարչապետի, եթե Ղըլիչդարօղլուն ապացույցներ ունի, թող ներկայացնի հանրությանը:

Նախօրեին ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը սատարում է Սիրիայում և Իրաքում ԻՊ գրոհայիններին:

Մինչդեռ, Թուրքիայում շարունակվում են խոշոր ցույցերը, բախումների հետևանքով 24 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել: Քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը երկրի տարբեր շրջաններում ցույցեր է կազմակերպել՝ դատապարտելով թուրքական կառավարությանը ԻՊ չհակազդելու համար:

Սակայն Անկարան չի շտապում փրկել սիրիացի քրդերին, չնայած որ թույլտվություն ունի զորքեր օգտագործել իսլամիստների կողմից Կոբանի գրավումը կանխելու համար: Հավանաբար, նախագահ Էրդողանը այլ շահեր է հետապնդում: «Էրդողանը սպասում է, որ ԻՊ-ն, քրդերը, որոնք մշտական գլխացավանք են Թուրքիայի համար իրենց անկախության պահանջով, ինչպես նաև վաղեմի հակառակորդ Սիրիայի նախագահ Ասադը փոխադարձաբար թուլացնեն միմյանց: Եվ այն ժամանակ Անկարան կսատարի ու կուժեղացնի զինված ընդդիմությունն Ասադին»,-հայտարարել է թուրքագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Ուստի Էրդողանը հայտարարեց, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ):

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---