Ադրբեջանը «խիստ վիրավորված է». Բաքուն կոչ է անում ԱՄՆ-ին «քիթը չխոթել ուրիշի գործերի մեջ»

Ադրբեջանը «խիստ վիրավորված է». Բաքուն կոչ է անում ԱՄՆ-ին «քիթը չխոթել ուրիշի գործերի մեջ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը խիստ «վիրավորվել է» ԱՄՆ քննադատությունից մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, մասնավորապես, Լեյլա Յունուսի հարցում, որը շարունակում է կալանքի տակ մնալ մինչ դատը, առանց բուժօգնության, չնայած վատթարացող առողջությանը:

Ի պատասխան ամերիկյան քննադատությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ տառացիորեն կոչ է անում «քիթն ուրիշի գործերի մեջ չխոթել»:

Այդպես, ըստ ԱՊԱ գործակալության, ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Հիքմետ Հաջիևը ի պատասխան ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հայտարարությանն ասել է, որ «երկրի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ մշտական փորձերն անթույլատրելի են»:

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանում «ապահովված է օրենքի գերակայությունն ու դատաիրավական համակարգի անկախությունը»: «Նման անհիմն միջատությունը օրենքի գերակայության և ԱՄՆ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է: Արտաքին քաղաքականության գործիքի վերածված մարդու իրավունքների հարցը, որով փորձ է արվում քաղաքական ճնշում գործադրել, վաղուց արդեն կորցրել է քաշը: Մոտեցումը մարդու իրավունքներին քաղաքական մտայնությունների, ընտրական կամ այլ երկակի չափանիշներով, անթույլատրելի է»:

Բնականաբար Ադրբեջանի ԱԳՆ-ում չէին կարող բաց թողնել «անարդարացիորեն վիրավորվածի» իր դժբախտ ճակատագրից բողոքելու առիթը: «Գովելի կլիներ, եթե որպես մարդու իրավունքների պաշտպան հանդես եկող պետություններն, այս դեպքում կոնկրետ ԱՄՆ-ն, ավելի շատ ուշադրություն դարձնեին ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների իրավունքների վրա…»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին հայտարարեց, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին բուժօգնություն տրամադրել Յունուսին, ինչպես նաև ավելի բարվոք պայմաններ: Պետդեպը նաև կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրանց, ով բանտում է հայտնվել իր քաղաքացիական իրավունքների իրացման հետևանքով, և առաջին հերթին առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ներառյալ Յունուսին և նրա ամուսնուն՝ Արիֆին: «Ադրբեջանի շահերից է բխում ապացուցել, որ երկրի քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները պաշտպանված են»,-ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը նախկինում ևս քննադատվել է ԱՄՆ կողմից մարդու իրավունքները խախտելու համար: Մասնավորապես, նախագահ Օբաման մի քանի շաբաթ առաջ հիշատակեց Ադրբեջանն այն երկրների թվում, որտեղ ՈԿԿ-ների աշխատանքը գրեթե անհնար է իշխանությունների ճնշման պատճառով:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը ձերբակալվել են լրտեսության մեղադրանքով: Նրանց ձերբակալությունն ամենաաղմկահարույցն էր ձերբակալությունների և դատական գործերի շարքում, որոնց արդյունքում ԶԼՆ_ներն ու ՈԼԼ-ներն Ադրբեջանում փաստացաի ջախջախվեցին:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---