ԱՄՀ. 2015-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 3,5%-ը

ԱՄՀ. 2015-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 3,5%-ը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)` Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում տիրող տնտեսական կացությանը նվիրված զեկույցի համաձայն՝ 2014-2015 թվականներին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական սեկտորի աճի տեմպերը Հայաստանում չեն գերազանցի 3,5 տոկոսը: Ընթացիկ տարվա վերջնական արդյունքով, ԱՄՀ զեկույցի համաձայն, Հայաստանում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը կկազմի 3,2, իսկ 2015 թվականին` 3,5 տոկոս:

Նույն զեկույցի համաձայն՝ Վրաստանում ցուցանիշը հաջորդ տարի կազմելու է մինչև 5, Ադրբեջանում` մոտ 4,5%: Նշվում է, որ կանխատեսումների վրա ազդող հիմնական գործոններից մեկը ռուս - ուկրաինական հարաբերությունների շուրջ առկա աշխարհքաղաքական ռիսկերն են. Ռուսաստանում տնտեսական աճի հետագա դանդաղումն ու ստեղծված իրավիճակի հետագա սրացումը ի վերջո կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի պետությունների տնտեսությունների վրա:

Հայաստանի վրա ներազդող հիմնական գործոնը, զեկույցի հեղինակների գնահատմամբ, կարող է դառնալ Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների ծավալի նվազումը:

Ռուբլու փոխարժեքի նվազումը ու խնդիրները ռուսական տնտեսության մեջ բացասական միտումներ են առաջացնում նաև Հայաստանի տնտեսության համար, որը մասնավորապես մեծ կախվածություն ունի դրամական փոխանցումներից Ռուսաստանից: Բարդությունները ՌԴ տնտեսության մեջ առաջին հերթին անդրադառնում են դրամական փոխանցումների քանակի վրա, որոնք սեպտեմբերին 2013-ի սեպտեմբերի համեմատ նվազել են 8,7 տոկոսով՝ 153,3 մլն դոլար նախորդ տարվա 167,7մլն դոլարի դիմաց: Անկման միտումը շարունակվում է արդեն երրորդ ամիսը՝ 2014-ի հուլիսին ստացվել է մոտ 169 մլն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ անկումը կազմել է 6,6 տոկոս: Իսկ օգոստոսին Ռուսաստանից փոխանցվել է 161 մլն դոլար, անկումը մեկ ամսում կազմել է 4,2 տոկոս նախորդ տարվա օգոստոսի 7 տոկոսի համեմատ:

ԱՄՀ մասնագետները սակայն կարծում են, որ Ռուսաստանում ստեղծված ոչ բարենպաստ կացությունը միակ գործոնը չի լինի, որ կազդի հայաստանյան տնտեսության աճի տեմպերի վրա. «Ներքին ասպարեզում առկա ռիսկերից հարկավոր է նշել հատկապես այն հապաղումն ու խուսանավումները, որ առկա են աճի տեմպերին նպաստող համակարգային բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»:

Նույն խնդիրն առկա է նաև Ադրբեջանում, Ղազախստանում և Ուզբեկստանում:

Հայաստանի պարագայում, ԱՄՀ-ի մասնագետների համոզմամբ, կան նաև որոշ գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մեղմել ընդհանուր բացասական միտումները. «Եվրոբոնդերի թողարկումը, ինչպես նաև անցած տարի Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագրերը կարող են նվազեցնել կառավարության վրա ֆինանսական ճնշման, ինչպես նաև՝ էներգակիրների վրա ծախսերի հնարավոր աճի վտանգը»:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները չեն բացառում, որ Հայաստանի և Ղրղըզստանի` Եվրասիական տնտեսական միությանն առաջիկա անդամակցումը կարող է որոշակի դրական ազդեցություն թողնել. «Խոսքը նախևառաջ դեպի տարածաշրջանային մեծ շուկա մուտքի հնարավորության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից որոշ հավելյալ ծրագրերի հնարավոր ֆինանսավորման մասին է: Դրա հետ մեկտեղ, հավելյալ բանակցություններ կպահանջվեն, որպեսզի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը հակասության մեջ չմտնի այդ պետության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների հետ»:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---